Логотип

Ռոբերտ ՔՈՉԱՐՅԱՆ․ ՀԱՅԱՍՏԱՆԸ ՊԵՏՔ Է ԱՆԻ ԱՄԵՆ ԻՆՉ՝ ԳԵՐՏԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՇԱՀԵՐԻ ԲԱԽՄԱՆ ԿԵՏԵՐՈՒՄ ՉՀԱՅՏՆՎԵԼՈՒ ՀԱՄԱՐ (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Չափազանց հետաքրքիր պրոցեսներ են ընթանում, հին աշխարհակարգը փլվել է, նորը ձևավորվում է. ամենահետաքրքիրն այն է, որ ԱՄՆ–ն հենց ինքն է ապամոնտաժում այն աշխարրհակարգը, որը հենց ինքն էլ ձևավորել է։ Այս մասին, այսօր՝ հունվարի 29–ին, մամուլի ասուլիսի ժամանակ նշեց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը։

«ՍԱ ԱՐՁԱՆԱԳՐՎԱԾ Է ԱՄՆ–Ի ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՆՈՐ ՀԱՅԵՑԱԿԱՐԳՈՒՄ, որը շատ հետաքրքիր փաստաթուղթ է։ Առաջինը, ԱՄՆ–ն արդեն ընդունում է, որ աշխարհը արդեն բազմաբևեռ է, ընդունում են, որ հրաժարվում են գաղափարական հեգեմոնիայից։ Հետաքրքիր արձանագրում է, որ հիմնական հակառակորդը այսօր Չինաստանն է, մյուս արձանագրումը, որ Ռուսաստանի հետ պատրաստ են և տեսնում են հնարավորություն կառուցողական և պրագմատիկ հարաբերություններ կառուցել։ Եվրոպայի գնահատականը եվրոպացիների համար նվաստացուցիչ էր, բայց ուղղակի հետևյալն է, որ Եվրոպան դեգրադացվում է։ Այդ բառը չի օգտագործվում, բայց ամբողջ բնութագիրը հենց դա է նշանակում։

Եվս մեկ հետաքրքիր հանգամանք մեզ համար, ընդհանրապես Հարավային Կովկասի մասին զրո հիշատակում կա։ Սա նշանակում է, որ ԱՄՆ–ն այստեղ չունի ֆունդամենտալ շահեր ոչ տնտեսական, ոչ էլ անվտանգային։

Մյուս կողմից, ԱՄՆ նախագահն ասում է, որ իրեն չի հետաքրքրում միջազգային իրավունքը, իրեն զսպում է միայն իր բարոյականությունը և իր պատկերացումն աշխարհի մասին։ Նրա՝ անվտանգության հարցերով գլխավոր խորհրդական Միլլերը ասում է՝ մենք գերպետություն ենք և գործում ենք որպես այդպիսին։ Հաջորդը, որ քաղաքավարությունը այլևս միջազգային հարաբերություններում մնացել է անցյալում։

Հիմա ինչպե՞ս համատեղել այս երկու հանգամանքը, որ մի կողմից աշխարհը բազմաբևեռ է, մյուս կողմից, միակողմանի ճնշում կիրառելով քաղաքականությունն է։ Առաջին հայացքից թվում է, որ բազմաբևեռ աշխարհը ենթադրում է, որ ավելի մեծ ուշադրություն պետքն է դարձնես միջազգային օրենքների վրա, քանի որ կան հակառակորդներ, որոնք համադրելի են իրենց կարողություններով քո հետ և դա կարող է բերել լուրջ խնդիրների։

Այս դեպքում կամ պետք է լինի մեծ պատերազմ, կամ աշխարհը պետք է բաժանեն ազդեցությունների գոտիների։ Ի՞նչ է անում Թրամփը. Նա կառավարվող էսկալացիաների ճանապարհով փորձում է աշխարհը բաժանել ազդեցության գոտիների։

Ի՞նչ պետք է անի Հայաստանը. Աշխարհը շատ ավելի վտանգավոր է, և Հայաստանը պետք է անի ամեն ամեն ինչ գերտերությունների շահերի բախման կետերում չհայտնվելու համար։ Հմուտ նավապետը փոթորիկի ժամանակ կիր նավը օվկիանոս չի հանում։ Սա ուղղակի վերաբերում է Հայաստանին։ Հայաստանը ոչ մի պարագայում չպետք է հայտնվի շահերի բախման կիզակետում»,–ասաց Ռոբերտ Քոչարյանը։

Նա նշեց, թե ինչ է կատարվում այն երկրների հետ, որոնք անտեսում են այս կարևոր հանգամանքը. «Առաջինը, Վրաստանը Սաակաշվիլիի ժամանակ փորձեց խաղալ Ռուսաստանի և ԱՄՆ–ի հակասությունների վրա, ստացավ պատերազմ և տարածքային կորուստներ։ Զելենսկու Ուկրաինան փորձեց խաղալ ՆԱՏՕ–ի և ՌԴ–ի շահերի բախման ամենացավոտ մետերի վրա, ստացավ սարսափելի պատերազմ և տարածքային կորուստներ։ Եվ Հայաստանը Փաշինյանի ժամանակ մտավ այդպիսի խաղերի մեջ, ստացավ պատերազմ, կորուստներ և մարդկային, և տարածքային։

Պետք է փորձենք հմուտ և անել ամեն ինչ, որ Հայաստանը այս դասերից հետևություններ անի»։

TRIPP-ը մեր անվտանգային ամենամեծ սպառնալիքն է դառնալու

ԹՐԻՓՓ-ը հայ-ամերիկյան պրոյեկտ է՝ Ադրբեջանի և Թուրքիայի համար։ Հայկական շահը այստեղ չի երևում ընդհանրապես: Հայաստանը նույնիսկ կողմ չէ այստեղ, կիսակողմ է: Այս ծրագիրը կարող է մեզ հանել այդ բախման կետից, եթե ինքը ընդլայնվի, ու բոլոր խաղացողները դառնան շահառուներ, և հատկապես՝ ծրագրին միանան օրինակ Չինաստանը կամ Ռուսաստանը, – ասել է ՀՀ երկրորդ նախագահը:

