Логотип

Ռուբիո․ ԱՄՆ-ն թույլ չի տա Իրանին վճար գանձել Հորմուզի նեղուցով անցնելու համար

ԱՄՆ-ն թույլ չի տա Իրանին Հորմուզի նեղուցով նավերի անցման համար վճար գանձել, և նախագահ Դոնալդ Թրամփը մի շարք տարբերակներ ունի դա թույլ չտալու համար։ Այս մասին հայտարարել է պետքարտուղար Մարկո Ռուբիոն, հայտնում է ՌԻԱ Նովոստին։

Նրա խոսքով՝ Թեհրանն իբր սպառնում է անժամկետ վերահսկողություն սահմանել նեղուցի նկատմամբ և նավերի անցման համար վճարների համակարգ ներդնել։

«Դա թույլ չենք տա։ Նախագահն իրեն հասանելի մի շարք տարբերակներ ունի, եթե որոշի թույլ չտալ, որ դա տեղի ունենա»,-ասել է Ռուբիոն ABC հեռուստաալիքի առավոտյան եթերում։

Միևնույն ժամանակ պետքարտուղարը հրաժարվել է բացահայտել, թե կոնկրետ ինչ միջոցառումներ է դիտարկում Վաշինգտոնը։ Նա ընդգծել է, որ չի քննարկի ռազմական մարտավարությունը, իսկ նման հարցերը պետք է ուղղել ԱՄՆ պաշտպանության նախարարությանը։

Ռուբիոն նաև հայտարարել է, որ Միացյալ Նահանգները մտադիր են հասնել իրենց նպատակներին «շաբաթների, այլ ոչ թե ամիսների ընթացքում»։

Ըստ նրա՝ Վաշինգտոնն անընդունելի է համարում այն իրավիճակը, երբ Իրանը պետք է որոշի, թե ով կարող է անցնել միջազգային ջրային ճանապարհով։

Sputnik Արմենիա