Բաքվում այսօր շարունակվել է Արցախի նախկին պետնախարար, գործարար, բարերար Ռուբեն Վարդանյանի դեմ շինծու դատավարությունը։ Ադրբեջանական ԶԼՄ-ները հայտնում են, թե այսօր ցուցմունքներ են տվել «տուժողները»։ Տարբեր մարդիկ եկել են դատարան ու պատմել, թե որտեղ և ինչ վիրավորում են ստացել և այլն, կամ թե իրենց հարազատները որտեղ են զոհվել։
Ռուբեն Վարդանյանն այսօր հերթական միջնորդությունն է ներկայացրել և խնդրել դատական նիստին հրավիրել Ադրբեջանի պետական սահմանապահ ծառայության ներկայացուցչին: Նա նշել է, որ դա կապված է իրեն առաջադրված մեղադրանքի հոդվածներից մեկի՝ Ադրբեջանի Հանրապետության պետական սահմանն ապօրինի հատելու հետ: Գլխավոր դատախազը խնդրել է դատարանին մերժել Ռուբեն Վարդանյանի ներկայացրած միջնորդությունը։ Դատարանը որոշում է կայացրել միջնորդությունը թողնել առանց քննության։
Ըստ ադրբեջանական ԶԼՄ-ների՝ հրապարակվել են դատարանում, ինչպես նաև քրեական գործի նյութերում իբրև թե առկա և նախաքննության ընթացքում հավաքագրված փաստաթղթերը, ուսումնասիրվել են «ապացույցները»:
Հերթական «դատական նիստը» նշանակված է նոյեմբերի 18-ին։
Նշենք, որ Ադրբեջանի հարցերով փորձագետ, Հայաստանի Ազգային ժողովի նախկին պատգամավոր Տաթևիկ Հայրապետյանը տելեգրամյան ալիքում այսօր գրել էր, որ Բաքվում հերթական «դատական նիստի» ընթացքում Լեռնային Ղարաբաղի նախկին պետնախարար, գործարար և բարերար Ռուբեն Վարդանյանը հրաժարվել է վերջերս նշանակված փաստաբան Էմիլ Բաբիշովի ծառայություններից:
Սակայն Հայրապետյանի հրապարակած տեղեկատվությունն առայժմ ադրբեջանական պետական ԶԼՄ-ները չեն հաստատում։
Հոկտեմբերի 21-ին հայտնի դարձավ, որ Ռուբեն Վարդանյանը հրաժարվել է փաստաբան Աբրահամ Բերմանի ծառայություններից։ Ընտանիքի միջոցով փոխանցված իր մեկնաբանության մեջ Վարդանյանը նշել է, որ դա պարտադրված որոշում էր։ Հայտնի բարերարը փաստել է, որ անցած ամիսների ընթացքում սպառվել են պաշտպանության ընթացակարգային բոլոր հնարավորությունները: Վարդանյանը հայտարարել է, որ իրեն պաշտպանության պատրանք պետք չէ, և ինքը հրաժարվում է մասնակցել այդ ֆարսին։
Հոկտեմբերի 28-ին ադրբեջանական ԶԼՄ-ները հայտնել էին, որ նոր հանրային փաստաբան է նշանակվել՝ Էմիլ Բաբիշովը:
Հիշեցնենք նաև, որ հունվարի 17-ից Ադրբեջանում ընթանում է Արցախի նախկին ռազմաքաղաքական առաջնորդների գործով «դատավարությունը»: Մեղադրյալների թվում են նախկին նախագահներ Արկադի Ղուկասյանը, Բակո Սահակյանը, Արայիկ Հարությունյանը, պաշտպանության բանակի նախկին հրամանատար Լևոն Մնացականյանը, նախկին արտգործնախարար Դավիթ Բաբայանը և այլք:
Նախկին պետնախարար և բարերար Ռուբեն Վարդանյանի գործը քննվում է առանձին վարույթով:
Sputnik Արմենիա