«TRIPP -Ը ՊԵՏՔ Է ՄԵԾԱՆԱ, ԿԱՐՈՂ Է ԼԻՆԵԼ ԵՐԿՈՒ TRIPP: TRIPP մեկը՝ Մեղրիի հատված, TRIPP երկուսը՝ Նախիջևանի հատված:Միգուցե դա ավելի հեշտ է կազմակերպչական առումով ձևավորել, բայց բովանդակությունը ու կարգավորումները նույնն են լինելու: Չստացվի, որ հայ-ամերիկյան պրոյեկտը՝ Ադրբեջանի և Թուրքիայի համար պրոյեկտ է: Ես հասկանում եմ մեկ բան, որ Միացյալ Նահանգները փորձելու են այս ծրագիրը «բրթել» առաջ, և անկեղծ ասած չեմ տեսնում Միացյալ Նահանգների տնտեսական շահը:

Միացյալ Նահանգներ-Հայաստան, Միացյալ Նահանգներ-Ադրբեջան ամբողջ արտաքին առևտրի ծավալը կազմում է Միացյալ Նահանգների ամբողջ արտաքին առևտրի ծավալի մոտավորապես 0.004 տոկոսը, սա ոչինչ է: Միացյալ Նահանգները Հարավային կովկասում տնտեսական զրոյական շահ ունի, և այս հետաքրքրությունը կապված է մեկ հանգամանքի հետ՝ Իրանի, Իրանի սահմանը վերցնել վերահսկողության տակ, որիշ բացատրություն չկա: Շատ եմ փորձել լարել իմ երևակայությունը գտնելու համար ինչ-որ բան, բայց չկա: Հայաստանը այս ծրագրով իրեն դնում է աշխարհաքաղաքական խոշոր շահերի բախման կետում»,- նշել է նա:

Քոչարյանը նաև վստահություն հայտնեց, որ TRIPP-ը կարող է դառնալ սպառնալիք ՀՀ-ի համար. «TRIPP-ը մեր անվտանգային ամենամեծ սպառնալիքն է դառնալու։ Ես տպավորություն ունեմ, որ մարդիկ ի պաշտոնե պատասխանատվություն են կրում հարցերի վերաբերյալ, որոնցից բացարձակապես ոչինչ չեն հասկանում. Յուրաքանչյուր երկրի անվտանգության երաշխավորը առաջին հերթին բանակն է: և, ի դեպ, եթե դու ունես մարտունակ բանակ ոչ թե պատերազմ սկսելու համար, այլ խաղաղություն ունենալու համար: Քո մարտունակ բանակը ավելացնում է կշիռդ ուրիշների հետ հարաբերություններում: Որքան մարտունակ է բանակդ, իսկ տնտեսությունդ ավելի հզոր, այնքան ավելի հետաքրքիր դաշնակիցներ կարող ես ունենալ և այնքան իրենք են արժևորելու քո դերը: Եթե դու քեզանից ոչինչ չես ներկայացնում քեզ հետ ի՞նչ ընկերություն անեն: Միջազգային հարաբերություններում այդ սենտիմենտները չկան»։

Ներքաղաքական առումով ունիկալ իրավիճակ է. հնարավոր է ձևավորել խոշոր նախընտրական բլոկներ

Մենք ներքաղաքական առումով ունենք ունիկալ իրավիճակ. Ես չեմ հիշում ՀՀ պատմության մեջ որևէ ընտրություն, որտեղ ընդհանրապես նախընտրական պայքարի ժամանակ հարցեր լինեին հետևյալ բովանդակությամբ՝ Արարատ, թե՞ Արագած, – նշեց Ռոբերտ Քոչարյանը։

«ԵՐԲԵՔ ԽՈՍՔ ՉԻ ԵՂԵԼ ԱԶԳԱՅԻՆ ԻՆՔՆՈՒԹՅՈՒՆԸ ՊԱՀՊԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ, եկեղեցու միասնությունը պաշտպանելու մասին։ Վիճակն իսկապես ունիկալ է։ Իսկապես, ամբողջ ընդդիմադիր դաշտում, երբ դիտում ես մարդկանց հարցազրույցները, ֆունդամենտալ հարցերի շուրջ տարբեր բևեռներում գտնվող, տարբեր հայացքներ ունեցող լավ կամ վատ մարդկանց մոտ խոսույթը գրեթե նույնն է։ Սա նշանակում է, որ կա բավական լուրջ դաշտ համագործակցության համար, նաև թեզերի սինխրոնիզացման համար, լրատվական միջոցների հետ աշխատելու առումով նաև։ Սա բացառիկ իրավիճակ է։ Սա ևս մի հանգամանք է, որը հնարավորություն է տալիս և ավելի մեծ լավատեսություն է հաղորդում այն հագամանքին, որ հնարավոր է ձևավորել խոշոր նախընտրական բլոկներ»,–ասաց նա։

Քոչարյանը զուգահեռ տարավ միջազգային և ներքաղաքական իրավիճակների միջև՝ նշելով. «Ի՞նչ ունենք մենք հիմա. Ունենք ունիկալ աշխարհաքաղաքական իրավիճակ, երբ խոսքը ոչ թե իրավունքի ուժի մասին է, այլ ուժի իրավունքի, որտեղ ուժը լեգիտիմացնում է ամեն ինչ։ Մյուս կողմից ունենք ունիկալ ներքաղաքական իրավիճակ։ Այս երկու ունիկալ իրավիճակներից մեկն աշխատում է մասամբ իշխանության օգտին, մյուսը ակնհայտ ընդդիմության օգտին։ Թե ինչ արդյունք է լինելու, ցույց կտան ընտրությունները։ Բայց այսօր բոլորը պատրաստվում են հենց այդ իրադարձությանը»,–ասաց նա։

