2020 թվականի, իսկ այնուհետև 2022 թվականին Հայաստանի սահմաններին տեղի ունեցած իրադարձությունները խարխլել են Մոսկվայի հետ դաշինքի նկատմամբ Երևանի վստահությունը։ Այս մասին փետրվարի 26-ին Երևանում Գորչակովի հիմնադրամի կողմից կազմակերպված «Եվրասիական երկխոսություն-Հայաստան» միջազգային վերլուծական ծրագրի շնորհանդեսի ժամանակ հայտարարել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության ՄԳԻՄՈ-ի Միջազգային հետազոտությունների ինստիտուտի առաջատար գիտաշխատող Նիկոլայ Սիլաևը։
«Հայաստանը վերջին տարիներին ելնում է նրանից, որ անհրաժեշտ է նվազեցնել այն սպառնալիքը, որը գալիս է Ադրբեջանից և ավելի քիչ չափով՝ Թուրքիայից։ Ընդ որում, սպառնալիքը որոշել են նվազեցնել զիջումների հաշվին», – ասել է Սիլաևը։ Միևնույն ժամանակ նա նկատել է, որ Հայաստանը, պայմանավորվելով Անկարայի և Բաքվի հետ, փաստացիորեն ապահովում է Մոսկվայի հետ համագործակցության կարիքի նվազեցումը։
Այնուհետև փորձագետն ուշադրություն է հրավիրել իր տեսանկյունից մեկ կարևոր գործոնի վրա։ Սիլաևի խոսքով՝ 1,5 դար շարունակ հայկական ազգայնականությունը եղել է արտաքին քաղաքական կարևոր գործոն, որն այս կամ այն կերպ ազդել է մեծ տերությունների մոտեցումների վրա՝ Անդրկովկասում գործընթացների զարգացման վերաբերյալ։ «Այժմ մենք տեսնում ենք, թե ինչպես է Հայաստանը հրաժարվում հայկական ազգայնականությունից այն տեսքով, որով այն գոյություն է ունեցել վերջին 150 տարում։ Եվ այստեղ արդեն հարցեր են առաջանում Հայաստանից մեր գործընկերների հանդեպ», – նշել է փորձագետը։
Միաժամանակ նա վստահություն է հայտնել, որ ընթացիկ տարվա հունիսին սպասվող խորհրդարանական ընտրությունները պատասխան կտան այն հարցին, թե որքանո՞վ է հայկական ազգայնականության գաղափարախոսությունը արդիական մնում մարդկանց համար։ «Սակայն հարցն այն է, որ դրսից ցանկացած միջամտություն կարող է մարդկանց մղել այս կամ այն որոշմանը՝ կա՛մ հաստատելով հայկական այդ գաղափարախոսության նշանակությունը, կա՛մ էլ հրաժարվելով դրանից», – եզրափակել է Նիկոլայ Սիլաևը։
News.am
