ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը Հակակոռուպցիոն դատարանում հայտարարեց, որ այսօր իրեն մեղադրում են իր նախագահ եղած տարիներին նախագահի պարտականությունները կատարելու մեջ:
Նշենք, որ այս պահին ընթանում է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի, պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանի, ԳՇ նախկին պետ Յուրի Խաչատուրովի, նախկին փոխվարչապետ Արմեն Գրիգորյանի վերաբերյալ հակասահմանադրական ճանաչված և վերաբացված գործով նիստը։ Դատավորը նախկին ՔՊ-ական Սարգիս Պետրոսյանն է։
Քոչարյանը նշեց, որ այս մեղադրական եզրակացությունը ի սկզբանե եղել է քաղաքական գրասենյաներում կազմված փաստաթուղթ, որը որոշ փոփոխություններով դարձել է մեղադրական եզրակացություն։
«Այս մեղադրական եզրակացության մեջ նշված է հանցագործության երկու շարժառիթ, որոնցից առաջինը` ամեն գնով պահել ցանկալի իշխանական համակարգը և երկրորդ` իշխանությունը փոխանցել իր մտերիմ Սերժ Սարգսյանին։ Այլ շարժառիթ չկա։ Ինձ կարող է որևէ մեկը բացատրել, թե ինչ է նշանակում ցանկալի իշխանական համակարգ, ես չեմ հասկանում։ Երբ ինձ առաջադրվեց այդ մեղադրանքը, ես քննիչին ասացի` չեմ հասկանում, թե ինչ եք ուզում ինձնից։ Մինչ օրս ես այդ բացատրությունը չեմ ստացել։ Իշխանական համակարգը կարելի է փոխել միայն հանրաքվեով։ Ի՞նչ պետք է աներ նախագահը, իհարկե պետք է իշխանական համակարգը պահպաներ։ Սա նախագահի սահմանադրական պարտականություն էր։ Ստացվում է՝ այս մեղադրական եզրակացությամբ ինձ մեղադրում են նրա մեջ, ինչը իմ պարտականությունն էր, ինչով ես պետք է զբաղվեի որպես ՀՀ նախագահ»,–հայտարարեց Քոչարյանը։
Անդրադառնալով Սերժ Սարգսյանին իշխանությունը փոխանցելու մեղադրանքին , Քոչարյանը նշեց, որ մեղադրական եզրակացության մեջ փորձել է հասկանալ, թե ով է Սերժ Սարգսյանը, սակայն նկատել է, որ անգամ դա նշված չէ։
«Լավ, դատախազությունը չգիտի՞, որ այդ ժամանակ Սերժ Սարգսյանը ՀՀ վարչապետն էր։ Վարչապետ էր դարձել, որովհետև 2007 թվականի մայիսին եղել են խորհրդարանական ընտրությունները, որի արդյունքում էլ նա դարձել է վարչապետ, այլ ոչ իմ ընտրությամբ։ Անդրանիկ Մարգարյանի մահից հետո նա դարձավ ՀՀԿ առաջնորդ… Այս ամենը մանիպուլիացիա է, գործ կարել»,–ասաց Քոչարյանը։
ՀՀ երկրորդ նախագահը նաև ընդգծեց, որ այժմ բոլորի աչքի առաջ կատարվում է հանցագործություն։ Նա կոչ արեց իր ելույթը համարել որպես հանցագործության մասին հաղորդում։
Հիշեցնենք, որ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը, ՀՀ նախկին փոխվարչապետ Արմեն Գևորգյանը, ՀՀ պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանն ու ԳՇ նախկին պետ, ՀԱՊԿ նախկին գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովը մեղադրվում էին ՀՀ ՔՕ 300․1 հոդվածով (սահմանադրական կարգը տապալելը)։ ՀՀ ՍԴ-ն 2021 թ. մարտի 26-ին անվավեր և հակասահմանադրական ճանաչեց ՀՀ ՔՕ 300.1 հոդվածը, և նրանց նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցվեց։
2021 թ. ապրիլի 6-ին Երևանի ընդհանուր իրավասության դատարանը բավարարեց Մարտի 1-ի գործով պաշտպանական կողմի միջնորդությունը` ՍԴ–ի որոշմամբ հակասահմանադրական ճանաչված 300․1 հոդվածով քրեական հետապնդումը ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի, ՀՀ նախկին փոխվարչապետ Արմեն Գևորգյանի, ՀՀ պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանի ու ԳՇ նախկին պետ, ՀԱՊԿ նախկին գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովի նկատմամբ դադարեցնելու մասին։
Սեյրան Օհանյանն ու Յուրի Խաչատուրովն ընդհանրապես ազատվեցին քրեական հետապնդումից, քանի որ նրանք մեղադրվում էին միայն Քրեական օրենսգրքի 300․1 հոդվածով։ Դատարանը որոշեց նրանց նկատմամբ ընտրված խափանման միջոցները վերացնել, գույքի վրա դրված կալանքը հանել։
«Մարտի 1»-ի գործով ամբաստանյալներ Ռոբերտ Քոչարյանի ու Արմեն Գևորգյանի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցվեց միայն վերոհիշյալ հոդվածով։
ՀՀ Սահմանադրական դատարանը հուլիսի 22-ի նիստում որոշեց, որ 1998 թ. ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 309.1-ին հոդվածի 3-րդ մասը համապատասխանում է Սահմանադրությանը։ Այդպիսով դատախազությանը հնարավորություն տրվեց Ռոբերտ Քոչարյանի և մյուսների մեղադրանքը վերաորակել ու նորից սկսել գործի քննությունը։
Sputnik Արմենիա