Ռուսաստանը չի ներգրավվի TRIPP նախագծի իրականացմանը

ՀՀ երկրորդ նախագահը վստահ է, որ Ռուսաստանը չի մասնակցի TRIPP նախագծին։ Ռոբերտ Քոչարյանը այսպես է մեկնաբանել Ռուսաստանի Պետդումայի ԱՊՀ հարցերով հանձնաժողովի փոխնախագահ Կոնստանտին Զատուլինի հայտարարությունները՝ կապված նախագծին Ռուսաստանի մասնակցության հետ։

«Ո՞Վ ԱՍԱՑ, ՈՐ ՌՈՒՍԱՍՏԱՆԸ ԿՄԱՍՆԱԿՑԻ TRIPP ՆԱԽԱԳԾԻՆ։ Ընդհակառակը, Միացյալ Նահանգները կանի ամեն ինչ, որպեսզի Իրանի հետ լավ հարաբերություններ ունեցող ոչ մի երկիր չմասնակցի այդ նախագծին։ Անձամբ ես այդպիսի տպավորություն ունեմ, և հենց այդ պատճառով էլ կասկածում եմ նախագծի իրական նպատակներին»,- հայտնել է Քոչարյանը։

Երկրորդ նախագահը խոստովանել է, որ «երկու ձեռքով» կողջունի TRIPP նախագիծը, եթե դրան միանա կամ Ռուսաստանը, կամ Չինաստանը։ Սա կթեթևացնի Իրանի մտահոգությունները նախագծի վերաբերյալ, բայց այսօր նման բան տեղի չի ունենում։ «Ես նման հնարավորություն չեմ տեսնում։ Չգիտեմ, թե ինչու է Կոնստանտին Զատուլինն արել այդ հայտարարությունը, բայց անձամբ ես որևէ տեղեկություն չունեմ և չեմ տեսնում որևէ պատճառ ենթադրելու, որ Հայաստանը փորձում է Ռուսաստանին որևէ կերպ ներգրավել այդ նախագծում»,- հայտնել է նա։

Հիշեցնենք, որ Կոնստանտին Զատուլինը հայտնել էր, որ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը փորձում է Ռուսաստանին ներքաշել TRIPP նախագծի մեջ («Թրամփի երթուղի» Մեղրիով)՝ քննադատությունն իրենից շեղելու և «սլաքները Մոսկվայի դեմ ուղղելու» համար։

Նույնիսկ Ադրբեջանի համար դժվար է ասել՝ չէ, արցախցիների վերադարձը չենք կարող քննարկել

Խոսքը ոչ թե արցախցիների վերադարձի, այլ վերադարձի իրավունքը ֆիքսելու մասին է, – նշեց Ռոբերտ Քոչարյանը։

«ԱՅՍՏԵՂ ՃԱՆԱՊԱՐՀԸ ՄԵԿՆ Է՝ ԱԿՏԻՎ ԴԻՎԱՆԱԳԻՏԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՆՔ։ Սա այն թեման է, որը դժվար է մերժել միջազգային հանրության կողմից։ Ես չեմ պատկերացնում որևէ եվրոպական երկիր, որ ասի՝ մենք չենք համարում, որ դուք պետք է այդ իրավունքը հետապնդեք։ Հնարավոր չէ նման բան ասել։ Այս պահին իրատեսականը սա է, փորձենք դիվանագիտական ճանապարհով այդ հարցի լուծումը ստանալ։ Ես տեսնում եմ, որ դա հնարավոր է։ Նույնիսկ Ադրբեջանի համար դժվար է ասել՝ չէ, վերադարձ չենք կարող քննարկել։ Իրենք փորձելու են դա կապել ադրբեջանցիների վերադարձի հետ»,–ասաց նա։

ՌԴ-ն զեղչեր էր տալիս. մարդ հիմար պետք է լինի, որ գնա ուրիշ տեղից կրկնակի թանկ նույն զինատեսակը առնի

Այս հայտարարությունը որևէ երաշխիք չի պարունակում իր մեջ, չկան երաշխավորներ. Իմ առաջարկը հետևյալն էր՝ համալրել ևս մեկ համաձայնագրով, որն իր մեջ կներառի երաշխիքային ամբողջ համալիրը և այդ երկու փաստաթղթերը ստորագրվեն միաժամանակ, – նշեց ՀՀ երկրորդ նախագահը՝ անդրադառնալով հարցին, թե արդյոք իր իշխանության գալուց դեպքում կստորագրի խաղաղության համաձայնագիրը այն տեսքով, որ տեսքով այն կա։

«ՉԻ ԿԱՐԵԼԻ ԽԱՂԱՂՈՒԹՅՈՒՆ ԱՆՎԱՆԵԼ ԱՅՆ ԽԱՂԱՂՈՒԹՅՈՒՆԸ, ՈՐԸ ԿԱԽՎԱԾ Է ՄԵԿ ՄԱՐԴՈՒ՝ Իլհամ Ալիևի տրամադրությունից։ Իսկ այս քաոտիկ աշխարհում հույս դնել մեկ մարդու տրամադրության վրա, անհեթեթություն է և անպատասխանատվություն։ Հետո կասեն՝ վայ, էս ինչ եղավ, խաբեց, ես ի՞նչ անեմ։ Սա է լինելու»։

Անդրադառնալով վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարությանը, թե ՀԱՊԿ անդամակցությունը խոչընդոտել է այլ աղբյուրներից զենք գնելուն, Քոչարյանն ասաց. «Մենք ուրիշ տեղից զենք գնելու խնդիր երբևէ չենք ունեցել, նաև այդպիսի գնումներ եղել են։ Ուղղակի ՌԴ–ի հետ գնային առումով այնպիսի զեղչեր ենք ունեցել, որ մարդ հիմար պետք է լինի, որ գնա ուրիշ տեղից կրկնակի թանկ նույն զինատեսակը առնի ու դրա հետ միասին հարցեր պետք է առաջանան, թե այդ զինատեսակի սպասարկման հետ կապված ինչ պետք է անես, «բոյեկոմպլեկտը» ոնց պետք է բերես։ բոլոր հարցերում լրջագույն խնդիրներ էին առաջանում։

