Логотип

ՌԴ-ում հետախուզում են հայտարարել Արցախի նախագահի հատուկ հանձնարարությունների գծով նախկին ներկայացուցչի նկատմամբ

Սանկտ Պետերբուրգի Կրոնշտադտի շրջանային դատարանը հետախուզում է հայտարարել Ռոսռեեստրի և Ռոսիմուշչեստվոյի տարածաշրջանային վարչությունների նախկին պաշտոնյա Բորիս Ավագյանի նկատմամբ, որը մեղադրվում է մաքսատուրքերից խուսափելու գործով, ՌԲԿ-ին հայտնել է Սանկտ Պետերբուրգի դատարանների միացյալ մամուլի ծառայության ղեկավար Դարյա Լեբեդևան։ Նա փախել է դատարանի շենքից։

Սանկտ Պետերբուրգի իրավապահ մարմինների աղբյուրը ՌԲԿ-ին հայտնել է, որ Ավագյանն այժմ թաքնվում է Վասիլևսկի կղզու Բոլշոյ պողոտայում գտնվող Հայաստանի հյուպատոսարանում: Տեղական դատախազությունը պահանջում է նրա արտահանձնումը:

Ավագյանի և մի քանի այլ անձանց դեմ գործը դատարանում քննվում է 2024 թվականի ապրիլից։ Ընդհանուր առմամբ, ներգրավված է 21 անձ։

Այս տարվա օգոստոսի 22-ին մեղադրյալը պայմանագիր է կնքել Պաշտպանության նախարարության հետ, նրա գործը կասեցվել է, իսկ Ավագյանը ազատ է արձակվել կալանքից, բացատրել է Լեբեդևան։

«Այսօր հայցադիմում է ներկայացվել գործը վերսկսելու համար՝ կապված այդ պայմանագրի լուծման, ինչպես նաև Ավագյանի՝ հատուկ ռազմական գործողության գնալուց խուսափելու հետ։ Դատական նիստում հայցադիմումը քննվել է, ինչպես նաև քննվել է խափանման միջոցի հարցը։ Դատարանը հեռացել է խորհրդակցական սենյակ՝ որոշում կայացնելու համար։ Այդ ընթացքում Ավագյանը լքել է դատարանի շենքը և թաքնվել»,- պատմել է նա։ Դատարանը որոշում է կայացրել գործը վերսկսելու և գործի մեղադրյալին կալանավորելու մասին։

47News-ը հայտնել է, որ Հայաստանի 43-ամյա քաղաքացի Ավագյանը փախել է նիստի ընդմիջման ժամանակ։ Նա ծխելու թույլտվություն է խնդրել պահակախմբից, որից հետո անհետացել է։ Ըստ պորտալի՝ Ավագյանը թաքնվել է Սանկտ Պետերբուրգում Հայաստանի հյուպատոսարանում, սակայն դիվանագիտական ներկայացուցչությունից դա չեն հաստատել։ Ինչպես հայտնել է պարբերականը, նախկին պաշտոնյան ձերբակալվել էր սեպտեմբերի 17-ին՝ Սանկտ Պետերբուրգի կենտրոնում։

Ինքը՝ Ավագյանը, «ՓաստԻնֆո»-ին հայտնել է, որ գտնվում է Սանկտ Պետերբուրգի հյուպատոսարանում։ «Վերջին մեկ ամսվա ընթացքում ինձ ձերբակալել են ՌԴ ոստիկանության հատուկ գնդի աշխատակիցները, տարել ոստիկանություն փաստաթղթերս ստուգելու համար, որովհետև Հայաստանը ինձ հետախուզում էր հայտարարել»,- հայտարարել է նա։ Ըստ նրա՝ ինքը ցանկանում է, որ իրեն արտահանձնեն Հայաստան, որտեղ նա հետախուզվում է պետական սահմանն ապօրինի հատելու և փողերի լվացման համար։ «Թող ձերբակալեն և հետաքննություն իրականացնեն, իսկ հետո դատարանը թող որոշի՝ ես մեղավոր եմ, թե ոչ»,- ասել է Ավագյանը։

ՌԲԿ-ն կապ է հաստատել Ռուսաստանի քննչական կոմիտեի և Սանկտ Պետերբուրգում գտնվող Հայաստանի հյուպատոսության հետ՝ մեկնաբանություն ստանալու համար։

Անցյալ ապրիլին «Կոմերսանտ» թերթը հաղորդել էր, որ գլխավոր դատախազությունը քրեական գործ է հարուցել Սանկտ Պետերբուրգի Կրոնշտադտի շրջանային դատարան Ավագյանի և մի քանի այլ անձանց դեմ, որոնք մեղադրվում են ավելի քան 4,2 միլիարդ ռուբլի ընդհանուր գումարի մաքսային տուրքերից խուսափելու մեջ: Գործը վերաբերում է 2014-2015 թվականներին Ռուսաստան կենցաղային ապրանքների ներմուծմանը, որոնք քողարկվել էին որպես ավելի էժան շինանյութեր:

Նախկին պաշտոնյան առաջին անգամ մաքսանենգության գործով ձերբակալվել էր Մոսկվայում՝ 2016 թվականի հուլիսին, այնուհետև նրան տնային կալանքի տակ էին դրել, սակայն նա փախել էր Հայաստան և Ռուսաստանի քննչական կոմիտեում բողոքել անհիմն հետապնդման համար։ ՌԲԿ-ի աղբյուրը հայտնել էր, որ արդյունքում քրեական պատասխանատվության ենթարկելու հիմքեր այդ ժամանակ չեն եղել։

Ըստ ԱրմԻնֆոյի հաղորդագրությունների՝ Հայաստանում Ավագյանը զբաղեցրել է Լեռնային Ղարաբաղի նախագահի հատուկ հանձնարարություններով ներկայացուցչի, Ղարաբաղի ՆԳՆ արտակարգ իրավիճակների պետական ծառայության տնօրենի տեղակալի պաշտոնները (վերջին պաշտոնը զբաղեցրել է մինչև 2021 թվականի ապրիլը)։ Չճանաչված Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը (Արցախ) դադարել է գոյություն ունենալ 2024 թվականի հունվարի 1-ից՝ Ադրբեջանի «հակաահաբեկչական գործողության» արդյունքում։

2018 թվականի ամռանը Ավագյանը դիմում էր ներկայացրել Ռուսաստանի քաղաքացիությունից հրաժարվելու մասին՝ Հայաստանում քաղաքական կարիերայի պատճառով։

47News-ը գրում է, որ Ռուսաստանում նա եղել է Սանկտ Պետերբուրգի առևտրային նավահանգստի մաքսային բրոքերի գլխավոր տնօրեն, 2010 թվականից զբաղեցրել է Լենինգրադի մարզում Ռոսիմուշչեստվոյի վարչության ղեկավարի տեղակալի պաշտոնը, իսկ 2014 թվականից եղել է Սանկտ Պետերբուրգում հողօգտագործման և հողի պահպանության գլխավոր պետական տեսուչի տեղակալը, ավելի ուշ՝ հողի պետական վերահսկողության բաժնի պետի տեղակալ (Սանկտ Պետերբուրգում Ռոսռեեստրի վարչության մաս)։

News.am