Логотип

Ռուսաստանը հրաժարվել է կատարել Վրաստանին 250 մլն եվրո վճարելու՝ ՄԻԵԴ-ի որոշումը

Ռուսաստանը չի կատարի Մարդու իրավունքների եվրոպական դատարանի (ՄԻԵԴ) որոշումը, որի համաձայն Մոսկվան պետք է Վրաստանին վճարի ավելի քան 253 միլիոն եվրո փոխհատուցում՝ կապված 2008 թվականի օգոստոսի ռազմական հակամարտության հետ։ Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկանում է ՌԲԿ-ից, այս մասին հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։

«Մենք չենք կատարի որոշումը», – ասել է Պեսկովը։

Մոսկվան դուրս է եկել ՄԻԵԴ-ի իրավասությունից 2022 թվականին։ Միաժամանակ ընդունվել է օրենք, որը թույլ է տալիս անտեսել դատարանի որոշումներն այն բանից հետո, երբ Ռուսաստանը դուրս եկավ Եվրոպայի խորհրդից և դադարեց լինել Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի կողմ։

ՄԻԵԴ-ի դատավորների՝ Վրաստանին փոխհատուցման վճարումների վերաբերյալ որոշման համաձայն՝ 2009 թվականին Աբխազիայի և Հարավային Օսիայի հետ սահմանազատման գծերի սահմանումը խախտել է մոտ 29 000 մարդու իրավունքները: Սա հիմնականում վերաբերում էր այն դեպքերին, երբ անհատները սահմանափակ հնարավորություն են ունեցել մուտք գործել իրենց ընտանիքներ, տներ և հողեր: Դատարանը սա համարել է անձնական և ընտանեկան կյանքի հարգման, տան անձեռնմխելիության և սեփականության պաշտպանության իրավունքի խախտում: