Հայաստանի իշխանությունները Հայ Առաքելական եկեղեցու դեմ հարձակումներով և սպառնալիքներով գերազանցում են իրենց լիազորությունները. եկեղեցին օրենքով առանձնացված է պետությունից, հայ ժողովուրդը եկեղեցուն վերաբերվում է մեծ հարգանքով և վարչապետ Նիկոլ Փաշինյանին լիազորություն չի տվել բարեփոխել եկեղեցին իր հայեցողությամբ։ Այս մասին ՌԻԱ Նովոստիին հայտնել է Մոսկվայի և Համայն Ռուսիո պատրիարք Կիրիլի խորհրդական ավագ քահանա Նիկոլայ Բալաշովը:
Հոկտեմբերի 22-ին ելույթ ունենալով ՀՀ Ազգային ժողովում՝ Փաշինյանը սպառնացել էր Հայ առաքելական եկեղեցուց խլել պետության սեփականություն հանդիսացող և եկեղեցու կողմից անհատույց օգտագործվող եկեղեցիները, քանի որ «այնտեղ հոգևոր կյանք չկա»: Փաշինյանի կարծիքով, վայրը, որտեղ «հոգևոր կյանք կա»՝ Հովհաննավանքն է, որի վանահայրը եղել է Արամ քահանա Ասատրյանը (բազմաթիվ խախտումների և եկեղեցին վարկաբեկելու համար, Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ն Ասատրյանին կարգալույծ է արել): Փաշինյանը ԱԺ–ում հայտարարել է, որ ՀԱԵ առաջնորդ Գարեգին Բ-ն այլևս հոգևորականության ներկայացուցիչ չէ, իսկ նրա եղբայրը՝ Ռուսաստանի և Նոր Նախիջևանի թեմի առաջնորդ Եզրաս արքեպիսկոպոսը, Փաշինյանի խոսքով, «ԿԳԲ-ի գործակալ» է։
«Տպավորություն է ստեղծվում, որ Հայաստանի կառավարության ներկայիս ղեկավարը որոշել է անհավասար պայքարի մեջ մտնել ազգային հոգևոր արժեքների դեմ և այդ նպատակով հետապնդում և վիրավորում է եկեղեցու առաջնորդներին ու հոգևորականներին, ձերբակալություններ անում, եկեղեցու շենքերի առգրավման սպառնալիքներ հնչեցնում: Հնարավոր է, որ դա տեղի է ունենում արտաքին ուժերի ազդեցության տակ, քանի որ նման գաղափարներն ակնհայտորեն չեն արտացոլում հայ ժողովրդի զգացմունքները, որը մեծ հարգանքով է վերաբերվում իր եկեղեցուն և Փաշինյանին լիազորություն չի տվել այն բարեփոխելու սեփական կամայականությամբ», – ասել է Բալաշովը։
Նա հավելել է, որ աշխարհիկ պետության քաղաքական գործիչն իրավունք չունի միջամտել եկեղեցական կարգին, որը որոշվում է հենց եկեղեցու կանոնական դրույթներով։ Առավել ևս, որ Հայաստանի Սահմանադրությունը երաշխավորում է կրոնական կազմակերպությունների գործունեության ազատությունը՝ ընդգծելով, որ դրանք օժտված են ինքնավարությամբ և պետությունից անջատ են:
«Այսպիսով, վարչապետը նման արտահայտություններով խախտում է իր սահմանադրական լիազորությունները՝ թույլ տալով վիրավորական արտահայտություններ և սպառնալիքներ եկեղեցական առաջնորդների հասցեին», – ընդգծել է պատրիարքի խորհրդականը:
Նա նաև հիշեցրել է, որ ՀՀ Սահմանադրության համաձայն՝ պետությունը պարտավորվել է ճանաչել Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու՝ որպես ազգային եկեղեցու բացառիկ առաքելությունը հայ ժողովրդի հոգևոր կյանքում, ազգային մշակույթի զարգացման և ազգային ինքնության պահպանման գործում:
«Պատմական փորձը համոզիչ ցույց է տալիս, որ մարդկանց հավատքի և եկեղեցու դեմ պայքարն անխուսափելիորեն ավարտվում է պարտությամբ, իսկ եկեղեցի անարգողները խայտառակվում են»- եզրափակել Է գործակալության զրուցակիցը:
Sputnik Արմենիա