Եթե դու Ֆրանսիայից ինչ–որ մի քանի հրետանի ես գնել, դու մտածում ես, թե ինչ գնով ու ինչ քանակի, պետք է նաև զինամթերքը բերես։ Ո՞նց ես բերելու և ինչ է դա քո վրա նստելու։ Առնվազն 4-5 անգամ ավելի թանկ, ո՞նց ես սպասարկելու։ 5 միավորի համար սպասարկման կենտրո՞ն ես բացելու, թե՞ ամեն պրոբլեմի համար այնտեղից մասնագետներ պետք է գան ու նայեն։ Սա միայն իր հետ խնդիրներ է բերում։

Այսպիսի մի տերմին կա՝ «զինատեսակի զոոպարկ»։ Դա բավական պրոբլեմային է, դրա համար շատ երկրներ մեկ հիմնական գործընկեր են ունենում խոշոր երկրներից, որոնց զինատեսակներով համալրում են իրենց բանակը և դա չի ստեղծում այդ խնդիրները։ ՆԱՏՕ–ում ստանդարտիզացիա են անում հենց այդ խնդիրները լուծելու համար։ Հիմա մենք մի բան Ֆրանսիայից ենք բերել, մի բան Հնդկաստանից, չգիտեմ էլ որտեղից են բերելու, հետո ոնց է այդ ամբողջը իրար հետ կապվելու։ Սա անհեռատես, ենթադրում եմ նաև «ակտակտների» մոտիվացիայով գործընթացներ են»,–ասաց նա։

Ինչքան լավ մասնագետ կա, անունը դրել են գող ու թալանչի, բոլորին հեռացրել են, տեղը նշանակել են քծնող սպաներ

2018–ին ասում էի՝ անփորձ են. հիմա 8 տարի հետո եթե ասես՝ անփորձ են, պիտի ասես՝ ապուշ են. Բա 8 տարում գոնե մի բան չսովորեցի՞ն, – նշեց Ռոբերտ Քոչարյանը՝ անդրադառնալով գործող իշխանությունների գործունեությանը։

«ՈՒՐԵՄՆ ԱՅՍՏԵՂ ԿԱՄ ՄԱՐԴԻԿ ԵՆ, ՈՐՈՆՔ ՈՒՆԱԿ ՉԵՆ ՈՐԵՎԷ ԲԱՆ ՍՈՎՈՐԵԼՈՒ ՍԵՓԱԿԱՆ ՓՈՐՁԻՑ, կամ մարդիկ են, որոնք այլ մոտիվներ ունեն։ Դիվերսիֆիկացիան պետք է քո դիրքերն ուժեղացնի։ Իրենք բանակը չեն ուժեղացնում։ Այն նույն ՀՕՊ միջոցները, որոնք Ուկրաինայի պատերազմում հաստեցին իրենց էֆեկտիվությունը, այդ նույնը մենք ունեինք։ Ուկրաինայում «Բայրաքթարները» երկու շաբաթում վերացան, բոլորը խփվել են, մեզ մոտ ինչի՞ դա չեղավ։ Նույն հակաօդային միջոցներով «բայրաքթարները» ավարտվեցին»,–ասաց նա»,–ասաց նա՝ հավելելով, որ պատճառներից մեկը այն է, որ «կլուբնիկային բարեփոխումներ» են անում, «որովհետև ինչքան լավ մասնագետ կա, անունը դրել են գող ու թալանչի, բոլորին հեռացրել են, տեղը նշանակել են քծնող սպաներ»։

Հակված ենք գնալ «Հայաստան» դաշինքի նույն ֆորմատով. ցուցակը գլխավորելու հավանական թեկնածուն ես եմ

Այո, ես համարում եմ, որ բարենպաստ պայմաններ են նախընտրական խոշոր բլոկներ ձևավորելու համար, – նշեց ՀՀ երկրորդ նախագահը։

ՀԻՇԵՑՆԵԼՈՎ, ՈՐ ՆԱԽՈՐԴ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ ՄԱՍՆԱԿՑԵԼ Է ՄՈՏ 25 ՔԱՂԱՔԱԿԱՆ ՈՒԺ, նա ասաց. «Հիմա հնարավորություն կա, որ մասնակցեն 8-10–ը, ոչ ավել։ Ես տեսնում եմ հնարավորություն, որ ընդդիմադիր դաշտը կարող է գնալ ընտրությունների 3, առավելագույնը 4 խոշոր բլոկներով։

Ինչ վերաբերում է «Հայաստան» դաշինքին, մենք վերջնական որոշում դեռ չունենք, բայց հակված ենք գնալ նույն ֆորմատով։ Անցած անգամ հայտարարել ենք, որ փետրվարին ենք որոշումը կայացնելու, դեռ ժամանակ ունենք։

Նախկինում իմ ասածը ավելի շատ վերաբերել է այն կուսակցություններին, որոնք կարող են շեմը հաղթահարելու խնդիր ունենալ, և նախորդ ընտրությունների ժամանակ ձայների փոշիացման պատկերը չունենալու համար բարենպաստ պայմաններ են խոշոր բլոկներ ձևավորելու համար։ Ես կցանկանայի, որ 3-4 այդպիսի բլոկ ունենանք։ Ունեմ ինֆորմացիա, որ բանակցում են, բայց իմ տպավորությունը այնպիսին է, որ պատկերը ավելի բարենպաստ է լինելու ընդդիմության համար այս ընտրություններում։ Ոչ թե 25 միավոր, որից 20–21–ը՝ ընդդիմադիր դաշտից»,–ասաց նա։

