Логотип

Ռուսաստանի թիկունքում որևէ բան չենք պատրաստվում անել. Փաշինյանը կրկին խոսեց ՀԿԵ-ի մասին

Մենք Ռուսաստանի թիկունքում որևէ բան չենք պատրաստվում անել։ Այդ մասին ՀՀ կառավարության նիստից հետո` ճեպազրույցի ժամանակ, ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը` անդրադառնալով հարցին` արդյոք Հայաստանը պատրաստվում է Հայաստան այցելած ղազախական պատվիրակության հետ քննարկել «Հարավկովկասյան երկաթուղու» կոնցենսիոն կառավարման հանձնումը նրանց` անկախ ռուսական կողմի կարծիքից։

Փաշինյանը, չբացառելով, որ այս հարցին կանդրադառնան ղազախական պատվիրակության հետ հանդիպմանը, միաժամանակ ավելացրեց. «Մենք Ռուսաստանի թիկունքում որևէ բան չենք պատրաստվում անել, և ի հեճուկս ՌԴ–ի։ Համենայնդեպս, այս փուլում երկխոսության հնարավորությունները լայն են ու բաց են, մենք շարունակելու ենք աշխատանքները»։

Ինչ վերաբերում է այն հարցին, թե Ղազախստանն իր հերթին հետաքրքրված է TRIPP–ով, Փաշինյանն ասաց, որ այս երկիրը 2025 թ. օգոստոսից ի վեր չի թաքցրել իր հետաքրքրվածությունը այս նախագծով։

«Սա միջազգային հաղորդակցության նոր ուղի է բացում, և գիտեք, որ Ղազախստանը միջազգային տրանսպորտային ոլորտի խոշոր խաղացողներից է, մասնավորապես դեպի Չինաստան և Չինաստանից հոսքի առումով։ Այդ իմաստով ղազախ մեր գործընկերները փորձում են հասկանալ, թե առարկայական ինչ հնարավորություններ են բացվում իրենց համար»,– նշեց վարչապետը։

Նրա խոսքով` այս թեմայով Ղազախստանը միակ երկիրը չէ, որ հետաքրքրված է, և հայկական կողմը Ղազախստանին հրավիրելու է պատրաստ լինելու Հայաստանով անցնող տարանցիկ ուղիներն օգտագործել իրենց արտահանումների, ներկրումների շղթայի մեջ։

Հիշեցնենք, որ Ղազախստանի ԱԳ նախարար Երմեկ Կոշերբաևը Երևան է ժամանել երեկ երեկոյան: Նախարարների բանակցությունները մեկնարկել են նախօրեին երեկոյան և կշարունակվեն այսօր՝ նախդեմառ դեմձևաչափով, ապա ՝ ընդլայնված կազմով:

Վերջին բարձր մակարդակի պաշտոնական այցը տեղի է ունեցել 2025 թվականի նոյեմբերի 20-ին, երբ Ղազախստան էր այցելել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Այս այցի շրջանակներում ղազախական կողմը հանդես է եկել միջին միջանցքի շրջանակներում նոր տրանսպորտային զարկերակի ստեղծման նախաձեռնությամբ, որը կանցնի Հայաստանի տարածքով և ուղիղ մուտք կապահովի դեպի Սևծովյան և թուրքական նավահանգիստներ:

Sputnik Արմենիա