Իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանը գրել է․
«Քաղբանտարկյալ» բառն իմ համար սոսկ տեսական հասկացություն չէ։ Այդ բառը լսելիս միանգամից մտքիս են գալիս հազար ու մի պատկերներ՝ ամրություն ու արժանապատվություն արտահայտող դեմքեր, ընտանիքի անդամների թաց աչքեր, մտերիմների մտահոգ զանգեր, գործընկերներիս հետ «ուղեղայն գրոհներ», ցասում ու հույս, հազար ու մի գույն ու ձայն ու էմոցիա։
Մինչ օրս ինձ թվում էր, որ «քաղբանտարկյալ» ասվածը պատկերացնում եմ հինգ մատիս պես։
Պարզվեց՝ ոչ։ Պարզվեց՝ չեմ կարող պատկերացնել այն մարդու կամքի ու ոգու ուժը, որը, լավ գիտակցելով տևական ապօրինի բանտարկության հեռանկարը, ունենալով ընտրության ռեալ հնարավորություն, հերիք չի՝ որոշում է վերադառնալ ու ապօրինաբար բանտարկվել, մի բան էլ՝ նեղանում է նրանցից, ովքեր խորհուրդ են տալիս չվերադառնալ։
Դավիթ Համբարձումյանն այսօր բոլորիս տվեց տղամարդկության, անձնազոհության ու ոգու ամրության օրինակ, ու անկեղծ ասած՝ չգիտեմ՝ ինքս ի վիճակի կլինեի՞ նույնն անել։
Ազատությու՛ն բոլոր քաղբանտարկյալներին։ Նրանց արժանապատիվ շարքը քիչ առաջ համալրեց ևս մեկը՝ ուժեղ տղա Դավիթ Համբարձումյանը։