Անդրադառնալով հարցին, թե ով է առաջնորդելու իրենց դաշինքը, Ռոբերտ Քոչարյանն ասաց, որ հարցում են անցկացնելու փետրվարի սկզբին և դրանց ելնելով որոշելու են, թե ով է առաջնորդը լինելու. «Եթե սոցիոլոգիան ցույց տա, որ ամենից շատ ձայներ բերողը ես եմ, ուրեմն ես եմ մնալու։ Եթե հայտնվել է մեր դաշինքում մեկը, ով կարող է ավելի մեծ ձայներ ապահովելու, ուրեմն նա է լինելու։ Ես շատ ուրախ կլինեմ, որ դա ես չլինեմ, շատ մեծ բեռից կազատվեի։ Այս վիճակում պայքարից փախչելը կհամարեի դասալքություն։

Այսօր լրատվամիջոցներում հրապարակված սոցիոլոգիական հարցումները ցույց են տալիս, որ դեռ այո, ես եմ առավել հավանական թեկնածուն, որ կգլխավորի ցուցակը։ Այսօրվա դրությամբ այդպես է, բայց վերջնական որոշում կայացնելու համար պետք է ինքս հասկանամ, թե ինչքանով է սա արդյունավետ լինելու ամբողջ թիմի համար։ Մենք գնում ենք ընտրությունների ավելի լավ դիրքերից, քան դա եղել է 2021–ին»,–ասաց նա՝ հավելելով, որ պրոֆեսիոնալ սոցիոլոգիական ընկերության են պատվիրելու հարցումը»,–ասաց նա։

Քոչարյանը հավելեց, որ իրենց ցուցակում որոշակի թարմացում լինելու է. «Նաև կյանքը ցույց տվեց, որ պետք է դա անել։ Մենք ունենք ակտիվ ձևավորված թիմ, բայց անկասկած նաև նոր մարդիկ են հայտնվելու ցուցակում և թիմում»։

Այլևս «Սիստեմա» ԱՖԿ տնօրենների խորհրդի անդամ չեմ

ՀՀ երկրորդ նախագահը հայտնեց, որ այլևս «Սիստեմա» ԱՖԿ տնօրենների խորհրդի անդամ չէ։

«ԵՍ ՀՐԱԺԱՐՎԵԼ ԵՄ ԱՆԴԱՄԱԿՑՈՒԹՅՈՒՆԻՑ 2021Թ ԽՈՐՀՐԴԱՐԱՆԱԿԱՆ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՆԱԽՕՐԵԻՆ։ «Սիստեմա» ԱՖԿ-ում պետք է անցկացվեր բաժնետերերի ժողով, և ես խնդրել եմ, որ իմ թեկնածությունը չվերաառաջադրվի, քանի որ մտադիր եմ մասնակցել Հայաստանի խորհրդարանական ընտրություններին»,- հայտնել է Քոչարյանը։ Նա նշել է, որ «Սիստեմա» ԱՖԿ-ի բաժնետեր է, ինչը նշված է նաև 2021թ․ ընտրությունների նախօրեին իր ներկայացրած եկամուտների հայտարարագրում։

Քոչարյանը նաև խոստովանել է, որ տիրապետում է աննշան տոկոսի՝ 0.03 տոկոսի։ Երկրորդ նախագահը նաև բացատրել է, թե ինչպես է ձեռք բերել ընկերության բաժնետոմսերը։ «Ես 12 տարի անկախ տնօրեն էի։ Ընթացակարգը հետևյալն էր. կատարված աշխատանքի համար վճարման մի մասը կատարվում էր բաժնետոմսերով, իսկ մյուս մասը՝ կանխիկ։ Բաժնետոմսերը մինչ օրս պահպանվում են։ Սակայն բաժնետոմսերի տոկոսը շատ փոքր է, քանի որ խոսքը շատ մեծ ընկերության մասին է։ Որպեսզի պատկերացում կազմեք մասշտաբի մասին, կասեմ հետևյալը. ընկերությունը տիրապետում է 200-250 հազար հեկտար գյուղատնտեսական հողատարածքների և մոտ 150 բժշկական կենտրոնի, դա ավելին է, քան ամբողջ Հայաստանում։ Այսինքն՝ դա հսկայական ընկերություն է, և ես այնտեղ աշխատել եմ 12 տարի։ Եվ ուզում եմ ասել, որ բացի պետական ​​կառավարման ոլորտում իմ ունեցած փորձից՝ որպես Արցախի նախագահ, վարչապետ և Հայաստանի նախագահ, ես ձեռք եմ բերել շատ արժեքավոր կորպորատիվ կառավարման փորձ։ «Կարո՞ղ եք նշել Հայաստանում որևէ մեկին, ով նմանատիպ փորձ ունի»,- հարցրել է Քոչարյանը։

Նա նշել է, որ իր ունեցած ինքնատիպ փորձը կարող է ծառայել հօգուտ պետության բարեկեցության։

ՀԱՊԿ-ին պետք է նայենք որպես ռուսաստանակենտրոն մի կառույց. գործ ունենք ՌԴ-ի հետ, Մոռացեք Լուկաշենկոյին

ՀԱՊԿ–ի հետ հարաբերվելու խնդիր չկա ընդհանրապես. ՀԱՊԿ–ի հետ կապված ես էլ ունեմ որոշակի հիասթափություն, որը գալիս է նրանից, որ ՀԱՊԿ բոլոր երկրները, բացի Ռուսաստանից, Ադրբեջանի հետ ունեն շատ ավելի լավ հարաբերություններ, քան Հայաստանի, – ասաց Ռոբերտ Քոչարյանը։

«ՍԱ ԱՐԴԵՆ ԽՆԴԻՐ Է ՄԵԶ ՀԱՄԱՐ։ Ի՞նչ ենք արել մենք, որ մեր հարաբերությունները չփչացնենք ՀԱՊԿ–ի հետ, հակառակը՝ արել ենք ամեն ինչ, որ այս պատկերը ստեղծվի։ Մենք պետք է ՀԱՊԿ–ին դիտենք հետևյալ կերպ. ՀԱՊԿ–ն առանց Ռուսաստանի ի՞նչ է իրենից ներկայացնում, ոչինչ։ ՀԱՊԿ–ին պետք է նայենք որպես ռուսաստանակենտրոն մի կառույց և մենք գործ ունենք Ռուսաստանի հետ։ Մոռացեք Լուկաշենկոյին, մոռացեք Կենտրոնական Ասիայի երկրներին»,–ասաց նա։

