ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան մեկնաբանել է լրագրող Դմիտրի Սելեզնևի համար Հայաստան մուտք գործելու արգելքը:
Ավելի վաղ հաղորդվել էր, որ Սելեզնյովին, որն ընտանիքի հետ հանգստի էր մեկնել Հայաստան, թույլ չեն տվել երկիր մտնել:
Զախարովան հիշեցրել է որ Հայաստանի ներկայիս ղեկավարությունն իշխանության է եկել խոսքի ազատության, կարծիքի արտահայտման, թափանցիկության համար պայքարի ալիքի վրա:
«Եվ տեսեք, թե ուր է հասել։ Այո, իսկապես մենք ուշադրություն ենք դարձրել, որ Դմիտրի Սելեզնյովին արգելել են մուտք գործել Հայաստան։ Մտահոգիչ է այն փաստը, որ տեղեկություններ չկան, թե երբ է լրանում սահմանափակումների ժամկետը, և թե արդյոք լրագրողը մեղադրվում է հանրապետության տարածքում որևէ հանցագործության մեջ, արդյոք նա կարող է հույս ունենալ, որ արգելքը կվերացվի»,-ասել է ռուս դիվանագետը։
Հայտնի է, որ 2020 թվականին Սելեզնյովը ռեպորտաժներ է պատրաստել Լեռնային Ղարաբաղի հակամարտության մասին։ Զախարովայի խոսքով՝ միանգամայն անհասկանալի է, թե նա ինչն է սխալ արել։
«Երևանում մեր դեսպանատան գծով մենք տեղեկություն ենք խնդրել այդ որոշման վերաբերյալ և հուսով ենք, որ դա կապված չէ Սելեզնևի լրագրողական գործունեության հետ։ Որովհետև դա չէր տեղավորվի հանրապետության, որպես իրավական, ժողովրդավարական պետության՝ Հայաստանի իշխանությունների կողմից առաջ մղվող կերպարի մեջ։ Մամուլի ազատությունը, ինչպես հայտնի է, ցանկացած ժողովրդավարության անսասան սկզբունքներից է»,-ասել է Զախարովան։
Հիշեցնենք, որ Դմիտրի Սելեզնյովը մի քանի անգամ այցելել է Լեռնային Ղարաբաղ, 2020 թվականի 44-օրյա պատերազմի ժամանակ աշխատել որպես ռազմական թղթակից և պարբերաբար այցելել է Հայաստան՝ քաղաքական իրադարձությունները լուսաբանելու։
Sputnik Արմենիա
