Логотип

ՌՈՒԲԻՆՅԱՆԸ ՆՇՈՒՄ է ԹԻՐԱԽՆԵՐԸ, ՆԱԶՈՆ՝ ԾԱՆՈՒՑՈՒՄ ՄԻՋՈՑՆԵՐԸ. ԶԼՄ-ՆԵՐԻ ԴԵՄ ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՊԱՏԵՐԱԶՄԸ ՇԱՐՈՒՆԱԿՎՈՒՄ Է

Այն փաստը, որ Հայաստանի իշխանությունները վերջին ամիսներին սաստկացնում են բռնաճնշումները անկախ և ընդդիմադիր լրատվամիջոցների դեմ, կասկածից վեր է: «ԳԱ»-ն արդեն անդրադարձել է այդ թեմային բոլորովին վերջերս՝ մոտ 2 ամիս առաջ, սակայն այս կարճ ժամանակահատվածում ի հայտ են եկել դրա նոր և բավական ծանրակշիռ ապացույցներ։

ԴԵԿՏԵՄԲԵՐԻ ՎԵՐՋԻՆ ԼՐԱՏՎԱԿԱՆ ԳՈՐԾԱԿԱԼՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՀԱՂՈՐԴԵՑԻՆ, որ կառավարությունը հավանություն է տվել «Տեսալսողական մեդիայի մասին» օրենքում փոփոխություններին։ Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Մխիթար Հայրապետյանի հաղորդագրության համաձայն, փոփոխություններով «կարգելվի սահմանադրական կարգը բռնի տապալելու, պատերազմ քարոզելու, բռնություն և դաժանություն քարոզելու կամ նման նպատակ հետապնդող բովանդակության տարածումը», ինչպես նաև «օտարերկրյա տեսալսողական ծրագրերում Հայաստանի ներքաղաքական կյանքին միջամտող բովանդակության տարածումը»։

Ըստ Հայրապետյանի՝ «փոփոխությունները միտված են քաղաքացիների վրա բացասաբար ազդող տեղեկատվության սահմանափակմանը՝ հնարավորություն տալով կանխել ապատեղեկատվության, բռնության, ատելության քարոզի և այլ վնասակար բովանդակության տարածումը»։ Նախատեսվում է ցանցային օպերատորների լիցենզիաների կասեցում և չեղարկում սահմանված նորմերի խախտման դեպքում:

Այն, որ տվյալ փոփոխությունները օպերատիվ կերպով կընդունվեն ԱԺ իշխող խմբակցության կողմից, կասկածից վեր է. ԶԼՄ-ների և խոսքի ազատության դեմ պայքարը իշխանությունների առաջնահերթություններից մեկն է խորհրդարանական ընտրություններին մնացած կես տարվա ընթացքում: Մանավանդ որ խոսքը վերաբերում է տեղեկատվական-քարոզչական առավել լայն ռեսուրսներ ունեցող տեսալսողական մեդիային։ Եվ նամանավանդ որ տպագիր ԶԼՄ-ներից շատերն այսօր ունեն իրենց Youtube-ալիքները և լայնորեն օգտագործում են տեսալսողական բովանդակությունը։

Փորձագետներն ու ԶԼՄ-ների ներկայացուցիչներն արդեն բնորոշել են առաջարկվող փոփոխությունները որպես իշխանություններին ոչ հաճո լրատվամիջոցներին լռեցնելու հերթական փորձ: Այսպես, «Առավոտ» օրաթերթի գլխավոր խմբագիր Արամ Աբրահամյանի խոսքերով, «այս օրենքի նպատակն է ավելի լեգիտիմ գործիքներ տալ իշխանությանը` ընտրություններից առաջ փակելու այն լրատվամիջոցների, այն լրագրողների բերանը, որոնք քննադատում են իրենց»:

«Իշխանությունը կարող է ցանկացած խոսք կամ ուղերձ մեկնաբանել այնպես, որ այն ներառվի օրենքի կետում»,- ասաց Աբրահամյանը «Sputnik Արմենիա»-ին տված հարցազրույցում, որպես օրինակ բերելով Հայ Եկեղեցու պաշտպանության առնչությամբ Սամվել Կարապետյանի արտաբերած «մեր ձևով» բառակապակցությունը, որն իշխանությունները որակեցին իբրև «սահմանադրական կարգը տապալելու կոչ»։

ՕՐԵՆՔՈՒՄ ՆՇՎԱԾ ՉԱՓՈՐՈՇԻՉՆԵՐԻ ԲԱՑԱՐՁԱԿ ՍՈՒԲՅԵԿՏԻՎՈՒԹՅՈՒՆՆ ԻՐՈՔ ԱՉՔԻ Է ԶԱՐՆՎՈՒՄ ԱՆՄԻՋԱՊԵՍ։ Ո՞վ է որոշելու, թե միջամտություն է արդյոք այս կամ այն ասելիքը ներքաղաքական կյանքին, կամ ուղղված է արդյոք սահմանադրական կարգի տապալմանը։ Ի՞նչ չափանիշներով է որոշվելու «տեղեկատվության բացասական ազդեցությունը քաղաքացիների վրա»։ Ո՞վ պիտի որոշի, թե ապատեղեկատվություն է արդյոք այս կամ այն խոսքը կամ պատերազմի քարոզչություն՝ այն պայմաններում, երբ իշխանությունն ինքն է ամեն օր ստում ու ապատեղեկացնում քաղաքացիներին, այդ թվում՝ պատրանքային «խաղաղ գործընթացի» վերաբերյալ։

