Логотип

Ռուսաստանն սկսել է հիբրիդային պատերազմի նոր փուլն Ադրբեջանի դեմ

Վերջին շաբաթներին Ադրբեջանի, մասնավորապես՝ նախագահ Իլհամ Ալիևի և նրա ընտանիքի դեմ սկսված համակարգված արշավը սոցիալական ցանցերում պատահական հուզական պոռթկումների հավաքածու չէ։ Դա համակարգված, պլանավորված և կենտրոնացված տեղեկատվական սադրանք է, որի հետքերն ուղիղ տանում են Կրեմլ։

Ինչպես տեղեկացնում է «Оперативный Информационный Центр-OMM»-ը, այս մասին հայտնել է լրագրող Էլչին Ալիօղլուն։ Նշվել է, որ այս գործընթացը նշանավորում է Ռուսաստանի կողմից Ադրբեջանի դեմ վարվող հիբրիդային պատերազմի նոր փուլը։

Հոդվածի հեղինակը նշում է, որ եթե նախորդ փուլում կիբեռհարձակումներն էին հիմնական գործիքը, ապա այժմ հիմնական գործիք է դարձել տեղեկատվական ահաբեկչությունը։ Մեծածավալ կիբեռհարձակումներ են իրականացվել պետական ​​​​մարմինների, լրատվամիջոցների և ենթակառուցվածքների դեմ։ Ադրբեջանական կողմը բավարար տեղեկատվություն ունի այդ հարձակումների տեխնիկական կառուցվածքի, օգտագործված սերվերային շղթաների և համակարգման կենտրոնների մասին։ Սակայն այժմ մարտավարությունը փոխվել է. նպատակը հասարակության հոգեբանական կայունությունն է։

«Ադրբեջանն ուշադիր հետևում է իրադարձությունների զարգացմանը։ Բաքուն տեղյակ է ինչպես Ռուսաստանի վերջին, այնպես էլ նախատեսվող քայլերին։ Միամտություն կլինի հավատալ, որ այդ սադրանքներն անպատասխան կմնան։ Պետությունը կառուցել է իր սեփական անվտանգության ճարտարապետությունը և ունի համարժեք տեղեկատվական արձագանքի մեխանիզմներ։

Չնայած հիբրիդային պատերազմը մղվում է անաղմուկ, դրա հետևանքները կարող են աղմկալի լինել։ Կրեմլը պետք է իմանա. Ադրբեջանն այլևս այն չէ, ինչ նախկինում էր, և ճնշման լեզուն այստեղ անարդյունավետ է։ Ադրբեջանը լավ գիտակցում է Ռուսաստանի հաջորդ քայլը և վաղվա ծրագրածը։ Թող ոչ ոք չխաբի ինքն իրեն։

Եթե Մոսկվայում որևէ մեկը կարծում է, որ այս սադրանքներն անպատասխան կմնան, դա վտանգավոր պատրանք է։ Ադրբեջանը մերժում է ճնշումը և չի ներում կուլիսային մարտավարությունը։ Յուրաքանչյուր քայլին կհաջորդի պատասխան միջոց։

Հարկ է նշել, որ հիբրիդային պատերազմի հայեցակարգը ներառում է ավանդական ռազմական գործողությունների համադրություն կիբեռհարձակումների, ապատեղեկատվության և տնտեսական ճնշման հետ, որոնք ուղղված են իրավիճակի անկայունացմանը երկրի ներսում»,- գրում է «Оперативный Информационный Центр-OMM»-ը։

News.am