Պատկերացրեք՝ Ռուսաստանն էլ ՀՀ-ի վրա մաքսատուրքեր սահմանի հիբրիդային պատերազմի մասին ելույթներից հետո

«Եթե խոսենք հիբրիդային պատերազմի կամ խոշոր պետությունների՝ փոքր պետությունների վրա ազդեցության մասին, հիմա տեսնում ենք, թե Թրամփը ինչպես է իր հարցերը լուծում մեկի ասածն իր դուրը չեկավ, մաքսատուրքեր է սահմանում։ Պատկերացրեք՝ Ռուսաստանը նման ոճ որդեգրի՝ աշխատելու այն տարածքների հետ, որոնք պատմականորեն համարվում են Ռուսաստանի ազդեցության գոտի», ասաց ՀՀ երկրորդ նախագահը։

«ՊԱՏԿԵՐԱՑԵՔ՝ ՄԵԿԸ ՀԻԲՐԻԴԱՅԻՆ ՊԱՏԵՐԱԶՄԻ ՄԱՍԻՆ ԽՈՍԻ, կամ Ալեն Սիմոնյանը հերթական հիմարությունն ասի, Ռուսաստանը հայտարարի 200 տոկոս մաքսատուրք Հայաստանի համար։ Ի՞նչ ենք անելու։ Ռուսաստանն այս ընթացքում այնպիսի քաղաքականություն է վարել, որ մենք չենք էլ պատկերացնում, որ կարող է նման բան անել, բայց Ռուսաստանի լծակները մեր վրա նման քաղաքականությամբ ազդելու, հսկայական են։ Նման քայլ անեն գյուղատնտեսության նկատմամբ, խնդիր է, որովհետև մեր գյուղարտադրանքը բացի Ռուսաստանից ուրիշ տեղ չի արտահանվում»,–հավելեց Քոչարյանը։

Ռոբերտ Քոչարյանը հիշեցրեք, որ 2019 թվականին վրացի մի լրագրող հեռուստատեսությամբ կոպիտ էր արտահայտվել Ռուսաստանի և ՌԴ նախագահի մասին, ինչից անմիջապես հետ Ռուսաստանը դադարեցրեց առևտուրը Վրաստանի հետ, չեղարկեց բոլոր չվերթները։

«Այդ լրագրողը աշխատանքից հեռացվեց, Վրաստանը ներողություն խնդրեց Ռուսաստանից։ Ժողվուրդը հասկացավ, թե ինչքան է Վրաստանի տնտեսությունը և իրենցից յուրաքանչյուրի բարեկեցությունը կախված Ռուսաստանից»,–նշելով, որ Ռուսաստանը Հայաստանի նկատմամբ ավելի մեղմ քաղաքականություն է վարում՝ տարբեր գործոններ հաշվի առնելով։

Ռոբերտ Քոչարյանի խոսքով, Հայաստանի իշխանություններն ընտրություններին ընդառաջ շարունակելու են հակառուսական տրամադրություններ գեներացնել Հայաստանում՝ հույս ունենալով աջակցություն ստանալ Եվրոպայից։

«Իմիջիայլոց, դա նույն Եվրոպան է, որ Ուկրաինային խրախուխեց մտնել խորը պատերազմի մեջ և հիմա ի՞նչ։ 2022 թվականին ապրիլին Ստամբուլում բանակցությունների էին Ռուսաստանի և Ուկրաինայի միջև։ Եվրոպացիների ակտիվ մասնակցությամբ բանակցությունները ձախողվեցին և արդեն 4–րդ տարին է՝ պատերազմը շարունակվում է»,–հավելեց Քոչարյանը։

Հայաստանը չպետք է սահմանափակի իրեն միայն ձևական սահմաններով

Ռոբերտ Քոչարյանը պարզաբանեց իր վերջին հայտարարությունը, որ երկրի դիրքը «27 43» (29 800 քառակուսի կիլոմետր) սահմաններում վկայում է լուրջ խնդիրների առկայության մասին։

ՊԱՏԱՍԽԱՆԵԼՈՎ ԼՐԱԳՐՈՂԻ ՀԱՐՑԻՆ, ԹԵ ԻՆՉՊԵՍ ԵՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՊԱՇՏՈՆՅԱՆԵՐԸ ՄԵԿՆԱԲԱՆՈՒՄ ԻՐ ԽՈՍՔԵՐԸ, այդ թվում՝ որպես տարածքային պահանջների կամ ռազմական օրակարգի ակնարկ, Քոչարյանն ընդգծել է, որ նման մեկնաբանությունները խեղաթյուրում են իր խոսքերի իմաստը։

«Խոսքն այլ պետությունների տարածքների վերաբերյալ տեսակետների մասին չէ։ Դա ընդհանրապես խնդիրը չէ։ Ես ասում էի, որ Հայաստանը չպետք է իրեն սահմանափակի միայն իր պաշտոնական աշխարհագրական սահմանների շրջանակում»,- նշել է նա։

Ըստ Քոչարյանի՝ ժամանակակից աշխարհում կան բազմաթիվ օրինակներ այն երկրների մասին, որոնք, չնայած իրենց փոքր տարածքին, դարձել են ազդեցիկ խաղացողներ միջազգային ասպարեզում։

«Եթե հիշում եք, նման երկրների թվում են Սինգապուրը, Կատարը և Արաբական Միացյալ Էմիրությունները։ Նրանք սահմանափակ ռեսուրսները և փոքր տարածքը վերածել են առավելության։ «Պետությունը կարող է մեծ լինել ոչ թե չափսերով, այլ հնարավորություններով և ազդեցությամբ»,- ասել է նա։

Քոչարյանն ընդգծել է, որ Հայաստանի ներուժը տարածվում է շատ ավելի հեռու, քան նրա բնակչությունն ու տարածքը։