Հարցերն այս, իհարկե, հռետորական են, քանզի դրանց պատասխանելու են կառավարական կամ իշխանության կողմից վերահսկվող կառույցները, որոնք գնահատելու են հրապարակումների բովանդակությունը նույնիսկ ոչ թե իշխող կուսակցության, այլ բացառապես մեկ անձի՝ Նիկոլի շահերի տեսանկյունից։ Նույն այն Նիկոլի, որը հենց այս պահին, հեղինակավոր իրավաբանների գնահատականներով, կատարում է սահմանադրական կարգը տապալող գործողություններ, հնչեցնում հայ հասարակության ներսում բռնություն և ատելություն հրահրելուն գիտակցաբար ուղղված կոչեր, սադրում հասարակական խոր պառակտում և հայկական ինքնության կարևորագույն ինստիտուտի՝ Հայ Առաքելական Եկեղեցու փլուզում։

Այսինքն՝ այն ամենը, ինչի տարածումը նախատեսվում է արգելել որպես օտարերկրյա ԶԼՄ-ների բովանդակություն։

Վերադառնանք, սակայն, մեդիառեսուրսների հետապնդմանը։ Մանավանդ որ տակավին օրերս՝ հունվարի 9-ին Նիկոլի մամլո քարտուղար Նազելի Բաղդասարյանը, նույն ինքը՝ «չոլկա Նազոն», բացահայտ հայտարարեց բռնաճնշումների ընդլայնման և ուժգնացման ուղղությամբ ակտիվ աշխատանքի մասին՝ պատմելով «հիբրիդային պատերազմների կարևորագույն բաղադրիչի՝ հայրենի լրատվական դաշտում ապատեղեկատվական արշավների մասին»։ Իրոք որ, ուրիշ ո՞վ պիտի ապատեղեկատվական արշավների փորձագետ լինի, եթե ոչ Փաշինյանի մամլո խոսնակը։

Նազոն պատմեց Հայաստանի դեմ ուղղված «ապատեղեկատվության հոսքերը» վերլուծելու և ուսումնասիրելու մտադրության մասին: Ինչպես նաև տեղեկացրեց, որ արդեն «նույնականացվել են նաև Հայաստանի այն ԶԼՄ-ները, որոնք այս կամ այն կերպ նպաստել են ապատեղեկատվության տարածմանը»: Եվ վստահ հայտարարեց, որ «մեր հասարակության տեղեկատվական կայունության բարձրացման լավագույն միջոցը անհրաժեշտ և ճշգրիտ տեղեկատվության տիրապետումն է, ինչին մենք կփորձենք նպաստել»: Ինչպես ասում են՝ հարկավ, չէինք էլ կասկածում…

ԱՄԵՆ ԻՆՉ ԱՍՎԱԾ Է ԱՌԱՎԵԼ ՔԱՆ ԲԱՑԱՀԱՅՏ. իշխանությունը, այլ ոչ թե ոլորտի անկախ մասնագետներն են որոշելու, թե ԶԼՄ-ներին ինչն է կարելի և ինչը չի կարելի տարածել որպես տեղեկատվություն, և ինչը որակել «ապատեղեկատվություն»՝ համապատասխան հետևանքներով։ Այն է՝ անցանկալի լրատվամիջոցների դեմ դատական հայցերի նոր հեղեղով, վարչական ու ֆինանսական հալածանքներով, լրագրողների և բլոգերների ահաբեկմամբ ու ձերբակալություններով։

Վերջապես, այս տորթի բալեհատիկը կարելի է համարել ԱԺ նախագահի պաշտոնին ձգտող և այդ նպատակով սոցցանցերում աննախադեպ եռանդ ցուցաբերող Ռուբեն Ռուբինյանի գրառումը, որում նա նշել է այն պարբերականները, որոնք իշխանությունների թիրախն են դառնալու առաջին հերթին։ «Ձեր կարծիքով ո՞րն էր տարվա վատագույն լրատվամիջոցը»,- կոկետորեն դիմում է ՔՊ-ի առավելագույն (?) թուրքասեր պատգամավորը ֆեյսբուքյան օգտատերերին։ Եվ հայտնում իր գնահատականները. «Ես տատանվում եմ «Ազատության» և «Հրապարակի» միջև: «168 am»-ն էլ հետ չի մնում: Դե իսկ 5-րդ ալիքն ու «Հայելին» վաղուց արդեն ժանրի կլասիկա են: Կեղտոտ լրագրության ժանրի: Պետք է ասեմ նաև, որ խայտառակ հետընթաց է ապրել իմ երբեմնի սիրած «Առավոտը»։

Այս ցուցակում փաշինյանական ոհմակի կողմից իշխանության զավթման երկարամյա «ճարտարապետներից» մեկի՝ «Ազատություն» ռադիոկայանի առկայությունը չպետք է մոլորության մեջ գցի. նույնիսկ եթե իշխանական թայֆան այնքան էլ գոհ չէ «Ազատ Եվրոպա/Ազատություն» ռադիոկայանի հայկական ծառայությունից, այդուհանդերձ չի դիպչի նրան, իհարկե։ Ինչը չի կարելի ասել Ռուբինյանի թվարկած, ինչպես նաև չթվարկած, բայց նույնպես հալածանքների, ընդհուպ մինչև բռնի փակման սպառնալիքի առջև կանգնած մյուս լրատվամիջոցների մասին (հիշենք «Շողակաթ» հեռուստաընկերությունը և «Իմնեմնիմի» փոդքասթի հեղինակների կալանավորումը)։

Թուրքական դրածոների պատերազմը ազատ խոսքի, անկախ և ընդդիմադիր լրատվամիջոցների դեմ, դատելով ըստ ամենայնի, մտնում է վճռորոշ փուլ։