Ազգային ժողովի «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանն Armenia Today-ի հետ հարցազրուցում գնահատել է պարտադիր զինվորական ծառայության ժամկետը 24-ից 18 ամիս դարձնելու մասին ՊՆ «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքում փոփոխություններ կատարելու նախագիծը։
Աբրահամյանի խոսքով՝ այս քայլը «խիստ ռիսկային է», և դրա հիմքում նախընտրական տրամաբանությունն ու ադրբեջանական պահանջներն են, ոչ թե այն սցենարը, որը ներկայացված է ՊՆ նախագծում: Ըստ քաղաքական գործչի՝ հիմնական ռիսկերի թվում այն է, որ նախագծի ընդունումը բերելու է առաջնագծում մարտական հերթափոխի ապահովման խնդրի, իսկ հնարավոր հարձակման դեպքում այդ մարտական դիրքն իր խնդիրը լուծելու շատ ավելի քիչ հնարավորություն է ունենալու։
Պատգամավորի պնդմամբ՝ եթե նայենք գլոբալ տենդենցներին, ապա տեղի են ունենում հակառակ գործընթացներ։ Օրինակ՝ Գերմանիան, որը պատերազմի մեջ չէ, բայց գլոբալ անվտանգային առաջնությունից ելնելով փորձում է կրկին վերականգնել պարտադիր ժամկետային ծառայությունը, իսկ մարտահրավերներ հաղթահարելու ճանապարհին երկրներում հակառակ միտումը կա՝ մասնակի կամ ամբողջությամբ վերադառնալու պարտադիր ժամկետային ծառայությանը:
«Այնպես որ՝ նաև այդ տեսանկյունից Հայաստանի կառավարության մոտեցումն առկա քաղաքական հաշվարկների և ռազմական անհրաժեշտության մեջ չի տեղավորվում»,- եզրափակել է փորձագետը։
Ստորև ներկայացնում ենք հարցազրույցն ամբողջությամբ.
– Ինչպիսի՞ հետևանքներ կունենա ծառայության ժամկետի կրճատումը Հայաստանի պաշտպանունակության և բանակում մարտական պատրաստության արդյունավետության համար։
– Նախ, հաշվի առնելով համալրման հետ կատված բազմաթիվ խնդիրները, որոնք հատկապես կուտակվել և շատ ավելի սուր բնույթ են կրում 44-օրյա պատերազմից հետո, այսօր ՀՀ-ին հնարավորություն չեն տալիս գնալու պարտադիր ժամկետային ծառայության կրճատման, որովհետև մարտական խնդիրները, որոնք դրված են, այդ թվում՝ առաջնագծում մարտական հերթապահության իրականացումը, նույնիսկ գոյություն ունեցած հնարավորություններով մեզ թույլ չեն տալիս առաջնային խնդիրներ լուծել։
Հենց այդ մարտական հերթապահության անհրաժեշտությունից ելնելով՝ կառավարությունը 44-օրյա պատերազմից հետո ընդգրկում է հազարավոր պահեստազորայինների, որոնք 25-օրյա հավաքների անվան տակ զորակոչվում են, բայց դրա երկու շաբաթ ժամկետն անցնում է մարտական հերթապահության մեջ։ Թիվը ռազմական գաղտնիք է, բայց կարող եմ ասել՝ շատ մեծ թիվ է, և ցույց է տալիս այն բացը, որն այսօր ունենք ու ստիպված լրացնում ենք պահեստազորայինների միջոցով։
Երկրորդ մասը վերաբերում է Երկրապահ կամավորական միության ուժերով մարտական հերթապահության ապահովմանը։ ԵԿՄ-ի տարբերությունն այն է, որ այնտեղ ընդգծված անձինք դուրս են չափորոշիչներից, որոնք պահեստազորայինների համար պարտադիր են։ Առաջին հերթին՝ առողջական չափանիշները և, հիմնականում, 50-60-ն անց մարդիկ են, որոնք, բնականաբար, ֆունկցիոնալության առումով չունեն այն հնարավորությունները, ինչ կանոնավոր բանակի դեպքում կամ պահեստազորայինի և սահմանված տարիքի պայմաններում։
