Логотип

ՌԴ-ում ձերբակալվել է Կրասնոդարի «Հին Բաքու» ռեստորանի սեփականատեր Շախլար Նովրուզովը

Կուբանում ձերբակալվել է ադրբեջանական սփյուռքի ներկայացուցիչներից մեկը՝ Տուապսեի բեռնափոխադրման տերմինալի և Կրասնոդարի «Հին Բաքու» ռեստորանի սեփականատեր Շախլար Նովրուզովը, հայտնում է «Կոմերսանտը»։

Նա մեղադրվում է 919 մլն ռուբլի արժողությամբ անշարժ գույքի գողության փորձ կատարելու մեջ։

Ըստ քննության վարկածի՝ հանցագործությունը կատարելու համար մեղադրյալները, այդ թվում՝ Նովրուզովը, Պրիկուբանսկի շրջանային դատարան են ներկայացրել ամուսնության վկայական, որը իբր տրվել է Ադրբեջանում։ Իրավապահ մարմինների տվյալներով՝ այն փաստաթուղթը, որի հիման վրա կասկածյալները փորձել են յուրացնել ակտիվները, կեղծ էր։

Օգոստոսի 29-ին դատարանը կալանավորել էր Մոսկվայի ակադեմիական սատիրայի թատրոնի նախկին տնօրեն Մամեդալի Աղաևին։ Օգոստոսի 18-ին ձերբակալվել էր Վորոնեժի ադրբեջանական սփյուռքի ղեկավար և քաղաքի ամենամեծ շուկայի սեփականատեր Յուսիֆ Խալիլովը, օգոստոսի 2-ին՝ Եկատերինբուրգում ադրբեջանական սփյուռքի ղեկավար Շահին Շիխլինսկին։

Ռուսաստանում ադրբեջանական համայնքի ներկայացուցիչների ձերբակալությունները տեղի են ունենում Ռուսաստանի և Ադրբեջանի հարաբերությունների վատթարացման ֆոնին, որն սկսվել էր 2024 թվականի դեկտեմբերին՝ ադրբեջանական ինքնաթիռի կործանումից հետո։ Հարաբերությունների նոր սրացումն սկսվել էր, երբ 2025 թվականի հուլիսին ՌԴ Քննչական կոմիտեն մեղադրանք էր առաջադրել մի խումբ ադրբեջանցիների, ովքեր ձերբակալվել էին Եկատերինբուրգում անցկացված ռեյդի ընթացքում, որի հետևանքով երկու մարդ մահացել էր։

Ադրբեջանական դատարանը կալանավորել էր ՌԴ 8 քաղաքացու։ Հուլիսի 11-ին Մոսկվայում Ադրբեջանի քաղաքացիների զանգվածային ձերբակալություններ էին տեղի ունեցել, կողմերը հետ էին կանչել դեսպաններին, չեղարկել մշակութային և խորհրդարանական միջոցառումները, ինչպես նաև հղել դիվանագիտական բողոքի նոտաներ:

Armenia Today