«Հայաստանը միայն այս հողի վրա ապրող երեք միլիոն մարդիկ չեն։ Այն նաև եկեղեցին է, սփյուռքը, պատմական և մշակութային ժառանգությունը և համաշխարհային ներկայությունը։ Սա նշանակալի ռեսուրս է, որը պետք է ճանաչվի և օգտագործվի»,- նշել է նա։

Նախկին նախագահը նաև ուշադրություն է հրավիրել համաշխարհային միտումների վրա՝ նշելով, որ փոքր պետությունների դիրքն առաջիկա հինգ-տասը տարիների ընթացքում կդառնա ավելի խոցելի։

«Աշխարհը դառնում է ավելի ու ավելի դաժան և ռիսկային փոքր երկրների համար։ Սա ընդունում են ոչ միայն հայերը. պետությունների ղեկավարները խոսում են այդ մասին միջազգային ֆորումներում, այդ թվում՝ Դավոսում։ Միջազգային միջավայրը ավելի ու ավելի է հիշեցնում «ջունգլի», որտեղ գոյատևում և ծաղկում են նրանք, ովքեր գիտեն, թե ինչպես օգտագործել իրենց հնարավորությունները»,- ընդգծել է Քոչարյանը։

Եզրափակելով՝ նա նշել է, որ Հայաստանը պետք է դադարի սահմանափակվել սեփական հնարավորությունների նեղ տեսանկյունից և սկսի խոսել և գործել որպես ավելի մեծ, ավելի վստահ խաղացող։ Սա նշանակում է, որ փոքր երկրները պետք է ունենան ավելի խոր, ավելի ուժեղ և ավելի պրագմատիկ քաղաքականություն։ «Աշխարհում ոչինչ, ինչը գոյություն չունի, գոյություն չունի։ Մի կողմից ես գրում եմ, բայց մյուս կողմից՝ ոչինչ չեմ հասկանում»։

Ես համարում եմ, որ ինձնից լավ ոչ ոք չի կարող երկիրն այս ճգնաժամային վիճակից հանել

«Մամուլում մշտապես նման կերպ են ձևակերպում՝ «նախկինները գնան, մյուսների համար պայծառ ապագա կստեղծվի»։ ԻՆձ մոտ հարց է առաջանում՝ ինչու՞ են նույնացնում նախկիններին», – ասաց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը։

«ՆԱԽԿԻՆ ԵՐԵՔ ՆԱԽԱԳԱՀՆԵՐՍ՝ ԵՍ, ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆԸ ԵՎ ԼԵՎՈՆ ՏԵՐ–ՊԵՏՐՈՍՅԱՆԸ, բնավորությամբ լրիվ տարբեր ենք։ Հայացքներով, աշխատանքի ոճով և մեր աշխատած տարիների արդյունավետությամբ ևս լրիվ տարբեր ենք։ Մենք նման ենք միայն այն տեսանկյունից, որ բոլորիս աշխատանքային գրքույկում գրած է, որ նախագահ ենք եղել։ Եթե այն հանամանքը, որ նախագահ ենք եղել, բավարար է, որ այսպես փաթեթային ասեն՝ դու չպետք է մասնակցեք ընտրություններին․․․։ Եթե այդպես է՝ բոլոր նախարարները չպետք է մասնակցեն, որովհետև նախարար են եղել, պատգամավորները չպետք է մասնակցեն, որովհետև պատգամավոր են եղել, մարդու իրավունքների պաշտպանները չպետք է մասնակցեն, որովհետև մարդու իրավունքների պաշտպան են եղել և այդպես շարունակ։ Դա նորմա՞լ է, իհարկե նորմալ չէ»,–նշեց ՀՀ 2-րդ նախագահը ։

Քոչարյանը նշեց, որ յուրաքանչյուր մարդ ինքն է որոշում՝ ընտրություններին մասնակցել, թե ոչ, կամ ինչ ձևաչափով մասնակցել։

Լրագրողի դիտարկմանը, որ Փաշինյանը ՀՀ նախկին նախագահներին մեղադրում է թալանի մեջ, Ռոբերտ Քոչարյանը պատասխանեց․

«Հետաքրքիրն այն է, որ Փաշինյանն իշխանության է եկել կարգախոսով, որ ժողովրդին սիրում է, հետով պարզվեց, որ փողն է սիրում։ Եթե ժողովրդին սիրեր, թոշակառուների վիճակն այսպիսին չէր լինի»։

Պատասխանելով լրագրողի հարցին՝ ինչը՞ կարող է պատճառ հանդիսանալ, որ Ռոբերտ Քոչարյանը որոշի հեռանալ քաղաքականությունից, պատասխանեց․

«2008 թվականին ես որևէ պետական պաշտոն չզբաղեցրի, թողի, հեռացա։ Կյանքիս ամենաերջանիկ տարիները եղել են 2008-2018 թվականները․ ազատ մարդ էի։ Աշխատել եմ մի հսկայական ընկերությունում, մեծ գումար եմ վաստակել և պատասխանատվություն չեմ կրել ամեն ինչի համար։ Սա հաճույք էր մի մարդու համար, որը 1998 թվականից մինչև 2008 թվական միշտ ծանր փորձությունների միջով էր անցնում, ճգնաժամային իրավիճակներում իր վրա պատասխանատվություն էր ստանձնում։ Հիմա նույնպես ճգնաժամային իրավիճակ է, և պատասխանտվություն ստանձնելու կամ խուսափելու ընտրության առջև ես կանգնած։ Ես համարում եմ, որ ինձնից լավ ոչ ոք չի կարող երկիրն այս վիճակից հանել։ Եթե մեկի անունը տաք, ով ավելի մեծ փորձ ունի բոլոր ուղղություններով, շատ բարի։ Երբ ներկայացնենք մեր մասնակցության ձևաչափը, ավելի մանրամասն կխոսենք։ Դեռ վերջնական որոշումը չկա։ Մի փոքր առաջ ընկա»։

Եթե Հայաստանի ղեկավարը լիներ Թուրքիայի գործակալ, կաներ այն քայլերը, որ այսօր անում է Փաշինյանը