Իհարկե, ես որևէ բան չեմ կարող ասել գաղափարական մնացած պատրաստության մասին, որովհետև այնտեղ բավականին փորձառու մարդիկ են ներգրավվում, ովքեր նաև պատերազմական ճանապարհով են անցել և այլն, բայց առողջական հնարավորությունները նրանց թույլ չեն տալիս իրենց ամբողջ ֆունկցիոնալությամբ, մարտական հերթապահությամբ, առավել ևս ռազմական գործողությունների իրագործման ուղղությամբ շատ ավելի լուրջ ներդրում ունենալ։ Այսինքն՝ միայն հրապարակային դաշտում առկա մեր տեղեկությունները և վերլուծությունը ցույց են տալիս, որ այս պահին էլ ունենք շատ խորը խնդիրներ, և այս համատեքստում դրանք գնալով շատ ավելի խորանալու են։
Կրճատումը, ոչ միայն շատ ռիսկային է, այլ բավականին մեծ սպառնալիքներ է ներկայացնում Հայաստանի համար։
– Նախագծի հիմնավորման մեջ դրական են գնահատվում պայմանագրային ծառայության աճին ուղղված քայլերը։ Արդյոք իշխանություններին իսկապես հաջողվե՞լ է այնքան ընդլայնել պայմանագրային տարրը, որ պարտադիր ծառայության ժամկետի կրճատումը դարձել է հիմնավորված։
– Հիմնական մասը, որ պայմանագրային ծառայությամբ ապահովում է, «Պաշտպան հայրենյաց» ծրագիրն է, որը ներկայացված է կառավարության որոշման մեջ։ Թեև այն որոշակի ակտիվություն ապահովում է, բայց նույնիսկ ստեղծված իրավիճակում համալրման խնդիրներն այդպես էլ չեն լուծվում։ Եվ եթե նույնիսկ տեսականորեն վերցնենք, որ առաջիկա 5-10 տարիների ընթացքում կարող է խնդիր լուծել, դա բոլորովին այլ գործոններով է պայմանավորված։ Նվազագույնը 5-ամյա ժամկետում կառավարության ներկայացրած այդ ծրագրերը, որոնք իբր թե նպաստում են համալրման աշխատանքին, այդ բացը չեն լրացնելու։
Սա նշանակում է, որ իշխանությունը կրկին ծանրաբեռնվածությունը թողնելու է 60-ն անց մարդկանց վրա, որոնցից շատերը մեծ խնդիրներ են ունենում աշխատավայրում ընտանեկան տարբեր պատճառներով պայմանավորված։ Եվ դեռ չեմ խոսում այն մասին, որ պարտադիր ժամկետային ծառայությամբ ապահովում է կանոնավոր բանակը, իսկ վարժական հավաքներով դա ժամանակավոր մարտական հերթապահության իրականացում է մի վայրում, որտեղ նրանք կարող են գտնվել առաջին անգամ, և այս պարագայում, երբ նայում ենք արդյունավետության էֆեկտիվության առումով, լրիվ այդ ֆունցիան է կատարվում։
Այնպես որ այս քայլը խիստ ռիսկային է, և այս պահին դրա իրականացման հիմքում ոչ թե հաշվարկներն են, այլ գործոններ՝ նախընտրական տրամաբանությունը, ադրբեջանական պահանջները։
– Հայաստանի պայմաններում ինչքանո՞վ է իրատեսական բանակում նման մոդելի ստեղծումը, որը հիմնված կլինի պայմանագրային բաղադրիչի վրա։
– Երբ քննարկում ենք պայմանագրային բազայի մեծացումը կամ ամբողջական անցումը պայմանագրային ծառայության, գոնե այս պահին առկա անվտանգային սպառանիքների պայմաններում (անկախ նրանից, թե մեկը դա կհամարի խաղաղություն, ժամանակավոր խաղաղություն կամ մեկ այլ բան), այդ հնարավորությունն առաջիկա տարիների համար չենք ունենալու։
