Логотип

ՌԴ-ն Հայաստանի երկաթուղու կառավարումը Ղազախստանին հանձնելու հարցով բանակցություն չի վարում

Ռուսաստանը Հայաստանի երկաթուղու կառավարման կոնցեսիան Ղազախստանին հանձնելու շուրջ բանակցություններ չի վարում: Միջազգային տրանսպորտային-լոգիստիկ համաժողովի նախաշեմին ՌԻԱ Նովոստիին տված հարցազրույցում այս մասին ասել է ՌԴ տրանսպորտի նախարար Անդրեյ Նիկիտինը:

Ավելի վաղ ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության անդամ Գառնիկ Դանիելյանը, անդրադառնալով մարտի 23-ին տեղի ունեցած Փաշինյան-Պուտին հեռախոսազրույցին, նշել էր, թե իր տեղեկություններով՝ հիմա քննարկվում է հայկական երկաթուղին ղազախական ընկերությանը կոնցեսիոն կառավարման հանձնելու հարցը։ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը մարտի 26-ին հայտնել էր, որ Երևանը դեմ չէ Հայաստանի երկաթուղին ղազախական կոնցեսիոն կառավարման հանձնելու տարբերակին, եթե այդ հարցում համաձայնություն ձեռք բերվի Ռուսաստանի հետ:

«Նախ մենք չենք ծրագրում որևէ մեկին կոնցեսիա տալ, և երկրորդ՝ Հայաստանի մեր գործընկերները այդ հարցերը պաշտոնական մակարդակով չեն քննարկել մեզ հետ», – պատասխանել է Նիկիտինը։

Նա բացասական պատասխան է տվել այն հարցին, թե արդյոք Ռուսաստանը Ղազախստանի հետ բանակցել է այդ թեմայով։

«Իհարկե ոչ», – ասել է ՌԴ տրանսպորտի նախարարը։

Sputnik Արմենիա