Հայ-ռուսական հարաբերությունները շարունակում են կարևոր մնալ երկու երկրների համար և պահպանում են դաշնակցային կարգավիճակը։ Այս մասին Հայ-ռուսական համալսարանի (ՀՌՀ) ուսանողների հետ հանդիպման ժամանակ հայտարարել է Հայաստանում Ռուսաստանի Դաշնության արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինը։
«Աշխարհն ու տարածաշրջանը շատ արագ են փոխվում, հարաբերություններն էլ անխուսափելիորեն պետք է ի հայտ եկող մարտահրավերների ու խնդիրների միջոցով հարմարվեն այդ փոփոխություններին։ Համոզված եմ՝ հարաբերություններն ավելի մեծ հասունություն, ինչ-որ տեղ ավելի շատ պրագմատիզմ են ստանում՝ հաշվի առնելով գործնական արդյունքները։ Դա նորմալ է», – նշել է Կոպիրկինը։
Դիվանագետի խոսքով՝ ինտեգրացիոն գործընթացները շարունակում են առանցքային դեր խաղալ Մոսկվայի և Երևանի միջև համագործակցության ամրապնդման գործում: Մասնավորապես, նա ուշադրություն է հրավիրել Եվրասիական տնտեսական միության նշանակության վրա՝ այն համարելով երկրների կայունության և անվտանգության զարգացման շատ կարևոր գործոն:
Կոպիրկինը նաև ընդգծել է, որ երկկողմ հարաբերությունների իրավական հիմքը մնում է անփոփոխ: Բազմաթիվ պայմանագրերով և համաձայնագրերով ամրագրված փոխադարձ պարտավորություններն ուժի մեջ են:
«Ռուսաստանը ելնում է նրանից, որ իրավապայմանագրային փաստաթղթերով մեզ կապող բոլոր պարտավորությունները, իսկ դրանց թիվը կազմում է շուրջ 200, մնում են ուժի մեջ», – հավաստիացրել է դեսպանը:
Նա ընդգծել է, որ Ռուսաստանի համար կարևոր է կայուն և անվտանգ Հարավային Կովկասը: Մոսկվան հասկանում է, որ տարածաշրջանում կան երրորդ երկրների լուրջ շահեր և նրանց հետ նույնպես երկխոսություն է վարում։
Sputnik Արմենիա