Логотип

Ռոբերտ ՔՈՉԱՐՅԱՆ․ ՎԱՇԻՆԳՏՈՆԻ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԻՑ ՀԱՅԱՍՏԱՆԸ ՍՏԱՑԵԼ Է ԶՐՈ, ՄԻԱՅՆ ՊՐՈԲԼԵՄՆԵՐ (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Եկեք տեսնենք, թե ինչ են ստացել կողմերը օգոստոսի 8–ին Վաշինգտոնում ստորագրված փաստաթղթերից. ԱՄՆ–ն շատ կոնկրետ ստացել է ապագայում ձևավորվող միջանցքի վերահսկողություն, ստացել են Հայաստան–Իրան հետ սահմանը փաստացի վերահսկողության հնարավորություն և երրորդը, ԱՄՆ նախագահին Նոբելյան մրցանակի ներկայացնելն է։ Այս մասին այսօր՝ հոկտեմբերի 7–ին, մամուլի ասուլիսի ժամանակ նշեց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը։

«ԱԴՐԲԵՋԱՆԸ ՍՏԱՑԵԼ Է ՄԻՋԱՆՑՔԻ ԻՐԱՎՈՒՆՔ ՀՀ ՏԱՐԱԾՔՈՎ, ստացել է Մինսկի խմբի լուծարում և ստացել է 907–րդ բանաձևի չեղարկում։ Իսկ ի՞նչ է ստացել Հայաստանը։ Անկեղծ, ես փորձել եմ այդ փաստաթղթերում գտնել որևէ կոնկրետություն, թե ինչ է ստացել Հայաստանը։ Զրո։ Միայն պրոբլեմներ։

Վերջապես, ի՞նչ է ստացել Նիկոլ Փաշինյանը։ Այստեղ կա շատ կոնկրետ բան, ինչ ստացել է ՀՀ վարչապետը։ Ստացել է մեկ նկար նախգահ Թրամփի ստորագրությամբ և ստացել է իրավական ուժ չունեցող մի թուղթ, որը հնարավորություն է տալիս ևս մեկ անգամ խաբել հայ ժողովրդին։ Չոր մնացորդում սա է։

Նախնական եզրակացություն կարելի է անել, որ Նիկոլ Փաշինյանը Սպիտակ տանը եղել է դեկորացիայի դերում։ Այնտեղ եղել են սեղան, աթոռ, նկար կար, դրոշ կար և Փաշինյանը կար»,–ասաց նա։

Անդրադառնալով «նախաստորագրում» տերմինին, Քոչարյանն ասաց. «Երբ երկու կողմեր բանակցում են ինչ–որ փաստաթղթի շուրջ, թիմերը գալով համաձայնության, նախաստորագրում են այդ փաստաթուղթը։ Դա տեխնիկական գործողություն է, նախաստորագրում են հետագայում որևէ առիթի ժամանակ, օրինակ, պաշտոնական այցերի ժամանակ երկրների ղեկավարները ստորագրում են նախաստորագրված փաստաթղթերը։ Տեխնիկական գործ է նախաստորագրումը։

Ինձ համար ընդհանրապես հասկանալի չէ, թե պետության ղեկավարների մասնակցությամբ ինչ է նշանակում նախաստորագրել։ Եթե ամեն ինչ պայմանավորված է, ավելի լավ առիթ ստորագրելու համար այդ փաստաթղթերը, չէր կարող լինել։ Սա իսկապես հարցեր է առաջացնում նաև բովանդակային»,– ընդգծեց երկրորդ նախագահը։

ԱՄՆ-ն տնտեսական շահեր չունի Հարավային Կովկասի տարածաշրջանում

Միացյալ Նահանգները պարզապես տնտեսական շահեր չունի Հարավային Կովկասի տարածաշրջանում, – հայտարարել է Ռոբերտ Քոչարյանը։

«Ի՞ՆՉ ՇԱՀ ՈՒՆԻ ԱՄՆ-Ն։ ՏՆՏԵՍԱԿԱՆԸ ՊԱՐԶԱՊԵՍ ՉԿԱ։ Նայեք առևտրի թվերին։ Ավելին, ԱՄՆ-ն Չինաստանին զսպելու քաղաքականություն է վարում։ Ալիևը Չինաստանում հայտարարում է, որ միջանցքը (Թրամփի ճանապարհը) շատ կարևոր է Չինաստանը Եվրոպայի հետ կապելու համար։ Այժմ Միջին միջանցքն այդպես է գնում, ապրանքների մի մասն էլ կգնա այս (նոր) ճանապարհով։ Եվ այստեղ կա անհամապատասխանություն՝ ԱՄՆ քաղաքականությունը Չինաստանի նկատմամբ և միջանցքի կառուցումը, որը հիմնականում ծառայելու է չինական արտադրանքի արտահանմանը։ Այստեղ նույնպես կան հարցեր, որոնք հանգեցնում են իրական նպատակների մասին որոշակի եզրակացությունների»,– թվարկել է Քոչարյանը։

Նրա խոսքով (Փաշինյանը) տալիս է ամեն ինչ, ինչ հնարավոր է, գործնականում նա «Մայր Թերեզա» է դարձել՝ Հայաստանի հաշվին։ «Լավ է, որ աղջիկ չի ծնվել, թե չէ ազգային խայտառակություն կլիներ»,– նկատել է երկրորդ նախագահը՝ հավելելով, որ կատարվողը մեծ աշխարհաքաղաքական խաղի մաս է, որտեղ ՀՀ-ն, ավելի ճիշտ՝ վարչապետը, գնդակի դերում է։

Հայաստանը կարող է ինքնուրույն կառուցել «Թրամփի երթուղին»

Հայաստանի երկրորդ նախագահը կարևոր է համարում «Թրամփի երթուղի» նախագիծը Հայաստանի Հանրապետության օգտին փոփոխելը։

ՆԵՐԿԱՅԻՍ ՆԱԽԱԳԾԻ ԹԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԹՎԱՐԿԵԼՈՒՑ ՀԵՏՈ, երկրորդ նախագահը նշել է, որ տարբերակներից մեկը նախագծի ընդլայնման առաջարկն է, քանի որ ԱՄՆ շահագրգռվածությունն ակնհայտ է: Եթե ընդլայնումը ձախողվի՝ կարծում եմ, որ Ալիևը կհրաժարվի․ կարելի է ընտրել երկրորդ տարբերակը:

«Երկրորդ տարբերակը՝ ԱՄՆ-ին շնորհակալություն հայտնելն է և ասելը, որ դա լավ գաղափար է, բայց մենք՝ Հայաստանը, ինքներս կկառուցենք այդ հատվածը։ Մենք կարող ենք պահպանել «Թրամփի երթուղի» անվանումը, բայց վերահսկողությունը կմնա Հայաստանի վրա։ Սա կլուծի կարևոր հարց։ Իրանը սահմանակից է յոթ երկրների։ Եվ միայն հայ-իրանական սահմանին կհայտնվեն ամերիկացիները։ Բրավո։ Եթե որևէ մեկը կարծում է, որ Իրանը ուրախ է սրանից, ես ձեզ կհիասթափեցնեմ։ Երկրորդ ամենահեռավոր ամերիկյան ներկայությունը Ինջիրդիկն է Միջերկրական ծովում։ Սա շատ ռիսկային է Հայաստանի համար։ Հարցն այն է, թե որն է ավելի վատ Իրանի համար՝ ԱՄՆ-ի, թե՞ Ադրբեջանի ներկայությունը սահմանին։ Ես այս հարցի պատասխանը չունեմ, և վստահ եմ, որ Հայաստանի իշխանությունները նույնպես չունեն», – նշել է Քոչարյանը՝ հիշեցնելով Թեհրանի դիրքորոշումը, որ Իրանը թույլ չի տա սահմանների փոփոխություններ։

«Որքա՞ն գումար է անհրաժեշտ շինարարության համար։ Փաշինյանը պնդել է, որ այն շատ թանկ է՝ ավելի քան 1 միլիարդ, ուստի նրանք այդ հարցը պատվիրակում են ԱՄՆ-ին։ Եկեք փորձենք հասկանալ», – առաջարկել է Քոչարյանը։ Նա հիշեցրել է, որ Համահայկական Հիմնադրամը կառուցել է Վարդենիս-Մարտակերտ 114 կիլոմետրանոց ճանապարհը՝ դրա վրա ծախսելով 17 միլիարդ դրամ։ Ճանապարհի զգալի մասը կառուցվել է շատ ավելի դժվար տեղանքում, գործնականում զրոյից։ «Դա 40 միլիոն դոլար է, 1 կմ-ը մոտ 400 հազար դոլար։ Անցել է մի քանի տարի, ավելացնենք գնաճը և հաշվենք 500 հազար, թող լինի ավելի լայն, ավելի լավ ճանապարհ, ներառենք ՔՊ-ի «ատկատները», թող 1 կմ-ն արժենա 1 միլիոն։ 43 միլիոն դոլարով կարելի է ավտոճանապարհ կառուցել։ Երկաթուղի կա, ռելսեր ու կոճեր չկան։ ՀՀ պահուստային ֆոնդը 65 միլիարդ է։ Բաժանեք մի քանի տարվա, հրաժարվեք պարգևավճարներից, նույնիսկ վարկ վերցնելու կարիք չկա։ Ամոթ չէ՞։ Ռիսկեր ստեղծել, «1 միլիարդի» ծրագրի մասին հեքիաթներ պատմել, մինչդեռ 2-3 տարում ճանապարհ կառուցելու հնարավորություն կա»,– հայտարարել է նախկին նախագահը։

