Логотип

ՌԴ-ն և ՄԱԿ-ն ամփոփել են Հայաստանում համատեղ իրականացվող նախագծերի արդյունքները

ՄԱԿ-ի շրջանակում ռուս-հայկական համագործակցությունը դարձել է հոկտեմբերի 28-ին Հայ-ռուսական համալսարանում կայացած համաժողովի առանցքային թեման:

ՄԱԿ-ի 80-ամյակին նվիրված միջոցառումը կազմակերպել են Ռուսաստանի դեսպանությունը, Հայաստանում ՄԱԿ-ի մշտական համակարգողի գրասենյակը և Երևանում Ռուսական տունը: Քննարկմանը մասնակցել են ՀՀ ԱԳՆ–ի, ՄԱԿ-ի կառույցների, դիվանագիտական կորպուսի, գիտական շրջանակների և ուսանողության ներկայացուցիչներ:

Հայաստանում Ռուսաստանի դեսպան Սերգեյ Կոպիրկինը կարևորել է ՄԱԿ-ի ներդրումը համաշխարհային կայունության ամրապնդման գործում և նշել Մոսկվայի և Երևանի սերտ փոխգործակցությունը միջազգային հարթակներում: Նա Հայաստանին երախտագիտություն է հայտնել ռուսական նախաձեռնություններին աջակցելու համար, որոնք ուղղված են նաև պատմական ճշմարտության պաշտպանությանը։

ՀՀ ԱԳՆ մարդու իրավունքների և հումանիտար հարցերի վարչության պետ Կարինե Սուջայանն ասել է, որ Հայաստանը մտադիր է ՄԱԿ-ի շրջանակում ակտիվորեն առաջ տանել հավասարության և ներառականության թեմաները: Նա հիշեցրել է, որ 2026 թվականի հոկտեմբերին Հայաստանում նախատեսվում է անցկացնել ՄԱԿ-ի Կենսաբանական բազմազանության մասին կոնվենցիայի կողմերի 17-րդ համաժողովը։

Հայաստանում ՄԱԿ-ի մշտական համակարգող Ֆրանսուազ Ժակոբը նախանշել է երկրում ՄԱԿ-ի աշխատանքի առաջնային ուղղությունները՝ կարևորելով կազմակերպության դերը գլոբալ խնդիրների լուծման գործում՝ սկսած առողջապահությունից և կրթությունից մինչև պարենային անվտանգություն և սոցիալ-տնտեսական զարգացում:

Համաժողովի ընթացքում ներկայացվել են նաև Հայաստանում կայուն դպրոցական սննդի համակարգի զարգացման վերաբերյալ ՄԱԿ-ի Պարենի համաշխարհային ծրագրի` ՌԴ–ի կողմից հովանավորվող նախագծի արդյունքները: 2010-2024 թվականներին իրականացվել է ծրագրի չորս փուլ՝ 43 մլն դոլար արժողությամբ, իսկ այս տարի մեկնարկել է հինգերորդը, որը ֆինանսավորումը (ավելի քան 25 մլն դոլար) իրականացնում է Ռուսաստանը։

Sputnik Արմենիա