Ռուսաստանը կստանձնի ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նախագահի պարտականությունները այն ամսին, երբ համաշխարհային կազմակերպությունը կնշի իր 80-ամյակը, հաղորդում է TASS-ը։
ՄԱԿ-ում Ռուսաստանի մշտական ներկայացուցիչ Վասիլի Նեբենզյան կազմակերպության կենտրոնակայանում լրագրողների համար կայանալիք մամուլի ասուլիսում կներկայացնի միջազգային խաղաղության և անվտանգության պահպանման համար պատասխանատու մարմնի աշխատանքային ծրագիրը։
Անվտանգության խորհրդում նախագահությունը տեղի է ունենում ռոտացիոն հիմունքներով և տևում է մեկ ամիս։ Ռուսաստանը նախագահությունը ստանձնում է Հարավային Կորեայից և նոյեմբերին այդ գործառույթները կփոխանցի Սիերա Լեոնեին։ Վերջին անգամ Ռուսաստանը համակարգել է համաշխարհային կազմակերպության առանցքային կառույցի աշխատանքը 2024 թվականի հուլիսին։
Այս անգամ ՌԴ-ի նախագահությունը համընկել է ՄԱԿ-ի հիմնադրման ամսվա հետ. համաշխարհային կազմակերպության պաշտոնական ծննդյան օր է համարվում 1945 թվականի հոկտեմբերի 24-ը, երբ Խորհրդային Միությունը հանձնել է վավերացման փաստաթուղթը, ինչը ապահովել է ՄԱԿ-ի Կանոնադրության՝ ուժի մեջ մտնելու համար անհրաժեշտ վավերացումների քանակը։
Նախագահի գործառույթների մեջ, ի թիվս այլոց, մտնում է մարմնի նախնական ծրագրի կազմումը տվյալ ամսվա համար, Անվտանգության խորհրդի արտահերթ հանդիպումների անցկացման վերաբերյալ որոշումների համաձայնեցումը, ինչպես նաև նիստերի վարման կարգի վերաբերյալ հարցերի լուծումը։ Որպես կանոն, ամսվա առաջին նիստը Անվտանգության խորհրդում դառնում է մարմնի անդամների հանդիպումը, որի ժամանակ հաստատվում է նախնական ծրագիրը։ Դրանից հետո նախագահող երկրի մշտական ներկայացուցչության ղեկավարն անցկացնում է մամուլի ասուլիս, ինչպես նաև փակ ճեպազրույց՝ ՄԱԿ-ի Գլխավոր Ասամբլեայի անդամ պետությունների համար։
Որպես կանոն, մեկ ամսվա ընթացքում ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը տարբեր ձևաչափերով անցկացնում է մոտ 20 նիստ՝ տարբեր թեմաներով։ Անցյալ ամիս ԱԽ-ն իր պատմության ընթացքում հաղթահարել է մարմնի 10 հազար նիստի շեմը, որի ընթացքում ՄԱԿ-ի ԱԽ-ում ընդունվել է գրեթե 2,8 հազար բանաձև։
Անցյալ ամսվա հիմնական թեմաներից մեկը, որի քննարկումը կարող է շարունակվել հոկտեմբերին, Իրանի դեմ սահմանափակումների հարցն էր։ Սեպտեմբերի վերջին ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը մերժել է Ռուսաստանի և Չինաստանի կողմից առաջարկված բանաձևի նախագիծը, որն առաջարկում էր ևս 6 ամսով երկարաձգել ՄԱԿ-ի ԱԽ 2231 բանաձևի գործողությունը, որն ընդունվել էր ի աջակցություն Իրանի միջուկային ծրագրի շուրջ գործարքի։ Սեպտեմբերի 28-ին Իրանի դեմ ՄԱԿ-ի պատժամիջոցներն ուժի մեջ մտան այն բանից հետո, երբ «եվրաեռյակը» (Մեծ Բրիտանիա, Ֆրանսիա և Գերմանիա) ակտիվացրել է սնեփբեքի (snapback) մեխանիզմը։ Միևնույն ժամանակ, Ռուսաստանը հայտարարել է, որ Իրանի դեմ սահմանափակումների վերականգնումն անվավեր է, քանի որ սնեփբեքի գործարկումն իրականացվել է խախտումներով։ 2231 բանաձևի գործողության ժամկետը լրանում է հոկտեմբերի 18-ին։ Ինչպես հայտարարեցժլ է ՄԱԿ-ում ՌԴ մշտական ներկայացուցչի առաջին տեղակալ Դմիտրի Պոլյանսկին, այդ ամսաթվից հետո 2231 բանաձևով նախատեսված ցանկացած սահմանափակում և կանոն, այդ թվում՝ Իրանի միջուկային ծրագրի վերաբերյալ, կկորցնի իր արդիականությունը։
News.am