Նա հավելել է, որ միջանցքը տարանցիկ ներուժ ունի, բայց այն փոքր-ինչ չափազանցված է։ Թուրքմենական գազն ամբողջությամբ գնում է Չինաստան, կառուցվել են հզոր գազատարներ, բայց գազ չկա և նավթ չկա, այն Նովոռոսիյսկով գնում է Եվրոպա։ Գործող Բաքու-Ջեյհանը բեռնված է 65-70 տոկոսով։ «Ավելի իրատեսական է հետևյալը. ճանապարհը հետաքրքրում է Թուրքիային՝ իր աշխարհաքաղաքական նախագիծն իրականացնելու, Ադրբեջանի և Միջին Ասիայի հետ կապվելու համար։ Ադրբեջանի համար՝ Նախիջևանի և Թուրքիայի հետ կապվելու համար։ Եվ ԱՄՆ վերահսկողության տակ գտնվող միջանցքը շատ հետաքրքիր է Իսրայելին՝ Իրանի դեմ իրենց երկարատև ծրագրերի համար»։

Խաղաղության պայմաններում պետք է խախտումները վերահսկելու մեխանիզմներ լինեն

Խաղաղության պայմաններում պետք է լինեն խախտումների նկատմամբ վերահսկողության մեխանիզմներ, մենք հենց նման տարբերակ ենք առաջարկում, – հայտարարել է Ռոբերտ Քոչարյանը։

ՆԱ ՊԱՐԶԱԲԱՆԵԼ Է, ՈՐ ԴԵՄ ՉԷ ԽԱՂԱՂՈՒԹՅԱՆԸ, ԲԱՅՑ ԿՈՂՄ Է ՄԻ ԽԱՂԱՂՈՒԹՅԱՆԸ, որը ոչ միայն վկաներ կունենա, այլև կունենա երաշխավորներ, որոնք պատասխանատվություն կկրեն պայմանավորվածությունների կատարման համար։ «Ինչպիսի՞ խաղաղության մասին է խոսում Նիկոլ Փաշինյանը (ՀՀ վարչապետ – խմբ.)։ Նա խոսում է մի խաղաղության մասին, որը հիմնականում կախված է մի մարդու՝ Ալիևի (Ադրբեջանի նախագահ – խմբ.) տրամադրությունից»,– հավելել է Քոչարյանը։ Նրա գնահատմամբ՝ չկան ոչ մի երաշխիքներ, երաշխավորներ, չկան մեխանիզմներ այն մասին, թե ինչ կլինի պայմանավորվածությունները խախտելու դեպքում։ «Այս ողջ հռչակված խաղաղությունը կախված է մի մարդու խղճից։ Այդ մարդը կարող է մի օր արթնանալ և որոշել, որ այս խճճված աշխարհում կարելի է լուծել նաև Զանգեզուրի հարցը»,– նշել է Քոչարյանը։

Հայաստանի երկրորդ նախագահը հավելել է, որ ԱՄՆ-ն իր վրա չի վերցրել օգոստոսի 8-ին ստորագրված փաստաթղթերով երաշխավորի դերը։ «Սա հերթական հնարքն է Հայաստանի իշխանությունների կողմից՝ մարդկանց խաբելու նպատակով։ Խաղաղություն չկա»,– եզրափակել է նա։

Պատրա՞ստ է արդյոք Հայաստանը հույսը դնել Ալիևի բարի կամքի վրա

Ռազմական բյուջեի կրճատումը անպատասխանատու քայլ է, որը չի բխում Հայաստանի շահերից կամ չի նպաստում նրա անվտանգության ամրապնդմանը, – ասել է Հայաստանի երկրորդ նախագահը։

ՆԱԽԿԻՆ ՆԱԽԱԳԱՀԸ ՆՇԵԼ Է ԱՇԽԱՐՀՈՒՄ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԻՐԱՎՈՒՆՔԻ ՀԵՏ ԿԱՊՎԱԾ խոշոր խնդիրները և ՄԱԿ-ի կողմից իր կանոնադրությամբ տրված լիազորությունների բացակայությունը։

«Այս իրավիճակում Ադրբեջանն ավելացնում է ռազմական բյուջեն, Հայաստանը՝ կրճատում։ Ես բացատրություններ չունեմ։ Դա մի հարց է, որը հնարավոր չէ տրամաբանորեն բացատրել։ Կարելի է միայն ենթադրել։ Դա արվում է այն պատճառով, որ Ալիևը մի քանի անգամ հայտարարել է, որ թույլ չի տա Հայաստանի ռազմականացումը։ Մենք չգիտենք, թե նրանք ինչ են խոսում փակ դռների հետևում, ինչ բանավոր խոստումներ է տվել Փաշինյանը»,– նշել է Քոչարյանը՝ հավելելով, որ տրամաբանորեն անբացատրելին անցնում է ասեկոսեների տիրույթ։

Ամեն դեպքում, նման պայմաններում ռազմական բյուջեի կրճատումը «անպատասխանատու քայլ է, որը չի բխում Հայաստանի շահերից և չի ամրապնդում նրա անվտանգությունը»։

«Կայուն խաղաղությունը հիմնված է ուժերի հավասարակշռության վրա։ Հակառակ դեպքում խաղաղությունը կախված է կողմերից մեկի բարի կամքից։ Համաձայնվո՞ւմ ենք ապավինել Ալիևի բարի կամքին։ Նրա, ով զինծառայողին հերոսի կոչում է շնորհել՝ Բուդապեշտում հայի գլուխը կտրելու համար»,– հիշեցրել է Հայաստանի երկրորդ նախագահը։

Միջազգային երաշխիքների բացակայության դեպքում «խաղաղության փաստաթուղթը»՝ ընտրություններից առաջ թղթի կտոր է

Խաղաղության փաստաթղթի ստորագրումը, եթե այն ստորագրվի, դրական է, բայց միջազգային երաշխիքների բացակայության պայմաններում այն շատ քիչ ուժ ունի, – հայտարարել է Ռոբերտ Քոչարյանը։

ՆԱԽԿԻՆ ՆԱԽԱԳԱՀԸ ՀԻՇԵՑՐԵԼ Է, ՈՐ ՀԱՅԱՍՏԱՆԸ ՖՈՐՄԱԼ ՁԵՎՈՎ ՆԵՐԳՐԱՎՎԱԾ ՉԻ ԵՂԵԼ ՊԱՏԵՐԱԶՄՈՒՄ և այդ պատճառով պարզ չէ, թե խաղաղության պայմանագիրն ինչի մասին է։ «Ամենահետաքրքիրն այն է, որ Հայաստանում 44-օրյա պատերազմի ժամանակ ռազմական դրություն էր հայտարարված և մենք պարտվեցինք։ 92-93 թվականներին ոչ ռազմական դրություն կար, ոչ մոբիլիզացիա և մենք հաղթեցինք»։

«Պատասխանը դուք ինքներդ եք տվել։ Ես նույնպես վատ եմ պատկերացնում, թե ինչի համար է այս ամենը։ Եթե պայմանագիրը ստորագրվի, դա լավ է։ Բայց եթե փաստաթուղթը չունի երաշխավորներ, խախտման դեպքում հետևանքների միջազգային մեխանիզմներ չկան, այսինքն դա ոչ թե փաստաթուղթ է, այլ ընտրությունների համար նախատեսված թուղթ, որն օգտագործվելու է նախընտրական քարոզարշավում, այլ ոչ թե խաղաղության համար»,– նշել է նախկին նախագահը։

Հայաստանն իր դիրքով հարևան երկրների համար տրանզիտային ներուժ գրեթե չունի, բացառություն է Թուրքիա-Ադրբեջանը

Վաշինգտոնյան փաստաթղթերը փորձում են ներկայացնել որպես «խաղաղության խաչմերուկ» թեզի շրջանակներում, իբրև դրա շարունակություն կամ գործնական քայլ, – նշեց ՀՀ երկրորդ նախագահը։

«ՅՈՒՐԱՔԱՆՉՅՈՒՐ ԵՐԿՐԻ ՏՐԱՆԶԻՏԱՅԻՆ ՆԵՐՈՒԺԸ ԲԱՂԿԱՑԱԾ Է ԵՐԵՔ ՄԱՍԻՑ. առաջինը երկրի աշխարհաքաղաքական դիրքն է, երկրորդը ռելիեֆն է, երրորդը ճանապարհային ցանցերի վիճակն է՝ որակը, զարգացվածությունը և այլն։ Առաջին երկու պայմանը պարտադիր են, եթե այդ պայմանները կան, ապա երրորդը՝ ճանապարհների վիճակը, ներդրումների, աշխատանքի հարց է։

Հիմա առաջարկում եմ նայենք քարտեզին ու հասկանանք, թե ինչ է նշանակում «խաղաղության խաչմերուկը» և ինչ տրանզիտային ներուժ ունի Հայաստանը։