«Միայն Հաքան Ֆիդանը չէ, Կայա Կալասի հայտարարությունը նայեք։ Այո, նրանք շատ ուղղակի աջակցություն են հայտնում Նիկոլ Փաշինյանին։ Չեմ կարծում, որ դա իրենց նախաձեռնությունն է։ Նախաձեռնությունը գալիս է Հայաստանից։ Հայաստանից պատվիրակությունները գնում են, ասում են՝ մենք արևմտյան գիծն ենք բռնել, Ռուսաստանը հիբրիդային պատերազմ է սկսելու մեր դեմ։ Նույնն է, ինչ անում էր Սաակաշվիլին սրում էր հարաբերությունները, հետո վազում ԱՄՆ՝ աջակցություն խնդրելու համար», – ասաց Ռոբերտ Քոչարյանը՝ նշելով, որ Հաքան Ֆիդանն, իր հայտարարությամբ, ըստ էության աջակցություն է հայտնել Նիկոլ Փաշինյանին և նրա վարած քաղաքականությանը։

ՆՇԵՆՔ, ՈՐ ՀՈՒՆՎԱՐԻ 15-ԻՆ ԹՈՒՐՔԻԱՅԻ ԱՐՏԳՈՐԾՆԱԽԱՐԱՐ ՀԱՔԱՆ ՖԻԴԱՆԸ մամուլի ասուլիսի ժամանակ անդրադարձել էր Հայաստանում կայանալիք ընտրություններին և հայտարարել. «Մենք տեսնում ենք, որ ներկայում անցկացվող հանրային հարցումներում Փաշինյանն առաջատար է։ Մենք իսկապես աջակցում ենք այն կառուցողական դերին, որը նա տանում է։ Այդ գիծը, այդ կամքը պետք է շարունակվի»։

«Նույն մոդելն է։ Դու փորձում ես սրված հարաբերություններում մեկի գիրկը մտնե՞լ, թե ընտրել այն քայլերը, որոնք բերում են այնտեղ, որտեղ համընկնում են շահերը։ Մենք այդպես էինք անում, և դրա անունը դրել ենք կոմպլեմենտար քաղաքականություն։ Հիմա Հայաստանն անում է ճիշտ հակառակը, սրում է հարաբերությունները և փորձում է դրա դիմաց ինչ–որ բան պոկել Արևմուտքից։ Ինչպես է սա ազդելու ներքաղաքական կյանքի վրա․ որոշակի ազդեցություն ունենալու է։ Բայց պատկերացրեք՝ ընդդիմությունն այդ տեսանկյունից հայտնվել է անհավասար պայմաններում։ Նույն Ռուսաստանը նման կարգի հայտարարություններ չի անում, Չինաստանն էլ չի անում։ Չինաստանի ու ԱՄՆ–ի տարբերությունն այն է, որ ԱՄՆ–ն ասում է՝ եթե սա չանես, կպատժեմ, իսկ Չինաստան ասում է՝ եթե սա անես, կխրախուսեմ։ Մոտեցումների մեծ տարբերություն կա, այդ պատճառով էլ Չինաստանը շատ ավելի գրավիչ է շատ երկրների համար։ Հայաստանը, չգիտեմ ինչ նպատակներով, մտնում է այնտեղ, որտեղ մեկի հետ հարաբերությունները պետք է կառուցես մյուսի հետ հարաբերությունները փչացնելու արդյունքում։ Սա նորմալ չէ փոքր երկրի համար»,–նշեց Քոչարյանը։

Ռոբերտ Քոչարյանը հիշեցրեց, որ 2018-2020 թվականներին Նիկոլ Փաշինյանը հակաթուրքական այնպիսի հայտարարություններով էր հանդես գալիս, ինչպիսի հայտարարություն որևէ այլ ղեկավար երբեք չի արել։

«Այդ ժամանակ Մակրոն–Էրդողան հարաբերություններն էին սրվել։ Մակրոնը փորձում էր հակաթուրքական ոչ ֆորմալ դաշինք ձևավորել և այդ հարցը շատ ակտիվ քննարկում էր Եգիպտոսի, Իսրայելի, Հունաստանի և Կիպրոսի հետ։ Այդ ժամանակ Հայաստանը միացել էր այդ ոչ ֆորմալ կոանլիցիայի ձևավորմանը։ Մակրոնն էլ շաբաթը մեկ կարծիք է փոխում։ Ես տասը տարի նախագահության ժամանակ երբեք հակաթուրքական հայտարարություն չեմ արել, հարևան երկիր է։ Դուք պատկերացրեք՝ ես սկսեի խոսել Քուրդիստանի ստեղծման մասին, դա հիմարություն կլիներ, հարվածի տակ կդնեի Հայաստանի հանրապետությունը։ Եվ ոչ մի նախագահ այդպիսի բան չի արել։ Ինքը մտավ այդ պատմության մեջ և երևի սա է պատճառներից մեկը, որ 2020 թվականի պատերազմում Թուրքիան անթաքույց կանգնեց Ադրբեջանի կողքին»–հավալեց Ռոբերտ Քոչարյանը։

Լրագրողի դիտարկմանն այն մասին, որ հանրության մի ստվար զանգված հաշտ չէ և չի ընդունում Փաշինյանի վարած զիջողական քաղաքականությունը, ՀՀ 2-րդ նախագահը պատասխանեց․

«Կարող է լինել պրագմատիկ քաղաքականություն, որը ենթադրում է որոշակի զիջումներ։ Այդ պրագմատիզմը չեմ տեսնում։ Տեսնում եմ մի քաղաքականություն, որի մոտիվացիան ինձ համար անհասկանալի է։ Եթե Հայաստանի ղեկավարը լիներ Թուրքիայի գործակալ, կաներ այն քայլերը, որ այսօր անում է Նիկոլ Փաշինյանը։ Ես այդ մոտիվացիան չեմ հասկանում։ Որովհետև շատ պարզ հարցերում անում են բաներ, որոնք շատ ծանր հետևանքներ են ունենում»։

News.am-ի նյութերով