Այստեղ պատճառները տարբեր են, բայց հիմնական պատճառը ժողովրդագրական վիճակն է, մեր երկրում ԶՈւ-ի նկատմամբ վերաբերմունքն է։ Դու չես կարող նրանց անընդհատ անվանել սովորական աշխատող և «հերոսի ընծաները» տանել դեպի հարկ վճարող, իսկ հետո նրանից պահանջես անձնազոհություն, սխրանքներ և այլն։ Թեև շատերն այսօր շարունակում են առաջնորդվել նրանով, որ դա ամենամեծ առաքելությունն է իրենց կյանքում հայրենիքի նկատմամբ, բայց երբ պետական քաղաքականությունը հերոսական ջանք կամ առաքելություն կատարող մարդուն վերածում է սովորական աշխատողի, ասում է, որ դու պետք է բավարարվես նրանով, որ մենք քեզ աշխատավարձ ենք վճարում, այդ պայմաններում ակնկալել, որ զինվորական ծառայության նկատմամբ գրավչությունը կավելանա, մարդկանց մոտ ցանկությունները կամ դրդապատճառները կաճեն, դրանք, բնականաբար, այդպես չեն։
Գումարը կարող է որոշակի խնդիրներ լուծել, բայց դա չի կարող կոմպլեքս լուծել այն խնդիրները, որոնք հնարավորություն կտան անցում կատարել պրոֆեսիոնալ բանակին, և այն խոստումները, որոնք տրվում են և ասում են, որ սա քայլ է դեպի պրոֆեսիոնալ բանակը, որևէ ձևով չի առնչվում այն իրականությանը, որ այսօր կա զինված ուժերում։
– Ինչքանո՞վ են ժամկետի կրճատման և պայմանագրային տարրի ընդլայնման ծրագրերը համապատասխանում ռազմական ոլորտում ժամանակակից գլոբալ տենդենցներին։
– Եթե խոսում ենք տենդենցների մասին, օրինակ՝ այսօր Եվրոպայում կամ ԵՄ անդամ երկրներում հակառակ տենդենցներ են։ Այսօր Գերմանիան, օրինակ, պատերազմի մեջ չէ, բայց գլոբալ անվտանգային առաջնությունից ելնելով՝ փորձում է կրկին վերականգնել պարտադիր ժամկետային ծառայությունը։ Նույնը վերաբերում է Շվեդիային, Բալթյան երկրներին, որտեղ սկսվել է պարտադիր ժամկետային ծառայության կարևորման գործընթացը և որոշակի վերափոխումները։ Բրիտանիայում էլ նախորդ տարի նախատեսված էր անձնակազմն էականորեն մեծացնել, դրան ուղղված նույնիսկ աշխատավարձեր էին բարձրացվել, բայց պայմանագրային ծառայության ներգրավմամբ հնարավոր չէր լինելու այդ բացը լրացնել։ Վերլուծությունները ցույց են տալիս, որ նաև որոշակի առումով մարդկային իրականությունումը, կենցաղը, զարգացումը փոփոխության են ենթարկվում, և մարդիկ ձգտում են նաև այլ մասնագիտությունների, հատկապես այն երկրներում, որտեղ այդ գաղափարական կամ արժեհամակարգային դոզավորում չկա։
Բնականաբար, դրանք ավելի մեծ խնդիրներ են առաջացնում և դրանով պայմանավորված՝ տարբեր հարցեր, մարտահրավերներ հաղթահարելու ճանապարհին հակառակ միտումը կա՝ մասնակի կամ ամբողջությամբ վերադառնալու պարտադիր ժամկետային ծառայությանը, այնպես որ նաև այդ տեսանկյունից Հայաստանի կառավարության մոտեցումը եղած քաղաքական հաշվարկների և ռազմական անհրաժեշտության մեջ չի տեղավորվում։ Ես շարունակում եմ կրկնել, որ դա ավելի շատ պայմանավորված է 2026 թվականի ընտրական ցիկլով և Ադրբեջանի ապառազմականացման պահանջով, քան այն սցենարով, որ ներկայացված է ՊՆ նախագծում։
– Նախագծում նշված է, որ այն 2028 թվականից սկսած՝ կբերի ծախսերի կրճատման, որը կուղղվի պատրադիր ժամկետայինի կազմակեպմանը։ Ռազմական ծախսերի կրճատման ֆոնին ինչպե՞ս եք գնահատում այս նշումը։
