Логотип

ՌԴ հետախուզություն․ Բրիտանիան և Ֆրանսիան մտադիր են Ուկրաինային զինել միջուկային զենքով

Մեծ Բրիտանիան և Ֆրանսիան դիտարկում են Ուկրաինային միջուկային զենք փոխանցելու հնարավորությունը։ Այս մասին հայտարարել է ՌԴ արտաքին հետախուզության ծառայությունը։

Գերատեսչության տվյալներով՝ Լոնդոնն ու Փարիզը գիտակցում են, որ Ուկրաինայում իրավիճակի զարգացումը շանսեր չի թողնում Ռուսաստանի նկատմամբ Ուկրաինայի ԶՈւ–ի ուժերով հաղթանակ տանելու համար, սակայն պատրաստ չեն հաշտվել պարտության հետ։ Այս առումով, պնդում է գերատեսչությունը, արևմտյան էլիտաները անհրաժեշտ են համարում Կիևին զինել այնպիսի զենքով, որը թույլ կտար Ուկրաինային ռազմական գործողությունների ավարտի ավելի բարենպաստ պայմաններ ակնկալել։

«Կիևը կկարողանա ռազմական գործողությունների ավարտի ավելի բարենպաստ պայմանների հավակնել, եթե ատոմային ռումբ կամ առնվազն այսպես կոչված կեղտոտ ռումբ ունենա», – ասվում է հաղորդագրության մեջ։

Ինչպես նշել են ԱՀԾ–ում, Լոնդոնն ու Փարիզն այժմ դիտարկում են Կիևին միջուկային զենքի և դրա առաքման միջոցների հնարավոր փոխանցման հարցերը։ Մասնավորապես քննարկվում է եվրոպական բաղադրիչների, սարքավորումների և տեխնոլոգիաների գաղտնի փոխանցման տարբերակը։ Որպես հնարավոր լուծումներից մեկը նշվում էM51.1 սուզանավի բալիստիկ հրթիռի ֆրանսիական TN75 փոքր մարտագլխիկը։

Միևնույն ժամանակ, ԱՀԾ–ի տվյալներով, Մեծ Բրիտանիան և Ֆրանսիան գիտակցում են, որ նման քայլերը միջազգային իրավունքի, ու առաջին հերթին՝ Միջուկային զենքի չտարածման մասին պայմանագրի կոպիտ խախտում կլինեին և կարող էին խաթարել չտարածման գլոբալ համակարգը։ Հետևաբար, հիմնական ջանքերն ուղղված են նրան, որ Կիևի մոտ միջուկային զենքի հայտնվելը ներկայացվի որպես Ուկրաինայի սեփական մշակումների արդյունք։

Գերատեսչությունը նաև հայտնել է, որ Գերմանիան հրաժարվել է մասնակցել այս ծրագրերին։

«Բեռլինը շրջահայացորեն հրաժարվել է մասնակցել այս վտանգավոր արկածախնդրությանը», – նշել են գերատեսչությունից։

Ռուսական հետախուզությունն ընդգծել է, որ նման ծրագրերը վկայում են բրիտանական և ֆրանսիական ղեկավարության շրջանում «իրականության զգացումը կորցնելու» մասին։ ԱՀԾ–ից հավելել են, որ Կիևին միջուկային զենքի հնարավոր փոխանցման պատասխանատվությունից խուսափելու փորձերը ձախողման են դատապարտված։

«Այնտեղ պատասխանատվությունից խուսափելու իզուր հույսեր ունեն։ Առավել ևս, որ ցանկացած գաղտնի բան անխուսափելիորեն կբացահայտվի», – ասվում է հաղորդագրության մեջ։

Sputnik Արմենիա