Անվտանգությունը մնում է Հայաստանի առաջիկա տարիների գլխավոր խնդիրներից մեկը, որի ապահովման համար անհրաժեշտ է մարտունակ բանակ, ուժեց առաջնորդ և հզոր դաշնակից։ Այդ մասին Կ. Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում անցկացված հանդիսավոր միջոցառման ժամանակ հայտարարեց «Հայաստան» դաշինքի վարչապետի թեկնածու, ՀՀ 2–րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը։
«Սա ինձ համար դա պաշտոնի բարձրացում չէ, այլ իջեցում է։ Մենք տրամադրված ենք վճռական, մեր նպատակը հաղթանակն է։ Վստահ եմ, որ այն չարը, որ մարմնավորում է այս իշխանությունը, պարտվելու է։ Ես նրանց հետ պայքարի մեջ եմ մտել նրանց իշխանության գալու առաջին օրվանից և չեմ հանգստանալու այնքան ժամանակ, մինչև նրանք չհեռացվեն»,– ընդծեց նա։
Քոչարյանը վստահեցրեց, որ կողմ են Ադրբեջանի հետ խաղաղությանը, սակայն հստակ երաշխիքներով։
«Այդ խաղաղությունը պետք է հիմնված լինի ոչ թե «պապայիս արև» մոդելի վրա, այլ անվտանգության իրական երաշխիքների վրա»,– նշեց նա։
Ավելի վաղ ՀՅԴ Հայաստանի ԳՄ ներկայացուցիչ, ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Իշխան Սաղաթելյանը հայտարարեց, որ առաջիկա խորհրդարանական ընտրություններին մասնակցելու են միասնաբար` «Հայաստան» դաշինքով, որին միացել է «Առաջ» կուսակցությունը։
Ընտրություններին դաշինքը գնում է «Միասին կարող ենք» կարգախոսով։
Sputnik Արմենիա