Թուրքիան ու Վրաստանը ունեն բոլոր հնարավորությունները շրջանցելով Հայաստանը հաղորդակցվել իրար հետ։ Թուրքիա–Ռուսաստանը ևս կարող են, Վերին Լարսում թուրքական մեքենաները շատ ավելի շատ են, քան հայկականները։ Վրաստան–Ադրբեջանի դեպքում ևս ամբողջությամբ հնարավորությունը կա տրանսպորտային կապը կա և հիմնական ակտիվ աշխատող միջանցքը Կասպից և Սև ծովերի միջև հենց սա է։ Իրանը և Ադրբեջանը ևս բոլոր հնարավորություններն ունեն հաղորդակցվելու և Իրան–Ադրբեջան առևտուրը ոչ ոք չի անում Հայաստանի տարածք մտնելով։ Նույնը Թուրքիայի և Վրաստանի դեպքում։ Անիմաստ է ուղղակի։ Ոչ մի բեռնատարի վարորդ Հայաստանով չի փորձելու գնա Վրաստան։ Իրան–Թուրքիայի դեպքում ևս նույն վիճակն է։

Ըստ էության, Հայաստանն իր աշխարհագրական դիրքով այս երկրների համար տրանզիտային ներուժ գրեթե չունի, բայց մեկ բացառություն կա՝ Ադրբեջան–Թուրքիա։ Ադրբեջան–Թուրքիա հարաբերություններում ենթադրվող միջանցքը իսկապես էական նշանակություն ունի և դա ունի մի քանի բաղադրիչ։ Որպես թուրքական պրոյեկտ ինքն իսկապես ունի տրանզիտային ներուժ։ Եվս մեկ հանգամանք, յուրաքանչյուր տրանսպորտային միջանցք նաև աշխարհաքաղաքական ներուժ է, գործոն է այդ երկրի համար։ Հայաստանի տարածքի միայն այն մասը, որն ունի տրանզիտային ներուժ, տրվում է ԱՄՆ–ին երկարատև պայմանագրով կառավարման։ Տրվում է ՀՀ–ի միայն այն հատվածը, որն իր մեջ ունի տրանզիտային ներուժ, նաև աշխարհաքաղաքական կշիռ»,– հայտարարեց Քոչարյանը։

Անդրադառնալով հարցին, ե ինչ ակնկալիքներ կարող է ունենալ Հայաստանը TRIPP–ից, նա ասաց. «Առաջինը, եթե Երասխ–Ջուլֆա–Իրան երկաթուղին սկսի աշխատել, մենք կստանանք երկաթուղային կապ Իրանի հետ։ Եվ եթե ստանանք երկաթուղային կապ Ադրբեջանի տարածքով։ Այդ երկու գործոնն են միայն հետաքրքիր Հայաստանի համար։ Եթե այս երկու բանը Հայաստանը չի ստանում, ամբողջ պրոյեկտը անիմաստ և վտանգավոր է Հայաստանի համար։

Հայտարարվել է, որ կառուցվում է Կարս–Իգդիր–Նախիջևան երկաթուղին։ Սա նշանակում է, որ երկաթուղային կապը այս միջանցքով կարող է անխափան աշխատել, բայց կապը Հայաստանի հետ կարող է չաշխատել։ Մենք արդյունքում ոչինչ չենք ունենալու Իրանի և Ռուսաստանի հետ կապ ունենալու հարցում։

Եթե նման ռիսկը իրականություն դառնա, կարո՞ղ ենք մենք ինչ–որ ձևով ստիպել ԱՄՆ–ին, որը կառավարող է լինելու Թրամփի ճանապարհին, խիստ կասկածում եմ»,– ընդգծեց նա։

Պետք է գտնել բանաձև և Իրանը դարձնել «Թրամփի երթուղու» նախագծի մասնակից

Պետք է գտնել բանաձև և Հայաստանի մեծ հարևանին՝ Իրանին, դարձնել «Թրամփի երթուղու» ծրագրի մասնակից, – հայտարարել է Ռոբերտ Քոչարյանը։

ՆԱ ԿՈՉ Է ԱՐԵԼ ՀԱՐՑԻՆ ՆԱՅԵԼ ԱՅՆ ՏԵՍԱՆԿՅՈՒՆԻՑ, թե ինչ ռիսկեր են առաջանում Հայաստանի համար, հատկապես եթե Ջուղայի երկաթուղին չբացվի, եթե Իրանը դրանից ոչինչ չշահի։ Քոչարյանը պարզաբանել է, որ ամենահետաքրքիրն այն ծրագրերն են, որոնցից շահում են բոլոր հարևանները։ «Իրանը պե՞տք է դրանից ինչ-որ բան շահի, թե՞ ոչ։ Իսկ ի՞նչ է շահում Իրանը տվյալ պահին այս ծրագրից։ Չեմ կարծում, որ եթե «Թրամփի երթուղին» չաշխատի՝ հաշվի առնելով Հայաստանի շահերը, մեզ աղետ է սպասվում։ Հիմա էլ չի աշխատում և չեմ կարծում, որ մենք աղետալի իրավիճակում ենք գտնվում»,– նշել է Հայաստանի երկրորդ նախագահը։

Նա հավելել է, որ աղետը կարող է պայմանավորված լինել նրանով, թե ինչպիսին կլինի Իրանի արձագանքը, ինչպիսի՞ քաղաքականություն կվարի Թեհրանը հայ-իրանական սահմանին ամերիկյան ընկերության հայտնվելու հետևանքով։ Նրա գնահատմամբ, դա իսկապես ռիսկային է, ինչը սպառնում է այդ սահմանի գոյությանը։ «Արդյո՞ք ԱՄՆ-ի կողմից վերահսկվող սահմանն ավելի նախընտրելի է Իրանի համար, քան Ադրբեջանի կողմից վերահսկվող սահմանը։ Թե՞ ոչ», – եզրափակել է Քոչարյանը։

Իմ թիմը կմասնակցի առաջիկա խորհրդարանական ընտրություններին

Երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը կմասնակցի առաջիկա խորհրդարանական ընտրություններին։

ՀՐԱԺԱՐՎԵԼՈՎ ԽՈՍԵԼ ԱՅԼ ՆԱԽԿԻՆ ԱՌԱՋՆՈՐԴՆԵՐԻ ԱՆՈՒՆԻՑ՝ Քոչարյանը հիշեցրել է, որ 2021 թվականի ընտրություններին մասնակցությունը ցույց է տվել, որ «ես որոշակի ազդեցություն ունեմ զանգվածների համախմբման համար»։ Միաժամանակ նախկին նախագահն ընդգծել է, որ ցանկանում է նոր ուժեր ի հայտ գան, որոնց հետ համագործակցությունը կարող է հանգեցնել երկրում տիրող իրավիճակի փոփոխությանը։

«Իմ թիմը կմասնակցի», – խոստացել է Ռոբերտ Քոչարյանը։

Նա հիշեցրել է, որ առաջին նախագահի կուսակցությունը մասնակցում է քաղաքական գործընթացներին, իսկ երրորդ նախագահի կուսակցությունը մասնակցում է բոլոր ընտրություններին։ «Կուսակցության մասնակցությունը նշանակո՞ւմ է առաջնորդի մասնակցություն։ Իհարկե, այո»,– նշել է նախկին նախագահը։ Նա օրինակ է բերել միջազգային քաղաքական գործընթացներից. Իվանիշվիլին ոչ մի պաշտոն չի զբաղեցնում, բայց բոլորը տեսնում են, որ ոչ մի կարևոր հարց չի լուծվում առանց նրա մասնակցության, նա «Վրացական երազանք» իշխող կուսակցության առաջնորդն է։

«Ո՞րն է ավելի լավ՝ չլինել առաջին պլանում և լուծել ամեն ինչ, թե՞ հանդես գալ սեփական դեմքով և հրաժարվել քողարկումից։ Ո՞րն է ավելի լավ։ Մնալ առաջնորդ և ասել, որ ինքը չի մասնակցում… իսկ ո՞վ է մասնակցում։ Կուսակցության մասնակցությունը նշանակում է նաև առաջնորդի մասնակցությունը։ Եթե մեր թիմում հայտնվի մեկը, ով ավելի շատ ձայն կհավաքի, ես միայն ուրախ կլինեմ։ Դա սկզբունքի հարց չէ»,– վստահեցրել է Քոչարյանը։ Նրա խոսքով՝ 2021 թվականի ընտրություններում հանրային կարծիքի և քաղաքական դաշտի ուսումնասիրությունը ցույց է տվել, որ այն դեպքում, երբ քարոզարշավը ղեկավարում էր անձամբ Ռոբերտ Քոչարյանը, ավելի շատ ձայներ հավաքելու շանսեր են եղել։

ԱՄՆ-ն այն երկիրը չէ, որի հետ կարելի է ստորագրել մի փաստաթուղթ, և 2 ամիս հետո չեղարկել

Եթե նոյեմբերի 9–ի փաստաթուղթը համեմատենք այսօր եղածի հետ, այն երազանքի փաստաթուղթ նույնիսկ կարելի է անվանել, – նշեց ՀՀ երկրորդ նախագահը։

