Логотип

ՌՈՒԲԻՆ․ ՎԵՆՍԻ ԱՅՑԸ ԲԱՔՈՒ՝ ԱՌԱՆՑ ՀԱՅ ԳԵՐԻՆԵՐԻ ԱԶԱՏ ԱՐՁԱԿՄԱՆ, ԿԴԻՏՎԻ ՈՐՊԵՍ ՀԱՎԱՆՈՒԹՅԱՆ ԱԶԴԱՆՇԱՆ

2023 թվականի սեպտեմբերի 19-ին ադրբեջանական բռնապետ Իլհամ Ալիևը հրամայել է իր ուժերին էթնիկ զտումներ իրականացնել Լեռնային Ղարաբաղի մնացյալ բնիկ հայ բնակչության նկատմամբ, թեև դրանից մի քանի օր առաջ խոստացել էր, որ նման բան չի անի։ Ավելի քան 200 հայ զոհվեց, երբ ադրբեջանական զորքերը վտարում էին 120,000 էթնիկ հայերի իրենց հողերից, ավերում գերեզմանոցները, ինչպես նաև վանդալիզմի ենթարկում կամ ոչնչացնում եկեղեցիներն ու վանքերը։ Այս մասին գրում է Ձեռնարկատիրության ամերիկյան ինստիտուտի (American Enterprise Institute) ավագ վերլուծաբան Մայքլ Ռուբինը՝ Middle East Forum կայքում հրապարակված հոդվածում։

Հեղինակի խոսքով՝ Ալիևի կոռուպցիան երկիրը հասցրել է աղքատացման։ Միևնույն ժամանակ, վերլուծական կենտրոններում և լրատվամիջոցներում դժվար թե գտնվի Ալիևի և Ադրբեջանի որևէ պաշտպան, ով այս կամ այն կերպ օգտված չլինի Ադրբեջանի այսպես կոչված «խավիարային դիվանագիտության» բարիքներից՝ դրա շոուներից, ուռճացված հոնորարներից և կողմնակի առևտրային գործարքներից։

Ադրբեջանում ժողովրդավարության առկայությունն Ալիևի համար չափազանց մեծ սպառնալիք է ներկայացնում։ Այդ իսկ պատճառով, Արցախի զավթումից հետո, ադրբեջանական ուժերը տարբեր մեղադրանքներով ձերբակալել են Արցախի ղեկավարներին, ներառյալ՝ խաղաղության և մարդկության դեմ ուղղված հանցագործություններ, ռազմական հանցագործություններ, ագրեսիվ պատերազմի նախապատրաստում և վարում, ցեղասպանություն, պատերազմի օրենքների ու սովորույթների խախտում, ահաբեկչություն և իշխանության բռնի զավթում։

Մեղադրանքներն աբսուրդային են եղել, իսկ դատավարությունները՝ է՛լ ավելի աբսուրդային։ Թարգմանիչները միտումնավոր խեղաթյուրել են պատասխանները։ Ադրբեջանն արգելել է միջազգային դիտորդների գործունեությունը և ամբաստանյալներին տրամադրել ադրբեջանցի փաստաբաններ։

2026 թվականի փետրվարի 5-ին Բաքվի զինվորական դատարանը բազմաթիվ ամբաստանյալների դատապարտել է ցմահ ազատազրկման։ Միլիարդատեր բարերար Ռուբեն Վարդանյանը, ով թողել էր հարմարավետ կյանքը՝ Արցախում պետական նախարարի պաշտոնում ծառայելու համար, հավանաբար կդատապարտվի առաջիկա օրերին։

Փորձագետն ընդգծում է, որ Ադրբեջանում ոչինչ պատահական չի լինում, իսկ դատական համակարգը որևէ կերպ անկախ չէ Ալիևից։ Այս առումով Սպիտակ տունը և միջազգային հանրությունն ընդհանուր առմամբ պետք է արդեն իսկ քննարկեն դատարանի գործողությունների պատճառները։ Չնայած նրան, որ նախագահ Դոնալդ Թրամփը հպարտանում է ադրբեջանա-հայկական խաղաղության գործընթացով, այդ գործընթացի դինամիկան միշտ հարցեր է առաջացրել Ալիևի անկեղծության վերաբերյալ։ Բանակցությունների ընթացքում (որոնք սկսվել էին Բայդենի վարչակազմի օրոք) Ալիևն առաջ էր քաշում նվաստացուցիչ և ծայրահեղական պահանջներ։

Ալիևի գործողությունները տեղի են ունենում այն պահին, երբ ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսը պատրաստվում է այցելել թե՛ Հայաստան, թե՛ Ադրբեջան։ Սստեղծված պայմաններում դեպի Բաքու այցը հավանություն կնշանակի ԱՄՆ-ի կողմից։ Խաղասեղանին դրված է ոչ միայն Հարավային Կովկասում խաղաղությունն ամրապնդելու Թրամփի ձգտումը, այլև Թրամփի և Վենսի՝ պաշարված քրիստոնեական համայնքները պաշտպանելու հանձնառությունը։

Վենսը, հեղինակի կարծիքով, պետք է շարունակի իր ճանապարհը դեպի Երևան, մինչդեռ նրա ազգային անվտանգության հարցերով խորհրդական Էնդի Բեյքերը, ում նվիրվածությունը քրիստոնյա հայերի պաշտպանությանը անկեղծ է, պետք է հստակ հասկացնի Ալիևին և նրա մերձավոր շրջապատին, որ դեպի Ադրբեջան ԱՄՆ բարձրաստիճան ներկայացուցիչների այցերի միակ պայմանը՝ այժմ կամ ապագայում, բոլոր հայ պատանդների, այդ թվում՝ Ռուբեն Վարդանյանի տունդարձն է։

News.am