Логотип

Ռուսական հեղուկ գազը շատ շուտով Ադրբեջանի տարածքով կմտնի Հայաստան

ՀՀ–ն քննարկում է ՌԴ–ից հեղուկ գազը Ադրբեջանի տարածքով երկաթուղով Հայաստան բերելու հարցը։ Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում հայտնեց ՀՀ Էկոնոմիկայի նախարարության մամուլի խոսնակ Լիլիթ Շաբոյանը:

«Հայաստանում այս պահին կա հեղուկ գազի ներմուծման խնդիր կա, քանի որ մենք երկու հիմնական երկրներից ենք ներմուծում՝ Իրանից և Ռուսաստանից։ Իրանում հայտնի հանգամանքներով պայմանավորված որոշակի խնդիրներ են առաջ եկել, իսկ Ռուսաստանի ուղղության խնդիրները կապված են Վերին Լարսի հետ։ Խնդիրը շատ շուտով կլուծվի, քանի որ հեղուկ գազ կսկսվի Հայաստան ներմուծվել արդեն երկաթուղով, ռուսական հեղուկ գազը շատ շուտով Ադրբեջանի տարածքով կբերվի Հայաստան։ Խնդիրը լուծելու համար քննարկում է երկաթուղով Ռուսաստանից հեղուկ գազը Հայաստան բերելու տարբերակը»,–ասաց նա։

Հարցին՝ երբ դա հնարավոր կլինի իրականացնել, խոսնակը պատասխանեց՝ «շուտով», առանց հստակ ժամկետ նշելու։

Նշենք, որ վերջին օրերին Հայաստանում հեղուկ գազի գինը բարձրացել է, շուկայում գազի դեֆիցիտ կա։