«ԱՅԴ ՓԱՍՏԱԹՈՒՂԹԸ ԵՆԹԱԴՐՈՒՄ ԷՐ ՆԱԵՎ ԱՐՑԱԽԻ ԳՈՅՈՒԹՅՈՒՆԸ։ Վաշինգտոնի փաստաթղթի հետ կապված, ԱՄՆ–ն այն երկիրը չէ, որի հետ կարելի է ստորագրել մի փաստաթուղթ, և 2 ամիս կամ 6 ամիս հետո չեղարկել, ասել՝ չենք ընդունում։ Բավական դժվար է։ Դա չի նշանակում, որ ԱՄՆ–ն ինչ ասի, պետք է անես։ ԱՄՆ–ն կտրուկ դեմ էր Իրան–Հայաստան գազամուղի կառուցմանը, բայց մենք կառուցեցինք։ Մի քանի պատվիրակություն եկել էին Հայաստան ինձ հասցնելու համար այն հանգամանքը, որ իրենք դեմ են։ Մենք կառուցել ենք և պահպանել ենք ԱՄՆ–ի հետ լավ հարաբերությունները, նույնիսկ հազարամյակների ծրագրի մեջ ներառված էր Հայաստանը։ Ավելի ճիշտ ձևը, դիվանագիտական ձևը ոչ թե ասել՝ մենք սա չենք ընդունում, այլ փորձել պրոյեկտը մեծացնել, ԱՄՆ–ին ցույց տալ իր հետաքրքրվածությունը ավելի մեծ պրոյեկտի մեջ։ Այնպիսի պրոյեկտի մեջ, որտեղ ներառված են նաև մեր շահերը, ր որտեղ նվազում են ռիսկերը ԱՄՆ–ի հետ կապված։ Որովհետև կարող է ստեղծվել մի վիճակ, որ օրինակ, Երասխի կտորը չի կառուցվում Ադրբեջանի կողմից և ԱՄՆ–ն որևէ լծակ չունի պարտադրելու, որովհետև պայմանագրերով նման բան ֆիքսված չէ։ Եթե հայտնի հեռախոսով, Վոթսափով զանգեն թրամփին, ասեն՝ Ալիևը չի անում,

Թրամփն ասելու է՝ հիասթափված եմ Ալիևից։ Սրանով վերջանալու է, որովհետև այլ մեխանիզմներ այդ փաստաթղթում չկան։

Դրա համար ես առաջարկեցի ոչ թե մերժել, այլ մեծացնել պրոյեկտը, ցույց տալ իրենց հետաքրքրությունը։ Թողնել անունը, եթե մենք ենք կառուցում, ասել՝ սա Թրամփի ուղին է, շնորհակալ ենք ԱՄՆ–ից այսպիսի հետաքրքրության համար, որ փորձում են այսպիսի հարց լուծել։ Բայց մենք ուզում ենք, որ հարց լուծվի բոլոր կողմերի համար, ոչ թե մեկ կողմի համար։ Ու կարելի է դա անել»,– ընդգծեց նա։

ԱՄՆ-ն շփոթում է Հայաստանի և Ադրբեջանի անունները՝ տարածաշրջանում կենսական շահերի բացակայության պատճառով

Եթե Միացյալ Նահանգները կենսական շահեր ունենար Հարավային Կովկասում՝ նախագահ Թրամփը Հայաստանը չէր շփոթի Ալբանիայի, իսկ Ադրբեջանը՝ Կամբոջայի հետ, – հայտարարել է Ռոբերտ Քոչարյանը։

ՆՐԱ ԿԱՐԾԻՔՈՎ՝ ԱՄՆ-Ը ՉԻ ՄԻՋԱՄՏԻ ՀԱՅԱՍՏԱՆԻ և ԱԴՐԲԵՋԱՆԻ ՄԻՋԵՎ Հայաստանով անցնող միջանցքի թեմայով զրույցին, քանի որ նրանք ստացել են այն, ինչ ցանկացել են, իսկ մնացածը իրենց չի հետաքրքրում։ Նա դա անվանել է ճիշտ պահվածք ԱՄՆ-ի շահերի տեսանկյունից։ Քոչարյանի գնահատմամբ՝ Վաշինգտոնն իր շահերը գիտի, հետապնդում է դրանք և ճիշտ է վարվում՝ իր շահերի տեսանկյունից։

«Ցանկացած երկրի ղեկավար առաջին հերթին պետք է մտածի իր երկրի շահերի մասին։ Ես դեմ չեմ ԱՄՆ-ին, մենք ժամանակին շատ արդյունավետ համագործակցել ենք նրանց հետ»,– ընդգծել է Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը։

Նա հավելել է, որ Հայաստանը պետք է համարձակություն ունենա, առաջ մղի իր շահերը և չմտածի, որ եթե ինչ-որ բան այն չասի, Թրամփը կարող է վատ նայի դրան։ «Չի լինի, ընդհակառակը, նա ավելի շատ կհարգի դա։ Իսկ նրանք (ՀՀ իշխանությունները – խմբ.) գնացել են Սպիտակ տուն՝ «պամպերսներով»»,– նշել է Քոչարյանը։

Նա անտրամաբանական է համարել այն ակնկալիքները, թե Թրամփը պետք է արձագանքի Ալիևի (Ադրբեջանի նախագահ – խմբ.) և Փաշինյանի (ՀՀ վարչապետ – խմբ.)՝ Հայաստանով անցնող միջանցքի վերաբերյալ հայտարարություններին։ «Եթե շատ նյարդայնացնեն, կասի, որ երկուսն էլ հիասթափեցրին։ Ինչու՞ եք սպասում, որ ԱՄՆ նախագահը պետք է արձագանքի։ Նա նույնիսկ Հայաստանի տեղը չգիտի։ Հայաստանը չունի այդ նշանակությունը»,– նշել է երկրորդ նախագահը։

Պողոս Պողոսյանի և Սոնա Մնացականյանի սպանությունները անհամեմատելի են

Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը անընդունելի է համարել Պողոս Պողոսյանի և Սոնա Մնացականյանի սպանությունները համեմատելու փորձերը, հայտարարել է ՀՀ երկրորդ նախագահը։

ՊԱՏԱՍԽԱՆԵԼՈՎ ԱՅՆ ՀԱՐՑԻՆ, ԹԵ ԱՐԴՅՈՔ ՆԱ ՉԻ ՎԱԽԵՆՈՒՄ ՆՈՐ ՁԵՐԲԱԿԱԼՈՒԹՅՈՒՆԻՑ, երկրորդ նախագահը հարցով է պատասխանել՝ մի՞թե նա վախկոտ մարդու տպավորություն է թողնում։ «Հուսով եմ, նման առիթ չեմ տվել»,– նշել է Քոչարյանը։

Մեկնաբանելով «Առագաստ» սրճարանում Պողոս Պողոսյանի մահվանը մասնակցություն ունենալու մեղադրանքները՝ «Պրիվետ Ռոբ» դիմելու համար, Քոչարյանը հարցրել է. «Դուք գիտե՞ք, թե ես որտեղ էի, երբ դա տեղի ունեցավ։ Ես տանն էի։ Չգիտեմ, թե ինչպիսի «վկաներ» են գտել։ Ամեն ինչ տեղի է ունեցել իմ հեռանալուց, իմ թիկնապահների հեռանալուց 35-40 րոպե հետո, երբ սրճարանն այլևս պահպանվող օբյեկտ չէր։ Տեղի ունեցածի մասին ինձ զեկուցել են առավոտյան։ Իսկ «Պրիվետ Ռոբ» դիմելու մասին ես նույնիսկ չեմ լսել։ Ազնավուրի այցն էր և մենք միասին էինք ժամանակ անցկացնում։ Ինձ հետո զեկուցեցին, որ թիկնապահներից մեկի հետ վեճ է եղել, անուններ չեմ ուզում տալ։ Քննություն և միջադեպ։ Եթե դա համեմատենք հղի կնոջ սպանության հետ՝ նույնիսկ թույլ չտալով, որ ավտոշարասյունում գտնվող բժիշկը մոտենա… նույնիսկ համեմատել հնարավոր չէ։

«Ինչ վերաբերում է «Պրիվետ Ռոբ» դիմելուն. մայրս ինձ նույնպես Ռոբ էր ասում, տիկին Բելլան, մանկության ընկերներս այդպես են դիմում։ Եվ ես պե՞տք է դրանից նեղանայի։ Դա հիմարություն է։ Միջադեպի մասնակիցը անմիջապես ազատվել է աշխատանքից և ներգրավվել դատական ​​գործընթացում։ Ես չգիտեմ էլ, թե իշխանություններն էլ ինչպես պետք է արձագանքեին»,– եզրափակել է Քոչարյանը։

Փաշինյանը 5 հազար զոհերով ծնել է խաղաղության օրակարգ և փորձում է դրա հեղինակը լինել

Պարադոքսալ է, որ պատերազմ բերած մարդը խոսում է խաղաղության մասին, – նշեց Ռոբերտ Քոչարյանը։

