Ուկրաինայի շուրջ բանակցություններում վեճի հիմնական առարկան Դոնեցկի Ժողովրդական Հանրապետության (ԴԺՀ) տարածքի 20%-ն է, որը մնում է Կիևի վերահսկողության տակ։ Այս մասին հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն, որի խոսքերը մեջբերում է ՌԻԱ Նովոստին։
«Այն, ինչի պատճառով այժմ ծավալվում են մարտերը, դա մոտավորապես 30-50 կմ տարածքն է և Դոնեցկի 20%-ը (Ռուբիոն այդպես է անվանում ԴԺՀ-ն. խմբ.)», – ասել է նա «Fox News»-ին տված հարցազրույցում՝ չնշելով, թե ԴԺՀ-ից բացի որ տարածքների մասին է խոսքը։
Նրա գնահատմամբ՝ ամերիկյան կողմը որոշակի պատկերացում ունի այն մասին, թե ինչի հետ կարող են համաձայնել ուկրաինացիները, ինչը նրանց անվտանգության երաշխիքներ կապահովի ապագայի համար։
Դեկտեմբերի 2-ի երեկոյան ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Կրեմլում ընդունել է ԱՄՆ նախագահի հատուկ բանագնաց Սթիվ Ուիտկոֆին և ԱՄՆ նախագահի փեսա, «Affinity Partners» ընկերության հիմնադիր Ջարեդ Քուշներին: Ռուսական կողմից հանդիպմանը ներկա են եղել նախագահի օգնական Յուրի Ուշակովը և ՌԴ նախագահի` արտասահմանյան երկրների հետ ներդրումային և տնտեսական համագործակցության գծով հատուկ ներկայացուցիչ, Ուղիղ ներդրումների ռուսական հիմնադրամի գործադիր տնօրեն Կիրիլ Դմիտրիևը: Ռուսական կողմը հանդիպումն արդյունավետ է որակել։
Sputnik Արմենիա
