Ռուս ուղղափառ եկեղեցում անհանգստացած են, որ Հայաստանի իշխանությունները փորձում են կոպիտ միջամտել Հայ առաքելական եկեղեցու գործերին։ Այս մասին հայտարարել է Մոսկվայի պատրիարքության արտաքին եկեղեցական կապերի բաժնի նախագահ, Վոլոկոլամսկի միտրոպոլիտ Անտոնին Հայ առաքելական եկեղեցու Ռուսաստանի և Նոր Նախիջևանի թեմի առաջնորդ Եզրաս արքեպիսկոպոսի հետ հանդիպման ժամանակ։
«Արտաքին եկեղեցական կապերի բաժնի նախագահը Եզրաս սրբազանին իր աջակցությունն է հայտնել՝ կապված Հայ եկեղեցու նկատմամբ այսօր իրականացվող ճնշումների հետ։ Միտրոպոլիտ Անտոնին ընդգծել է, որ Ռուս ուղղափառ եկեղեցում խորապես մտահոգված են Հայաստանի Հանրապետության իշխանության ներկայացուցիչների կողմից եկեղեցական գործերին կոպտորեն միջամտելու փորձերով և անընդունելի են համարում հավատացյալների շրջանում արհեստականորեն պառակտում հրահրելու փորձերը»,-նշված է պաշտոնական կայքում։
Նշվում է նաև, որ Եզրաս սրբազանը հյուրին ներկայացրել է Հայ առաքելական եկեղեցու ներկայիս իրավիճակը և շնորհակալություն է հայտնել Մոսկվայի պատրիարքարանի ցուցաբերած համերաշխության համար։
Sputnik Արմենիա