«2018–ին նա խաղաղությունից չէր խոսում, որովհետև կար խաղաղություն, բայց չկար խաղաղության օրակարգ։ Երբ խաղաղություն չի լինում, հայտնվում է խաղաղության օրակարգ։ Ինքը բերել է պատերազմ, ինքը իր գործողություններով, 5 հազար զոհերով և 11 հազար վիրավորներով ծնել է խաղաղության օրակարգ։ Աբսուրդը նրա մեջ է, որ ինքը փորձում է այդ օրակարգի հեղինակը լինել և մենաշնորհը ունենալ այդ օրակարգի վրա։ Մենք պետք է ցույց տանք, որ դա բացարձակ սուտ է, չկա այդպիսի բան»,–ասաց նա։

Հայաստանի անդամակցությունը Եվրամիությանը իմիտացիոն գործընթաց է

Հայաստանի անդամակցությունը Եվրամիությանը իմիտացիոն գործընթաց է, – հայտարարել է Հայաստանի երկրորդ նախագահը։

ՆՐԱ ԽՈՍՔՈՎ՝ ԵՄ ԱՆԴԱՄԱԿՑՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՐ ՊԵՏՔ Է ԲԱՎԱՐԱՐԵԼ ՈՐՈՇԱԿԻ ՉԱՓԱՆԻՇՆԵՐԻ։ Դրա համար մշակվել են կանոնակարգեր։ «Այնուամենայնիվ, նրանք (ներկայիս Հայաստանի իշխանությունները՝ խմբ.) որոշ դեկլարատիվ հայտարարություններ են անում՝ ձևացնելով, թե ակտիվ գործունեություն են ծավալում», – ասել է Քոչարյանը։

Նախկին նախագահի կարծիքով՝ նման քայլերում դժվար է որևէ ռացիոնալ բացատրություն նկատելը։ «Եվրամիությանն անդամակցությունը չի երևում։ Դա ընդամենը ցանկություն է և իմիտացիա։ Միաժամանակ քայլեր են ձեռնարկվում Ռուսաստանից հեռանալու ուղղությամբ։ Ինչո՞ւ են նրանք դա անում։ Ես ինքս էլ չգիտեմ»,– հավելել է Քոչարյանը։

Ընտրություններում ձայների գողությունը կհանգեցնի հեղափոխության

Ընտրություններում ձայների գողությունը կհանգեցնի հեղափոխության, – հայտարարեց Ռոբերտ Քոչարյանը։

ՆՐԱ ԽՈՍՔՈՎ՝ «ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՊԱՅՄԱՆԱԳԻՐ» ԻՇԽՈՂ ԽՄԲԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ պետք է հասկանա, որ նման գործողությունները կհանգեցնեն հեղափոխության։ Նա հավելել է, որ եթե երկրում հեղափոխության սպառնալիքը լինի, ոչ ոք չի համարձակվի լուրջ խախտումների գնալ։ Քոչարյանն ընդգծել է, որ պայքարը պետք է լինի այնքան համառ, որ այդ սպառնալիքը ստիպի իշխանություններին իրենց զսպել վարչական ռեսուրսի կիրառման տեսանկյունից։

Ռոբերտ Քոչարյանը համոզմունք է հայտնել, որ Հայաստանի իշխանությունները կփորձեն կիրառել Մոլդովայի օրինակը։ «Մենք պետք է պատրաստ լինենք այն գործողություններին, որոնք տեղի են ունեցել Մոլդովայում։ Երբ բախվում են աշխարհաքաղաքական շահերը՝ բոլորը մոռանում են ժողովրդավարության մասին։ Երկրի ներսում ընտրողների ձայների հաշվին ընդդիմությունը հաղթանակ տարավ։ Իշխանությունները հաղթեցին Եվրոպայում բնակվող մոլդովացիների հաշվին, որտեղ բացվել էր մոտ 280 ընտրատեղամաս, իսկ Ռուսաստանում՝ ընդամենը երկու»,– նշել է Հայաստանի երկրորդ նախագահը։

Պետք է նշել, որ Հայաստանը արտասահմանյան ընտրատեղամասեր չի բացում ընտրությունների համար։

Ալմա-Աթայի հռչակագրի թեման երբեք չի քննարկվել Լեռնային Ղարաբաղի շուրջ բանակցություններում

Ալմա-Աթայի հռչակագրի թեման ինչ-որ մեկը արհեստականորեն մտցրել է Լեռնային Ղարաբաղի շուրջ բանակցությունների օրակարգ և ԶԼՄ-ները կախվել են դրանից, – հայտարարել է Հայաստանի երկրորդ նախագահը։

«Ես բանակցություններ եմ վարել 1992 թվականի հուլիսից մինչև 2008 թվականը։ Երբեք Ալմա-Աթայի հռչակագրի թեման օրակարգում չի եղել։ Ի դեպ, հիմա ռուս-ուկրաինական հակամարտությունում էլ չկա։ Ինչ-որ մեկը արհեստականորեն մտցրել է այն և ԶԼՄ-ները տարածում են դա։ Ինչպես և շատ այլ թեմաներ»,– արձանագրել է նախկին նախագահը։

Փաշինյանը ստի բիոսարք է, 1000-ից ավելի սուտ է ասել, ՀՀ-ն ազդեցություն չի ունենալու «Թրամփի ուղու» վրա

Դուք շարունակում եք հավատալ այն ամեն ինչին, ինչի մասին խոսում է Նիկոլ Փաշինյա՞նը, – նշեց Ռոբերտ Քոչարյանը՝ անդրադառնալով նրան, որ Հայաստանի իշխանությունն ասում է, որ Թրամփի ուղու վերահսկողությունը մնում է Հայաստանի Հանրապետությանը։

«ՄԵՆՔ ՈՒՆԵՆՔ ՀԱԶԱՐԻՑ ԱՎԵԼԻ ԳՐԱՆՑՎԱԾ ՍՏԵՐ։ Ես մի անգամ օգտագործել եմ մի տերմին, որ ստախոսության բիոսարք է։ Ուղղակի ստում է։ Չի լինելու։ Հենց այդ ստորագրած փաստաթղթով տարբերվում է, առանձնացվում է այդ ճանապարհը։ Սա ինչ-որ բան մեզ հուշո՞ւմ է, թե՞ չի հուշում։ Սա հուշում է հետևյալը, որ այդ ճանապարհի նկատմամբ վերահսկողությունը տարբեր է լինելու մյուս ճանապարհներից։ Հակառակ դեպքում ուղղակի անիմաստ է, աբսուրդ է առանձին նշել։

Որ այդ ճանապարհը երկարատև պայմանագրով փոխանցվելու է այն ընկերությանը, որը պետք է կառավարի այդ ճանապարհը, ևս չեմ կասկածում։ Եվ չեմ կասկածում, որ Հայաստանը որևէ ազդեցություն այդ ընկերության վրա չի ունենալու։ Եթե դա լինի կամ վարձակալություն կամ կոնցեսիա, այնպիսի պայմանագրային կետեր են լինելու, որը Հայաստանի Հանրապետության ազդեցության շրջանակը շեշտակի նեղացնելու է, զրոյացնելու է։

Երկրորդը, դուք մտածում եք, թե այդ ճանապարհի վրա, որի հետևում կանգնած է լինելու Միացյալ Նահանգները, Հայաստանի Հանրապետությունը ի վիճակի է լինելու ինչ-որ բան թելադրե՞լ։ Իրո՞ք։ Այդքան միամի՞տ ենք մենք։ Չի լինելու։ Ես որպես 10 տարի նախագահի պաշտոնը զբաղեցրած մարդ ես այդ փաստաթուղթը կարդալով տեսնում եմ այս ամենը և ոչ թե դա այսպես խորը թաքցրած է տողերի մեջ։ Սա ակնհայտ ուղղակի զռում է»,–ասաց նա։

Ռոբերտ Քոչրյանը կրկնեց իր միտքը, որ բացի այս ճանապարհից, մնացած ճանապարհները հետաքրքիր չեն մեր հարևան երկրների համար. «Սա մնալու է միայն Հայաստանի օգտագործման համար, Հայաստան–Հայաստան ներսում կամ Հայաստան–Վրաստան, որը օգտագործվում է։ Այդ պրոյեկտի շահառուն մենք չենք լինելու, եթե մինչև Երասխ գիծը չգա, եթե երկաթուղային ճանապարհը իրանական Ջուլֆայով չմտնի Իրան, մենք շահառու չենք լինելու։

Ես պնդում եմ, որ այս պրոյեկտից Հայաստանը ոչինչ չի շահելու, եթե այդ երկու գործոնը, որոնք ես նշեցի իմ ներածական խոսքում, չաշխատեն։ Սա ակնհայտ է։ Ես նույնիսկ զարմանում եմ, որ սա կասկածներ է առաջացնում»,– ընդգծեց նա։

Քոչարյանը կրկին մերժել է Լևոն Տեր-Պետրոսյանի գաղափարը

Բավակա՞ն է արդյոք իմ ձայնը ընտրություններում հաղթելու համար։ Ոչ, բավական չէ, – խոստովանեց Հայաստանի երկրորդ նախագահը։

«ԿՑԱՆԿԱՆԱՅԻ՞ՆՔ ԱՐԴՅՈՔ, ՈՐ ՀԱՅՏՆՎԵԻՆ ԱՅԼ ՔԱՂԱՔԱԿԱՆ ՈՒԺԵՐ, որոնց հետ համագործակցությունը կհանգեցներ ներկայիս իրավիճակի փոփոխության։ Այո՛, մենք դա կցանկանայինք։ Եվ մենք այդ մտքերը բավականին հստակ ու պարզ ենք հնչեցնում։ Ինչ վերաբերում է ինձ, ապա իմ թիմը կմասնակցի առաջիկա խորհրդարանական ընտրություններին»,– ասել է Քոչարյանը։