– Գիտեք, սա նույնն է, որ որևէ կառավարություն ասեր․ գիտեք՝ ես քրեակատարողական հիմնարկները կրճատում եմ, որոշ մարդկանց, որոնք պիտի լինեն ազատության մեջ, հանցանք գործելու համար ազատ եմ թողնում, բայց մենք գումարներ ենք խնայելու և ուղղելու ենք դպրոցաշինությանը։ Նույնը վերաբերում է ներքին անվտանգությանը. պատկերացրեք, որ պետությունը հայտարարի, որ կիբերհանցագործությունների վարչությունը կրճատում ենք, բայց փող ենք խնայելու ամեն տարի, պայմանական՝ 30 միլիոն, և մենք դա կուղղենք ինչ-որ հումանիտար ծրագրերի։
Մարդկանց ակնհայտորեն խաբել, ստել, մանիպուլացնելն անընդունելի է, այստեղ խոսքը վերաբերում է բոլորիս անվտանգությանը, եթե մեկի որդին պետք է վեց ամիս քիչ ծառայի, բայց երկրի անվտանգությունը լինի խարխլված, խոցելի, հնարավորություն չունենաս առաջնագծում ապահովելու անվտանգությունը, այդ թվում նաև մեկ տարի ծառայած որդու անվտանգությունը լինելու է խիստ խոցելի։
Սա չի վերաբերում միայն ռազմական գործողությունների ծավալմանը։ Աշխարհում ուժի դիրքերից հանդես գալը պայմանավորված է նրանով, որ միջազգային իրավունքը շատ վայրերում, շատ ռեգիոններում չի աշխատում, մեր շուրջ տեղի ունեցող իրադարձություններն էլ դրա մասին են ասում, և ցանկացած երկրի հետ հարաբերություններ կառուցելիս, բանակցություններ կառուցելիս շատ կարևոր է, թե դու անվտանգային առումով քեզանից ինչ ուժ ես ներկայացնում։ Եթե դու ի սկզբանե հանձնվում ես, չես պայքարում և քո խնդիրների փոխարեն գնում ես դրանց կուտակման և ճեղքը մեծացնելու ճանապարհով, ապա, բնականաբար, քեզ հետ մի սեղանի շուրջ նստող գործընկերը կամ միջազգային իրավունքի սուբյեկտը ելնելու է քո այդ բանակցությունից, այդ դիրքերից և այս տեսանկյունից։
– Եթե ամփոփենք, ապա ի՞նչ հիմնական խնդիրների կհանգեցնի նախագծի հնարավոր ընդունումը։
– Այս նախագծի ընդունումը բերելու է նրան, որ առաջնագծում հնարավորություն չենք ունենալու ապահովել մարտական հերթափոխը։ Սա խնդիրներ է առաջացնելու առանց այդ էլ այսօր առկա համակարգերում, որտեղ անձնակազմի խնդրարույց հանգամանքով պայմանավորված՝ մեծաթիվ հարցեր ունենք։
Ի դեպ, դա արտահայտվել է նաև 2021-22 թվականին Հայաստանի դեմ հարձակումների ժամանակ, երբ մարտական դիրքերում նվազագույն թիվը, որ պետք է ապահովված լիներ, չէր ապահովվում նույն համալրման խնդիրներից ելնելով։ Բնականաբար, հարձակման դեպքում այդ մարտական դիրքն իր խնդիրը լուծելու հնարավորություն չէր տալիս, կամ դիմադրելու շատ ավելի քիչ հնարավորություն էր ունենալու։
Հետևանքը հայկական տարածքների նկատմամբ ադրբեջանական վերահսկողությունն էր, ավելի շատ մարդիկ զոհվեցին, քան այլ պայմաններում կզոհվեին, և սա իրենց աչքի տակ ունենալով՝ այս կառավարությունը գնում է առկա խնդիրների խորացման, որը շատ ավելի վատ դրության մեջ է դնելու համընդհանուր իրավիճակը։
Մայիսի 3-ին հայտնել էինք, որ ժամկետային զինվորական ծառայության սահմանային տարիքը կարող է 27-ից դառնալ 37։ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հայկ Սարգսյանը նաև հայտնել էր, որ գնալու են ժամկետային զինծառայության ժամկետի նվազեցման ճանապարհով։
Արաքսյա ՍՆԽՉՅԱՆ, Armenia Today