Հավատացեք ինձ, մենք ամեն ինչ կանենք, որպեսզի Հայաստանի և հայ ժողովրդի շահերը պաշտպանված լինեն։ Այս մասին Մոսկվայում կայացած «Աշխարհի ատոմային շաբաթ» միջազգային ֆորումում իր ելույթի ժամանակ հայտարարեց «Ռոսատոմ»-ի գլխավոր տնօրեն Ալեքսեյ Լիխաչևը՝ դիմելով միջոցառմանը ներկա գտնվող ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին։
Իր ելույթի ընթացքում Լիխաչևը խոսեց Հայկական ատոմակայանի մասին, որը, նրա խոսքով, համատեղ հպարտության աղբյուր է։
«1988 թվականին այն վերապրեց Սպիտակի ողբերգական երկրաշարժը, որի ուժգնությունը մինչև 9.0 մագնիտուդ էր։ Այն Երկրի վրա միակ ատոմային էներգաբլոկն է, որը դիմացավ այդ հարվածին։ Եվ այդ ժամանակվանից ի վեր հայ մասնագետները այս նախագիծն իրականացնում են համատեղ, իհարկե, «Ռոսատոմի» հետ՝ մեր օգնությամբ և աջակցությամբ։
Նիկոլ Վովաևիչ, մենք սա ենք ասում. կայանը ձերն է, բայց հպարտությունը՝ մեր ընդհանուրը։ Դրա ներկայիս կայուն գործունեությունը և առնվազն մինչև 2036 թվականը երկարաձգումը մեզ համար լիովին հասկանալի են։ Մենք այժմ մեծ հարգանքով հետևում ենք, թե ինչպես եք դուք ընտրում նոր լուծումներ՝ դիտարկելով ատոմային էներգիայի հաջորդ քայլը, և մենք հասկանում ենք, թե որքան կարևոր է այս քայլը, քանի որ դուք եք որոշում երկրի քաղաքականությունը առնվազն հաջորդ 100 տարիների համար։ Հավատացեք ինձ, մենք ամեն ինչ կանենք, որպեսզի ապահովենք Հայաստանի և հայ ժողովրդի շահերի պաշտպանությունը», – նշեց «Ռոսատոմի» ղեկավարը։
News.am