Նա նաև մեկնաբանել է Հայաստանի առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի հայտարարությունները՝ երկրի քաղաքական դաշտից բոլոր երեք նախկին նախագահների հեռանալու անհրաժեշտության մասին։ Քոչարյանի կարծիքով՝ Տեր-Պետրոսյանի հայտարարությունները քաղաքական ասպարեզից հեռանալու մասին դժվար իրագործելի են, քանի որ բոլոր նախկին նախագահներն ունեն իրենց քաղաքական կուսակցությունները, որոնք, այսպես թե այնպես, կմասնակցեն առաջիկա ընտրություններին։

«Հայ Ազգային Կոնգրեսը հայտարարել է ընտրություններին մասնակցելու մասին։ Առաջին նախագահը կմասնակցի, թե՞ ոչ։ Հայաստանի Հանրապետական կուսակցության առաջնորդը երրորդ նախագահն է։ ՀՀԿ-ն մասնակցել է բոլոր ընտրություններին։ Այս կապակցությամբ հարց է առաջանում՝ կուսակցության մասնակցությունը ընտրություններին նշանակո՞ւմ է նաև նրա առաջնորդի մասնակցությունը, թե՞ ոչ։ Իհարկե նշանակում է»,– պարզաբանել է Քոչարյանը։

Երկրորդ նախագահի խոսքով՝ ինքը, ի տարբերություն ոմանց, ուղղակիորեն հայտարարում է իր մասնակցության մասին, առանց «մոխրագույն կարդինալի» դերին հավակնելու, ով չի երևա, բայց, ըստ էության, կկառավարի բոլոր քաղաքական գործընթացները՝ կայացնելով առավել կարևոր որոշումները։

Ես մասնավոր այցով էի Մոսկվայում. Քոչարյանը հերքեց, որ հանդիպել է Կիրիենկոյի հետ

Ես մեկ ամիս առաջ եղել եմ Մոսկվայում, երկու օր ընդամենը՝ շաբաթ–կիրակի։ Եղել եմ մասնավոր, անձնական հարցերով և վերադարձել եմ երկուշաբթի կեսօրին, – նշեց Ռոբերտ Քոչարյանը՝ անդրադառնալով տեղեկություններին, որ օրերս ՌԴ–ում հանդիպել է Սերգեյ Կիրիենկոյի հետ։

«ԵԹԵ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ՀԱՆԴԻՊՈՒՄՆԵՐԻ ՆՊԱՏԱԿ ՈՒՆԵՆԱՅԻ ԿԱՄ ԵԹԵ ԴԻՄԵԻ, երևի շաբաթվա այլ օրեր կընտրեի։ բայց ես հասկանում եմ, որ եբ ես հայտնվում եմ Մոսկվայում, նման կարգի լուրեր տարածվելու են»,–ասաց նա։

Հիշեցնենք, որ օրեր առաջ «Հրապարակ» թերթը գրել էր, որ իր տեղեկություններով Ռոբերտ Քոչարյանը վերջերս Մոսկվա է մեկնել, հանդիպել է հայաստանյան հարցերով կրեմլյան կուրատոր Սերգեյ Կիրիենկոյի հետ, քննարկել են հայաստանյան ներքաղաքական հարցեր, այդ թվում՝ ընտրությունների հետ կապված։ Երկրորդ նախագահը, մեր տեղեկություններով, ընտրություններում հաջողություն գրանցելու իր բանաձևն է ներկայացրել, որ պետք է ընդդիմադիր դաշտը կոնսոլիդացնել, հնարավորինս լայն ճակատով պայքարել իշխանության դեմ, ինչը նաև ֆինանսական ծախսեր է ենթադրում:

Կրեմլիպաշտոնյան որևէ կոնկրետ պարտավորություն չի ստանձնել, ավելին` գրեթե հասկացրել է, որիրենք ձեռքերը լվացել են Հայաստանից։

Իմփիչմենթի հարցում «Հայաստան» խմբակցության վերաբերմունքը չի փոխվել

Իմփիչմենթի հարցի վերաբերյալ «Հայաստան» խմբակցության դիրքորոշումը չի փոխվել, – հայտարարել է Հայաստանի երկրորդ նախագահը։

«ԻՄ ՎԵՐԱԲԵՐՄՈՒՆՔԸ ՉԻ ՓՈԽՎԵԼ, ՄԵՐ ԽՄԲԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ Է ԱՐԵԼ, այդ ժամանակվանից ի վեր ոչինչ չի փոխվել։ Դա (իմփիչմենթը) անհրաժեշտ է, բայց ձայներ չկան։ Մինչ օրս ես տեղեկություն չունեմ, որ իմփիչմենթի նախաձեռնողների մոտ անհրաժեշտ ձայները կան։ Մենք ի սկզբանե ասել ենք, որ ունենք 28 ձայն, մենք դրանք կտրամադրենք։ Բայց մենք անհրաժեշտ ձայների մասին տեղեկություն չունենք, մեր հետ չեն կիսվել։ Սպասում ենք»,– նշել է նախկին նախագահը։ Նրա գնահատմամբ՝ իմփիչմենթի մասին կարելի է խոսել միայն մինչև ընթացիկ տարվա վերջ։

«Խաղաղություն» բառը շատ գրավիչ է և մարդիկ պատրաստ են քվեարկել դրա օգտին

«Խաղաղություն» բառը շատ գրավիչ է, և մարդիկ պատրաստ են քվեարկել դրա օգտին, – հայտարարել է Ռոբերտ Քոչարյանը։

ՊԱՏԱՍԽԱՆԵԼՈՎ ԱՅՆ ՀԱՐՑԻՆ, ԹԵ ԻՆՉՈՒ ՆԱԽԿԻՆ ՆԱԽԱԳԱՀՆԵՐԸ ոչ մի կերպ չեն համաձայնում վարչապետի առաջարկին՝ մասնակցել Լեռնային Ղարաբաղի կարգավորման շուրջ քննարկումներին, նախկին նախագահը հիշեցրել է, որ իր աշխատակազմի ղեկավարը հստակ ասել է, որ ավելացնելու ոչինչ չկա։

Ռոբերտ Քոչարյանը հիշեցրել է հարցի պատմությունը։ «Հիմա բոլոր հարցերը մոռացվել են և «քննարկում» բառը սկսել է իր կյանքով ապրել։ Ինչպես և «խաղաղություն» բառը։ Շատ գրավիչ բառ է, դրա համար մարդիկ պատրաստ են քվեարկել, իսկ առանձին ապրում է «պատերազմ» բառը։ Դուք իսկապե՞ս կարծում եք, որ որևէ ողջամիտ մարդ պատրաստ է նստել և վիճել նման օրակարգի շուրջ։ Դե եկեք խոսենք նրա մասին, որ Երկիրը կլոր է։ Այս համատեքստում քննարկելն անհեթեթ է։ Երկրորդ՝ կան թունավոր մարդիկ։ Ընդդիմության համար Փաշինյանի հետ քննարկումը թունավոր է։ Քննարկման օրակարգն անհեթեթ է և ոչ մի ողջամիտ մարդ դրան չի գնա»,– վստահ է Քոչարյանը։

2026-ի ընտրությունների մասնակցելու ֆորմատի հարցը չենք քննարկել

2026–ի ընտրությունների մասնակցելու ֆորմատի հարցը չենք քննարկել, այդ որոշումը չունեք. այդ որոշումները կլինեն հունվար–փետրվարին, ավելի շուտ չարժի քննարկել, – նշեց ՀՀ երկրորդ նախագահը։

«ԵՍ ՉԵՄ ՈՒԶՈՒՄ՝ ՄԵՆՔ ՄՏՆԵՆՔ ՆԱԽԸՆՏՐԱԿԱՆ ՏՐԱՄԱԴՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԵՋ ՀԻՄԱ; Թե ով է գլխավորելու ցուցակը, կախված է հետևյալից, թե ով կունենա առավելագույն շանսեր սոցիոլոգիայի համաձայն»,–ասաց նա։

Հարցին, հնարավո՞ր է առանձին առանձին մասնակցելով հեռացնել իշխանություններին, թե՞ կոնսոլիդացիա է պետք, Քոչարյանը պատասխանեց. «Ես չեմ կասկածում, որ երեք միավորով կարելի է։ Այդ խոշոր միավորը արհեստական չի կարող լինել։ Ես գիտեմ, որ քաղաքական դաշտում այսօր որոշ ուժեր բանակցում են և միայն ողջունում եմ դա։ Բայց նաև ձայներ փոշիացնելու խնդիր կա։ Մարդիկ այդ պատասխանատվությունը զգում են և գնում են խոշորացման։ Իմ տպավորությամբ, այո, երեք աշխատող միավորները կարող են բավական համոզիչ միասին հաղթանակ տանել այս ընտրություններում»։

