ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն Fox News-ին տված հարցազրույցում հայտարարել է, որ Իրանի դեմ պատերազմի ավարտից հետո Միացյալ Նահանգները ստիպված կլինի «վերանայել» ՆԱՏՕ-ի հետ հարաբերությունները։
«Կարծում եմ, կասկածներ չկան, որ այս հակամարտության ավարտից հետո մենք պետք է վերանայենք այդ հարաբերությունները։ Մենք ստիպված կլինենք վերանայել ՆԱՏՕ-ի նշանակությունը մեր երկրի համար»,- ասել է պետքարտուղարը։
Նա նաև հավելել է, որ, ի վերջո, վերջնական որոշումը պետք է կայացնի նախագահ Դոնալդ Թրամփը։
Ռուբիոյի խոսքով՝ Սենատում պաշտոնավարման տարիներին ինքը «ՆԱՏՕ-ի ամենավճռական պաշտպաններից մեկն է եղել», քանի որ դաշինքը «մեծ արժեք է ներկայացրել» աշխարհում։
Նա նշել է, որ այդ արժեքը հիմնականում պայմանավորված է եղել Եվրոպայում ամերիկյան ռազմաբազաների առկայությամբ, ինչը թույլ էր տալիս ԱՄՆ զինված ուժերին «սեփական ուժը տարածել աշխարհի տարբեր հատվածների վրա»։
«Եթե մենք հասել ենք մի կետի, երբ ՆԱՏՕ-ին անդամակցությունը նշանակում է, որ մենք այլևս չենք կարող օգտագործել այդ բազաները Ամերիկայի շահերը պաշտպանելու համար, ապա ստացվում է, որ ՆԱՏՕ-ն միակողմանի երթևեկությամբ փողոց է դարձել»,- հայտարարել է նա»։
Ռուբիոյի խոսքով՝ Վաշինգտոնը ՆԱՏՕ-ի դաշնակիցներից չի խնդրել ավիահարվածներ հասցնել Իրանի դեմ պատերազմի շրջանակում, սակայն. «Երբ մեզ պետք է, որ նրանք թույլ տան օգտագործել իրենց ռազմաբազաները, իսկ նրանց պատասխանը բացասական է, ապա այդ դեպքում ինչո՞ւ ենք մենք ՆԱՏՕ-ում։ Դուք պետք է տաք այս հարցը»։
Ավելի վաղ եվրոպական մի քանի երկրներ արգելել էին ամերիկյան զինուժին օգտագործել իրենց տարածքում գտնվող բազաները։
Մասնավորապես՝ Իտալիան չէր թույլատրել Մերձավոր Արևելք ուղևորվող ամերիկյան ինքնաթիռի վայրէջքը։ Իսկ երկուշաբթի օրը Իսպանիան փակել էր իր օդային տարածքը Իրանի դեմ առաքելություններ իրականացնող ամերիկյան օդանավերի համար։
News.am
