Ռուսաստանի հայ համայնքի ներկայացուցիչները ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանից պահանջում են անհապաղ դադարեցնել Մայր աթոռ Սուրբ Էջմիածնի և Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ի դեմ իրականացվող հակաիրավական գործողությունները: Այս մասին ասվում է Ռուսաստանի գիտության և մշակույթի հայտնի հայ գործիչների հայտարարության մեջ։
Հայտարարության հեղինակները մտահոգություն են հայտնում Հայաստանի իշխանությունների հակաեկեղեցական գործունեության կապակցությամբ` նշելով, որ չի պահպանվում Սահմանադրությունը, խախտվում են Հայ առաքելական եկեղեցու իրավունքները, ոտնահարվում են ժողովրդավարական արժեքները, խղճի ազատության և մարդու իրավունքների պաշտպանության մասին օրենքները:
«Հոգևորականների, ազգային բարերարի և Հայ առաքելական եկեղեցու հավատարիմ զավակների կալանավորումները, հավատացյալների զգացմունքների նկատմամբ անհարգալից վերաբերմունքը կործանարար հարվածներ են հասցնում ազգի միասնականությանը, շփոթություն և պառակտում են մտցնում հայ հասարակության մեջ», – ասվում է հայտարարության մեջ:
Ընդգծվում է, որ Լեռնային Ղարաբաղի հայաթափմամբ պայմանավորված՝ Արցախի եկեղեցիներն ու ժողովուրդը հայտնվել են աննախադեպ փորձությունների առջև, և հայ հասարակությունը պետք է պահպանի հանգստություն և միասնականություն, դրսևորի տոկունություն՝ մերժելով սուտն ու սադրիչ կոչերը, հավատարիմ մնա իր հոգևոր-բարոյական ավանդույթներին և մշակութային արմատներին:
Ռուսաստանի հայ համայնքի ներկայացուցիչները կոչ են անում ազատ արձակել Հայ առաքելական եկեղեցու բարձրաստիճան հոգևորականներին և կողմնակիցներին, հայրենակիցներին հորդորում են դրսևորել վճռականություն և ամուր պահելու հոգևոր ժառանգությունը, ավանդական արժեքներն ու ազգային հիմքերը, որոնց խորհրդանիշը համայն հայությունը համախմբող Մայր աթոռ Սուրբ Էջմիածինն է՝ Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդի առաջնորդությամբ:
Sputnik Արմենիա