Ճշտող հարցին՝ ինքը հիմա տեսնո՞ւմ է այդ երեք ուժերին, թե՞ տեսականորեն է ասում, երկրորդ նախագահն արձագանքեց. «Ես դա տեսնում էի տեսականորեն մի 6 ամիս առաջ։ Նույնիկս տեսնում էի, թե ինչ դիրքավորմամբ է դա կարող լինել։ Մեկը բնական ձևով եղավ՝ Սամվել Կարապետյանը։ Իմ տպավորությամբ լինելու են ևս մի քանի միավորումներ, միանալու են, փորձելու են ավելի միավորված մասնակցել ընտրություններին, որից մեկը առավելություն է ստանալու մյուսների հանդեպ։ Ես չգիտեմ՝ ով է լինելու։

Ես չգիտեմ՝ եթե Սամվել Կարապետյանին չկալանավորեին, ինչ շարունակություն սա կունենար, բայց ստացվեց բնական և ոչ բնական ձևով, որովհետև կալանավորելը հեչ բնական չէ»,– ընդգծեց նա։

«Չորրորդ Հանրապետության» մասին Փաշինյանի գաղափարը թելադրված է նրա խորը կոմպլեքսներով

Նիկոլ Փաշինյանը Հայաստանի Երրորդ Հանրապետությունը թաթախել է արյան մեջ, և դրանով է պայմանավորված «Չորրորդ Հանրապետության» մասին նրա գաղափարը, – հայտարարել է Ռոբերտ Քոչարյանը։

«ՍԱ ԵՎՍ ՄԻ ԴԵՊՔ Է, ԵՐԲ ՌԱՑԻՈՆԱԼ ԲԱՑԱՏՐՈՒԹՅՈՒՆ ՉԿԱ։ Բայց նաև մի դեպք է, որն ավելի հեշտ է բացատրել, եթե մի փոքր ծանոթ ես Ֆրեյդի աշխատություններին։ Ի՞նչ է արել Նիկոլ Փաշինյանը։ Երրորդ Հանրապետությունը թաթախել է արյան մեջ և այժմ ենթագիտակցական մակարդակով նրան թվում է, որ եթե անունը փոխի, կմաքրվի ամեն ինչից։ Սա միակ բացատրությունն է։ Բայց արժեքների և ինքնության համակարգին պատերազմ հայտարարելը ռացիոնալ տեսանկյունից ոչինչ չի տալիս։ Պետք է մի փոքր խորանալ հոգեբանության մեջ և հասկանալ, որ նա խորապես լավ հասկանում է, թե ինչ է արել և փնտրում է արյունոտ հետևանքներից ազատվելու ուղիներ։ Մոտավորապես այն, ինչ նա արել է մարտի 1-ի հետ. ինքն է հրահրել, 10 զոհ է եղել և հետո փորձել է մաքրվել։ Այսինքն՝ մենք գործ ունենք իշխանության ղեկին գտնվող մարդու խորը կոմպլեքսների հետ։ Եվ այդ կոմպլեքսները բազմաթիվ խնդիրների են հանգեցնում երկրի համար»,– արձանագրել է Քոչարյանը։

«Եկեք այլ տեսանկյունից նայենք տեղի ունեցողին։ Հայաստանը ամենահարուստ և հաստատ ամենաանվտանգ երկիրը չէ։ Ի՞նչն է հայ մարդուն պահում Հայաստանում։ Չէ՞ որ ՌԴ-ում թոշակը 2,5 անգամ ավելի մեծ է, աշխատավարձերն ավելի շատ են, մեկնածները հաստատ ավելի լավ են ապրում, փոխանցումներ են ուղարկում։ Նման բարդ տարածաշրջանում, ինչպիսին մերն է, ինքնությունն ու ինքնատիպությունը հիմնարար նշանակություն ունեն»,– ընդգծել է նախկին նախագահը։ Նա հավելել է, որ ինքն էլ կարող էր մեկնել, բայց այն, որ տնից դուրս գալով կարող է տեսնել Արարատը, արդեն իսկ չմեկնելու պատճառ է։

Նախկին նախագահը կրկնել է, որ նման բարդ տարածաշրջանում անհրաժեշտ է առավելագույնս ուժեղացնել ինքնությունը. «Իսկ նրանք քանդում են արմատները։ Եթե հանկարծ ժողովուրդն ընդունի այդ թեզերը, Հայաստանում կմնա 1 մլն մարդ՝ նրանք, ովքեր չեն կարողանա մեկնել։ Եթե Հայաստանի ներկայիս ղեկավարները թուրքական գործակալներ լինեին, նույնը կանեին։ Ես չեմ ասում, որ նրանք գործակալներ են, բայց նրանք մարդիկ են, որոնք հաղթահարում են խորագույն հոգեբանական կոմպլեքսները»։

Սպանություններ չեն եղել, բայց եղել են մահվան դեպքեր

2018 թվականից ի վեր Հայաստանը պարտվել է 2008 թվականի մարտի 1-ի իրադարձությունների հետ կապված ՄԻԵԴ ներկայացված բոլոր գործերում, – հայտարարել է Ռոբերտ Քոչարյանը։

ՏԱՍՆՉՈՐՍ ՏԱՐԻ ԱՆՑ ՄԱՐԴՈՒ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ԵՎՐՈՊԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԸ ՈՐՈՇՈՒՄ Է ԿԱՅԱՑՐԵԼ «Մարտի 1»-ի գործով՝ պարզելով, որ 2008 թվականին Հայաստանի իշխանությունները խախտել են մահացած քաղաքացիների կյանքի իրավունքը։

Նախկին նախագահի խոսքով՝ ՄԻԵԴ որոշումը որևէ ազդեցություն չունի իր վրա, քանի որ նա 2008–ի մարտի 1-ի իրադարձություններից հետո պաշտոնավարել է մեկ ամսից մի փոքր ավելի։ Ավելին, նա ընդգծել է, որ ՄԻԵԴ որոշումը՝ 110 էջանոց փաստաթուղթը, չի հիշատակում սպանությունները, բայց հիշատակում է «մահերը»։

«Մարդու իրավունքների եվրոպական դատարանի որոշումը վերաբերում է պետության կողմից քաղաքացիական անձանց մահվան դեպքերը բացահայտելու համար բավարար ջանքեր չգործադրելուն», – նշել է Քոչարյանը։

Նա հիշեցրեց, որ քննչական մարմինները յոթ տարի ենթարկվում են վարչապետին։ Հետևաբար, նախկին պետության ղեկավարը կոչ արեց գործող իշխանություններին լուծել գործը։ «Նրանք ոչինչ չեն ուզում բացահայտել, քանի որ կարող են իրենց մեղադրել», – եզրափակեց Քոչարյանը։

Խաղաղության թեման չպետք է լինի ՔՊ-ի մենաշնորհը

Խաղաղության թեման չպետք է լինի ՔՊ–ի մենաշնորհը, – նշեց ՀՀ երկրորդ նախագահը։

«ԱՅԴ ԹԵՄԱՆ ՊԵՏՔ Է ԼԻՆԻ ՀԱԿԱՌԱԿԸ՝ ԸՆԴԴԻՄՈՒԹՅԱՆ ՄԵՆԱՇՆՈՐՀԸ։ Ես օրինակ, տեղ ունեմ դրա մասին խոսելու, որովհետև իմ նախագահ եղած 10 տարիները եղել են Հայաստանի ամենից խաղաղ տարիները։ Սա հիմնական թեզն է։ Մնացածը՝ էֆեկտիվ կառավարում, թե Հայաստանը տնտեսական ինչ զարգացում պետք է ունենա… խոսենք սոցիալական արդարությունից. երբ ես ընդունել եմ իշխանությունը, աղքատությունը եղել է 56 տոկոս, ես հանձնել եմ իշխանությունը, աղքատությունը եղել է 25 տոկոս։ Երկրի տնտեսությունն աճել է տարեկան միջինը 10,5 տոկոսով։ Եթե տնտեսական աճը չի բերում աղքատության նվազման, ինձ համար դա անհասկանալի ու անիմաստ տնտեսական աճ է։ Սա նշանակում է, որ ինչ–որ բարիք է ստեղծվում, որը բաժանվում է շատ փոքր թվով մարդկանց մեջ։ Կամ նկարած է այդ աճը։ Երկու տարբերակն էլ վատն են։ Հիմա կարո…ղ եք բացատրել, թե ինչու է վերջին 7 տարում աղքատությունը մնացել նույն վիճակում։ Էդ տնտեսական հաջողությունն ո՞ւր է գնում»,–ասաց նա։

«Հայաստան» դաշինքը և նոր ստեղծվող «Մեր ձևով» շարժումը միասին կգերազանցեն ՔՊ-ին

Այսօր երևում է երկու միավոր, որ մտնում են խորհրդարան, շատ քիչ են զիջում ՔՊ-ին, մեկը «Հայաստան» դաշինքն է, մուսը՝ Սամվել Կարապետյանի ուժը, – հայտարարեց Ռոբերտ Քոչարյանը։

