Логотип

Ռոբերտ Քոչարյանը՝ դատական գործընթացի մասին. Անգամ ԱԲ-ն կատարվող անհեթեթության նախադեպեր չի գտել

Անգամ արհեստական բանականությունը կատարվող անհեթեթության նախադեպեր չի գտել։ Այս մասին հակասահմանադրական ճանաչված հոդվածով դատական նիստին հայտարարել է Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը։

Հիշեցնենք, որ աղմկահարույց գործով անցնող անձանց նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցվել էր ՍԴ որոշումից հետո, որը հակասահմանադրական էր ճանաչել մեղադրանքի հոդվածը։ Որոշումը բողոքարկվել էր, գործն անցել էր Հակակոռուպցիոն դատարան, որը ներկայումս քննում է նոր մեղադրանք առաջադրելու մասին մեղադրող կողմի միջնորդությունը։ Ինչպես ավելի վաղ իրավիճակը գնահատել էին փաստաբանները, տեղի է ունենում իրավական անհեթեթություն, երբ մարդկանց սկզբում անվանում են ամբաստանյալներ և միայն դրանից հետո սկսում քննել մեղադրանք առաջադրելու հարցը։ Նախորդ նիստը չէր կայացել, քանի որ դատախազները մեղադրանքը վերաորակավորելու փոխարեն ձեռնամուխ էին եղել նոր ձևակերպումներով նոր մեղադրանք առաջադրելուն։ Այսօր դատախազները երկրորդ փորձից ներկայացրել են նոր ձևակերպումները։ Այսօր նաև հայտնի է դարձել, որ դատարաններին շրջաբերական է իջեցվել՝ դատական գործընթացների ողջամիտ ժամկետները պահպանելու և մոտավորապես մեկ տարվա ընթացքում տեղավորվելու հրահանգով։

«Դատարանների վրա պլան է դրված», – արձանագրել է Քոչարյանը։

«Ոչ ոք չի կարող պլան դնել, օրենքն է ժամկետներ սահմանում», – հակադարձել է դատավոր Սարգիս Պետրոսյանը։

Քոչարյանը նկատել է, որ առաջին անգամ է լսում դատարաններին ուղղված նման շրջաբերականի մասին, և առավել ևս զարմանք է հարուցում, որ դատարանները դրանով են առաջնորդվում։ Դատավորը շտապել է հավաստիացնել, որ չի առաջնորդվում շրջաբերականով, այլ միայն ողջամիտ ժամկետներով և արդյունավետությամբ։ Քոչարյանը նշել է, որ պետական պահպանությամբ դատարան յուրաքանչյուր այցը նույնպես ժամանակ և միջոցներ է խլում։ Այդ ժամանակ դատավորն առաջարկել է նիստերը շաբաթական ոչ թե երեք անգամ, այլ մեկ անգամ, բայց ամբողջ օրով անցկացնելու տարբերակը։

Երկրորդ նախագահը նշել է, որ դատի բովանդակության վերաբերյալ դիմել է արհեստական բանականությանը՝ հարցնելով, թե արդյոք առանց քրեական գործի մարդը կարող է մեղադրյալ լինել։ «Շատ երկար մտորելուց հետո արհեստական բանականությունն ասաց, որ դա անհեթեթություն է։ Աշխարհում չկա երկիր, որտեղ նման բան հնարավոր լինի։ Ես խնդրեցի նման օրինակ բերել, նա պատասխանեց, որ վերջին 100 տարվա ընթացքում նման օրինակ չի գտնվել։ Եթե խոսում ենք սթափ մոտեցման մասին, ապա նման նիստ ընդհանրապես չպետք է լիներ։ Պահպանվում է ներքին համոզմունքը, որ ընդհանուր առմամբ անհեթեթություն է կատարվում», – նշել է Քոչարյանը և խնդրել դատավորին, եթե արհեստական բանականությունը սխալվում է, նման օրինակ բերել։ Երկրորդ նախագահը նաև նշել է, որ գործընթացի ավարտի ժամկետները կախված են գործի ծավալներից։

Ավելի վաղ դատավորը հղում էր արել արհեստական բանականությանը՝ ներկայացնելով գործընթացի ավարտի հնարավոր ժամկետները՝ շաբաթական մեկ, երկու կամ երեք նիստ անցկացնելու պայմանով։

News.am