Логотип

ՌԵՎ ԼԵԲԱՐԵԴՅԱՆ․ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ԱԲ ԳՈՐԾԱՐԱՆԻ ԿԱՌՈՒՑՈՒՄԸ ՆԱԽԱՏԵՍՎՈՒՄ Է ԱՎԱՐՏԵԼ ՄԻՆՉԵՎ ՏԱՐԵՎԵՐՋ (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Տեխնոլոգիաները փոխում են աշխարհը. միշտ էլ այդպես է եղել։ Շոգեմեքենաները գործարկեցին արդյունաբերությունը, էլեկտրականությունը լուսավորեց քաղաքները, համակարգիչները բացեցին տեղեկատվության դարաշրջանը։ Այսօր մենք գտնվում ենք նոր՝ չորրորդ հեղափոխության շեմին, որը արհեստական բանականության հեղափոխությունն է։ Հայաստանը կառուցում է սեփական արհեստական բանականության գործարան. կկարողանա՞ արդյոք երկիրը օգտագործել այս տեխնոլոգիական թափը և հայտնվել առաջատար դիրքերում։ Ի՞նչ հնարավորություններ է բացում արհեստական բանականությունը և ինչո՞ւ է կարևոր, որ երկրները լինեն առաջատարների շարքում։ Այս և շատ այլ հարցերի մասին «Բա իմացա՞ր» ծրագրի եթերում պատմեց NVIDIA-ի փոխնախագահ Ռև Լեբարեդյանը։

Գիտության և տեխնոլոգիաների մասին հարցազրույցների շարքի գործընկերն է Team Telecom Armenia-ն։

– Արհեստական բանականության գործարան. Հայաստանի նոր տեխնոլոգիական հզորության սիրտը

– Լեբարեդյանը պատմել է, որ ծրագրային ապահովման մշակման հիմնարար փոփոխությունը տեղի է ունեցել մոտ տասը տարի առաջ՝ խորը ուսուցման և նեյրոնային ցանցերի գյուտի շնորհիվ։ «Նախկինում առաջադեմ ծրագրային ապահովում ստեղծելու համար բավական էր մեկ խելացի մարդ և նոութբուք. նա կարող էր ալգորիթմ մտածել և միլիարդներ արժեցող ծրագիր գրել։ Այսօր մենք ի վիճակի ենք ստեղծել այնպիսի ալգորիթմներ, որոնք մարդկանց համար դժվար է նույնիսկ պատկերացնել», – բացատրեց նա։

Նա նշել է, որ ժամանակակից արհեստական բանականության համակարգերը կարող են ճանաչել պատկերներ, գեներացնել պոեզիա, լուծել բարդ արդյունաբերական խնդիրներ և ընդ որում, մենք չենք կարող ուղղակիորեն գրել այդ ալգորիթմները։ Դրա փոխարեն, գերհամակարգչին տրվում են միլիոնավոր օրինակներ այն մասին, թե ինչ պետք է արվի և այնուհետև այն ծրագիր է ստեղծում: «Ժամանակակից համակարգչային գիտության հիմնական գործիքը և առաջատար լինելու բանալին գերհամակարգիչն է։ Որքան հզոր է համակարգիչը, այնքան մեծ են հնարավորությունները», — ընդգծեց Լեբարեդյանը։

Նա հավելեց, որ առանց արհեստական բանականության գործարանի անհնար է ստեղծել ժամանակակից ծրագրային ապահովում, իսկ այդ ծրագրային ապահովումն օգտագործելու համար կրկին գործարան է անհրաժեշտ։ «Որքան շատ հաշվողական հզորություն և արհեստական բանականության հաշվարկներ հասանելի լինեն, այնքան շատ արհեստական բանականություն կարող է օգտագործվել բոլոր հավելվածները բարելավելու համար։ Այն կարելի է կիրառել տնտեսության յուրաքանչյուր ճյուղում և ոլորտում», – նշեց նա։

Լեբարեդյանը պատմեց, որ Հայաստանում արհեստական բանականության գործարանը կզարգանա փուլերով։ Առաջին փուլում այն կդառնա հզոր սուպերհամակարգիչ՝ ավելի քան 5000 Blackwell վերջին սերնդի գրաֆիկական պրոցեսորներով, որոնք կարող են աջակցել հավելվածների լայն շրջանակի կիրառություններին, այդ թվում՝ ChatGPT-ի և այլ ժամանակակից արհեստական բանականության համակարգեր։

«Սկզբնական շրջանում գործարանի հիմնական նպատակը արտաքին պահանջարկը սպասարկելն է լինելու», – բացատրեց նա: «Մենք կարող ենք հաշվողական հզորություններ տրամադրել այն ընկերություններին, որոնք ստեղծում են չաթ-բոթեր, LLM-ներ և այլ արհեստական բանականության գործակալներ, որոնք ինտեգրվում են բիզնեսի և սպառողական ծառայություններում։ Շուկան, այսինքն, գլոբալ է և մենք կարող ենք վաճառել այնքան հզորություն, որքան ցանկանանք»:

Առևտրային ուղղվածությունից զատ, Լեբարեդյանը շեշտեց երկրում գիտության և ստարտափների աջակցության կարևորությունը: Որոշ համակարգչային ռեսուրսներ կհատկացվեն համալսարաններին, հայկական արհեստական բանականության ընկերություններին և նախագծերին՝ նրանց առավելություն տալու և իրենց գաղափարները գործնականում կիրառելու համար:

