Հայաստանի Հանրապետության 2–րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը 3–րդ նախագահ Սերժ Սարգսյանի գործով վկա է: Հակակոռուպցիոն դատարանում դատավոր Արամ Գրիգորյանի նախագահությամբ կայացած նիստի ժամանակ այս մասին ասաց հանրային մեղադրող Գորիկ Հովակիմյանը` ներկայացնելով գործով հետազոտման ենթակա փաստերը։
Նշենք, որ 3 –րդ նախագահի վերաբերյալ այս դատական նիստը Եռաբլուրից հողերի օտարման գործով է։ Սերժ Սարգսյանը, 2000 թվականի մայիսի 20-ից մինչև 2007-ի ապրիլի 4-ն ընկած ժամանակահատվածում զբաղեցնելով ՀՀ պաշտպանության նախարարի պաշտոնը, առնչություն է ունեցել նախարարության հաշվեկշռում գտնվող և ի պաշտոնե իրեն վստահված` Իսակովի պողոտային և «Եռաբլուր» զինվորական պանթեոնին հարակից հողատարածքների ապօրինի օտարմանը։
Այս ընթացքում ՀՀ նախագահը եղել է Ռոբերտ Քոչարյանը։ Գործով դատախազը վկայի կարգավիճակով պետք է հետագայում դատարան հրավիրի Գուրգեն Արսենյանին, որն այժմ ՌԴ-ում ՀՀ դեսպանն է, իսկ 2000–2007 թվականներին եղել է ՀՀ ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր, ինչպես նաև Սերժ Սարգսյանի անվտանգության ծառայության նախկին պետ Վաչագան Ղազարյանին։
Վաչագան Ղազարյանն ավելի վաղ վստահացրել էր, որ ինքը Սերժ Սարգսյանի դեմ ցուցմունք չի տվել։
Հիշեցնենք, որ Սերժ Սարգսյանի վերաբերյալ երկու գործերի քննությունը մեկ վարույթով է իրականացվում։ Ըստ մեղադրանքի՝ Սերժ Սարգսյանը, 2000 թվականի մայիսի 20-ից մինչև 2007-ի ապրիլի 4-ն ընկած ժամանակահատվածում զբաղեցնելով ՀՀ պաշտպանության նախարարի պաշտոնը` առնչություն է ունեցել նախարարության հաշվեկշռում գտնվող և ի պաշտոնե իրեն վստահված Իսակովի պողոտային և «Եռաբլուր» զինվորական պանթեոնին հարակից հողատարածքների ապօրինի օտարմանը։
Քրեական վարույթով Սերժ Սարգսյանին մեղադրանք է ներկայացվել խոշոր չափի հափշտակության (18 դրվագ), խոշոր չափի փողերի լվացման (2 դրվագ), դրան օժանդակելու (3 դրվագ) համար։
Sputnik Արմենիա