ՆԱ ՎՍՏԱՀՈՒԹՅՈՒՆ ՀԱՅՏՆԵՑ, ՈՐ ԱՅՍ ԵՐԿՈՒ ՈՒԺԵՐԸ ՄԻԱՍԻՆ ԶԳԱԼԻՈՐԵՆ ԿԳԵՐԱԶԱՆՑԵՆ ԻՇԽՈՂ ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅԱՆԸ։ Երկրորդ նախագահը հայտարարեց, որ Դաշնակցության հետ համագործակցությունը շարունակվում է ըստ էության։ «Մենք դեռ ոչինչ չենք քննարկել։ Քննարկումները տեղի կունենան հունվար-փետրվար ամիսներին, և մենք կփորձենք ընտրել ամենապրագմատիկ ձևաչափը», – հավելեց Քոչարյանը։

Նա ցանկություն հայտնեց, որ ի հայտ գա երրորդ ուժ՝ համոզմունք հայտնելով, որ քաղաքական միավորներ կշարունակվեն ստեղծվել։ Երկրորդ նախագահը բացատրեց, որ չի հավատում արհեստական ​​բևեռներին, քանի որ, իր կարծիքով, արհեստական ​​առաջնորդ գոյություն չունի։ Նա ընդգծեց, որ եթե ստեղծվի երրորդ ուժ, այն պետք է ստեղծվի անհատների կողմից և այնպիսի գործողությունների միջոցով, որոնք համոզիչ կլինեն ընտրողների մեծ մասի համար։ Նա նշեց, որ այս դերի համար կլինի էական պայքար և մրցակցություն։ Քոչարյանը սա անվանեց նորմալ երևույթ՝ ողջունելով մրցակցությունը բոլոր ոլորտներում։

«Ես շատ կուզենամ, որ լինի նաև երրորդ ուժ: Մի մասը կողմնորոշվեց, մի մաս մեզնից գնաց, բայց ես դրան հանգիստ եմ նայում, կարևորը, որ ընդհնաուր թիվը լինի մեծ: Եթե այս ձևով շարունակվի, նաև ես բերել եմ հետևյալ փաստարկները: Բոլոր խոստումներով այս մարդը ձախողվում է: Հիմա արդյոք մեր ժողովուրդը պատրաստ է ընդհանուր ձախողումներով մարդուն նորից ընտրել։

Կարծում եմ՝ հասարակական տրամադրությունների մեջ ինչ-որ բան փոխվել է։ Այս առումով ես հիմա ավելի լավատես եմ. 2021 թվականին ես այդ լավատեսությունը չունեի։ Այն ժամանակ մենք պետք է ներխուժեինք և օգտվեինք առիթից», – նշեց երկրորդ նախագահը։

Մեր ծրագիրը սա է լինելու՝ արել ենք մեկ անգամ, կանենք երկրորդ անգամ

Իմ 10 տարվա նախագահության ժամանակ կենսաթոշակներն աճել են 6 անգամ, միջին աշխատավարձը՝ ևս 6 անգամ. Բյուջեն աճել է 8 անգամ։ Բյուջեի աճը անմիջապես արտացոլվել է միջին թոշակի, միջին աշխատավարձի վրա և աղքատությունը շեշտակի նվազել է, ավելի քան 2 անգամ, – նշեց ՀՀ երկրորդ նախագահը։

«ԵՍ ԸՆՏՐՎԵԼՈՒՑ ԱՅԴՊԻՍԻ ԽՈՍՏՈՒՄ ՉԵՄ ՏՎԵԼ, որովհետև ռիսկային խոստում կլիներ»,– հայտարարեց նա։

Քոչարյանը կոչ արեց համեմատել այսօրվա իշխանությունների նախընտրական խոստումները և կատարած աշխատանքը. «Խայտառակ պատկեր է։ Մի քիչ ամոթ ունեցող մարդը այս կատարողականով պետք է ուղղակի ամաչեր փողոց դուրս գալ, ոչ թե ընտրությունների մասնակցել, դեռ մի բան էլ ամբիոններից խոսել, թե ինչ փայլուն կառավարություն են իրականացրել։ Դու մի բան ասել ես, լրիվ ուրիշ բան արել ես, միայն պատուհաս ես բերել այս ժողովրդի գլխին։

Հիմա հարցնում եք՝ ի՞նչ օրակարգով ես գալու ընտրության։ Հենց այս օրակարգով, որ այս կարգի թվերի մեջ աղքատությունը 24 տոկոս չպետք է լիներ, պետք է լիներ առավելագույնը 10-12 տոկոս։ Արտաքին պարտքը 8 մլրդ դոլար է, նասոսի պես դնես, փչես տնտեսության մեջ և աղքատությունը նույնը մնա՞։

Նիկոլ Փաշինյանն ասում է՝ աղքատությունը ձեր գլխում է։ 700 հազար մարդ Հայաստանում աղքատ է, ինքն ասում է, որ 700 հազար մարդ ունի գլխի հարց։ Դուք OK ե՞ք սրա հետ։ Իմ համոզմամբ, եթե երկրի տնտեսությունն աճում է և աղքատությունը շեշտակի չի նվազում, ուրեմն գլխի պրոբլեմ ունի այդ երկրի առաջնորդը։ Ուրիշ բացատրություն դժվար է հորինել։

Հիմա մեր ծրագիրը սա է լինելու, արել ենք մեկ անգամ, կանենք երկրորդ անգամ»։

Հայաստանում ոչ բոլոր սպանություններն են եղել քաղաքական

Հանրային հեռուստառադիոընկերության խորհրդի նախագահ, լրագրող Տիգրան Նաղդալյանի ֆիզիկական սպանությունը նաև քաղաքական սպանություն է, սակայն մյուս սպանությունների մասով հարցեր կան, – հայտարարել է Ռոբերտ Քոչարյանը՝ պատասխանելով քաղաքական սպանությունների մասին հարցին։

ԼՐԱԳՐՈՂԸ ՄԱՏՆԱՆՇԵԼ Է ՄԻ ՇԱՐՔ ՍՊԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ, ՈՐՈՆՔ ՄԵԾ ԱՐՁԱԳԱՆՔ ԵՆ ԳՏԵԼ ԵՐԿՐՈՒՄ՝ Ռոբերտ Քոչարյանի նախագահության շրջանում։ Վերջինիս քաղաքական ընդդիմախոսները մեղադրել և շարունակում են հետևողականորեն մեղադրել Քոչարյանին ամեն ինչում։ Նրան կասկածում են պատվիրված սպանությունների և քաղաքական ընդդիմախոսներին վերացնելու մեջ։

«Ի՞նչ է նշանակում քաղաքական սպանություն։ Ի՞նչ եք դուք դրանով հասկանում»,– հարցրել է Քոչարյանը հարց տվող լրագրողին։ Հայաստանի նախկին նախագահի խոսքով՝ նմանատիպ հանցագործություններ տեղի են ունեցել և շարունակում են տեղի ունենալ ամենուր և ցավոք, դրանցից ոչ բոլորն է հաջողվում բացահայտել։ «Այն մարդիկ, ում մասին դուք նշեցիք, քաղաքականությամբ չէին զբաղվում։ Նրանցից ոչ ոք քաղաքականությամբ չէր զբաղվում։ Նրանք կա՛մ ծառայում էին Պաշտպանության նախարարությունում, կա՛մ Ոստիկանությունում։ Նրանք ընդդիմադիրներ չէին և քաղաքականությամբ չէին զբաղվում։ Այդ սպանությունները քաղաքական անվանելու համար… Դե, արդեն կներք ինձ»,– նշել է Քոչարյանը։

Եկեղեցու վրա հարձակումները վարկանիշ չեն բերում ո՛չ Փաշինյանին, ո՛չ «Քաղաքացիական պայմանագրին»

Գործող իշխանության կողմից Հայ Առաքելական եկեղեցու վրա հարձակումներն իմ համար անհասկանալի են, – հայտարարել է Հայաստանի երկրորդ նախագահը։

ԸՍՏ ՆԱԽԿԻՆ ՆԱԽԱԳԱՀԻ՝ ԵԿԵՂԵՑԻՆ ՉԻ ԽԱՆԳԱՐՈՒՄ ԻՇԽԱՆՈՒԹՅԱՆԸ աղքատության շեմը իջեցնել մինչև պատմական նվազագույնին։ Այն չի միջամտում տնտեսական քաղաքականության ձևավորմանը, հանցագործությունների բացահայտմանը և այլն։ «Ուստի ես էլ ռացիոնալ բացատրություն չունեմ»,– ասել է Քոչարյանը։

Ընդ որում, պետության նախկին ղեկավարը խոստովանել է, որ ակնկալում էր հարձակումներ եկեղեցու և առանձին եկեղեցականների վրա։ Ավելին, Հայ Առաքելական եկեղեցու որոշ սպասավորների նկատմամբ հարուցված քրեական գործերը նրա համար նորություն կամ հայտնություն չեն եղել, քանի որ նա, կրկին, ակնկալում էր իրադարձությունների նման զարգացում։

«Եկեղեցու վրա հարձակումները, միանշանակ, ռեյտինգ չեն բերում ո՛չ վարչապետ Նիկոլ Փաշինյանին, ո՛չ էլ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությանը։ Եկեղեցու սպասավորներին բանտերում պահելը միանշանակ չի բարձրացնում նրանց ռեյտինգը։ Բայց նա ցանկանում է, որ Կաթողիկոսի տեղում հայտնվի մեկը, ով վերջապես կսկսի ենթարկվել իրեն»,– նշել է երկրորդ նախագահը։

News.am-ի նյութերով