– Հայաստանի սուպերհամակարգիչը գրեթե պատրաստ է գործարկման

– Լեբարեդյանը պատմեց, որ գերհամակարգչի կառուցումը արագ տեմպերով է ընթանում՝ նպատակ ունենալով ֆիզիկական շինարարությունն ավարտել մինչև այս տարեվերջը։ «Այո, մինչև այս տարեվերջ։ Մենք արագորեն ընթանում ենք դեպի այդ ուղղությամբ», – ընդգծեց նա։ Նրա խոսքով՝ շինարարության ավարտից հետո նախատեսվում է, որ գործարանը լիովին կգործարկվի հաջորդ տարվա առաջին եռամսյակում։ «Դա ոչ միայն հնարավոր է, դա հավանական է։ Եթե բոլորը կատարեն իրենց պարտավորությունները և աշխատեն հաջողության հանդեպ հավատով, ապա պատճառ չկա, որ դա չստացվի», — հավելեց նա։

Նա պարզաբանեց, որ հարթակում արդեն շինարարական աշխատանքներ են ընթանում, իսկ NVIDIA-ն զբաղվում է սուպերհամակարգիչների հիմնական բաղադրիչների հավաքմամբ և փորձարկմամբ, ինչպես նաև բազմաշերտ ծրագրային ապահովման մշակմամբ՝ արհեստական բանականության գործարանների աշխատանքի համար։ Դիզայնի միանման հայեցակարգի շնորհիվ գործարանը տեղադրումից հետո էական ադապտացման կարիք չի ունենա։

Լեբարեդյանը նաև ներկայացրեց գործարանի առաջին փուլի տեխնիկական բնութագրերը: Պլանավորվում է մինչև 100 մեգավատտ հզորություն․ ինչը բավարար է ցանկացած ժամանակակից արհեստական բանականության հավելվածների և գրեթե ցանկացած արհեստական բանականության մոդելների մարզման համար։ «Սա բավականին մեծ սուպերհամակարգիչ է, այսօր այն գոյություն ունեցող արհետսական բանականության գործարանների մեջ ամենամեծերից մեկն է», – նշեց նա։

Նա ընդգծեց, որ սա ընդամենը սկիզբն է. Հայաստանի ներուժը թույլ է տալիս էլ ավելի ընդլայնել էներգետիկ հզորությունները։ «Չնայած երկրի էներգիայի գեներացման հնարավորություններին, մենք սովորաբար չենք օգտագործում ողջ ներուժը՝ պահանջարկի տատանումների պատճառով։ Բայց արհեստական բանականության գործարանի շնորհիվ մենք կկարողանանք ավելացնել էներգիայի արտադրությունը միջուկային, հիդրո- և արևային գեներացիայից և ժամանակի ընթացքում դուրս գալ բազմագիգավատտ մակարդակի»,- հայտարարեց Լեբարեդյանը։

– Արհեստական բանականության գործարան Հայաստանի համար տնտեսական աճի մուլտիպլիկատորը

– Լեբարեդյանը մանրամասն ներկայացրեց, թե ինչպես է արհեստական բանականության գործարանը ազդելու Հայաստանի տնտեսության վրա։ Նախ, գործարանի գոյությունը որպես գործող բիզնես ստեղծում է աշխատատեղեր և հարկային եկամուտներ՝ թե՛ աշխատակիցների աշխատավարձերից, թե՛ ընկերության գործունեությունից։ «Սա ինքնին ավելացնում է պետական եկամուտները և օգուտ է բերում տնտեսությանը», – ընդգծեց նա։

Բացի ուղղակի հարկային եկամուտներից, գործարանի հաշվողական հզորության մի մասը կհատկացվի կրթական հաստատություններին, ստարտափներին և բիզնես գործընթացներում և պետական մարմիններում արհեստական բանականությունը ինտեգրող ընկերություններին: Նրա խոսքով՝ սա թույլ կտա երիտասարդ մասնագետներին և նորարարական նախագծերին հասանելիություն ստանալ առաջատար ենթակառուցվածքներին, արագացնել գաղափարների զարգացումը և արտադրանքը դուրս բերել շուկա, այդպիսով ավելի նպաստելով երկրի տնտեսությանը:

Լեբարեդյանը նշեց, որ նման գործարանի առկայությունը գրավում է միջազգային հանրության ուշադրությունը։ «Մենք աշխարհին ցույց ենք տալիս, որ Հայաստանը լուրջ է վերաբերվում բարձր տեխնոլոգիական ոլորտին, առաջատար համակարգչային գիտություններին և ինժեներիային։ Ներդրումներ կատարելով բազային ենթակառուցվածքներում, մենք ազդանշան ենք ուղարկում, որ այստեղ կարելի է զբաղվել առաջադեմ հետազոտություններով և մշակել ապագայի տեխնոլոգիաներ»,- բացատրեց նա։

Նրա կարծիքով, սա ոչ միայն ամրապնդում է երկրի իմիջը համաշխարհային ասպարեզում, այլև խթանում է իրական ներդրումները։ Միջազգային ընկերությունները, հատկապես տեխնոլոգիական ոլորտում, ավելի վստահ կդիտարկեն Հայաստանը որպես ներդրումների վայր։ «Ներդրումների ներգրավումը և գլոբալ ընկերությունների վստահությունը լրացուցիչ հնարավորություններ են ստեղծում երկրի տնտեսական աճի և զարգացման համար»,- եզրակացրեց Լեբարեդյանը։

News.am