ԵՐԵՎԱՆ, Դերասանուհի և հեռուստահաղորդավարուհի Սաթի Սպիվակովան երկօրյա մշակութաբարեգործական ծրագրով կայցելի Երևան՝ ի աջակցություն «Սիթի օֆ Սմայլ» հիմնադրամի, որն աջակցում է քաղցկեղ և արյան հիվանդություններ ունեցող երեխաներին և երիտասարդներին։ Այցը կազմակերպվել է տիկին Սպիվակովայի անձնական նախաձեռնությամբ՝ հիմնադրամի տարիների բարեկամ և նվիրատու GPMgold ընկերության աջակցությամբ։

Անցյալ տարվա ապրիլին Սաթի Սպիվակովան առաջին անգամ Երևանում ներկայացրեց Ազգերի թատրոնի «Դեղձանիկը . Մարիա Կալասի վերջին երեք օրերը» ներկայացումը: Այդ ժամանակ նա նաև ընդունեց «Սիթի օֆ Սմայլ » հիմնադրամի Բարի Կամքի դեսպան դառնալու առաջարկը։ Ներկայիս այցը այդ առաքելության շարունակությունն է։

Սեպտեմբերի 19-ին Մհեր Մկրտչյանի Արտիստիկ թատրոնի բեմում կցուցադրվի Մոսկվայի Ազգերի թատրոնի «Տուրգենև. Սիրո մետաֆիզիկան» (ռեժիսոր՝ Դ. Սերդյուկ) երկու ներկայացում։ Իվան Տուրգենևի և Պոլինա Վիարդոյի նամակագրության վրա հիմնված նրբագեղ գրական-երաժշտական կոմպոզիցիա է, որը ուղեկցվում է Շոպենի, Սաթիի, Շվարցի և Դեսյատնիկովի երաժշտությամբ։ Գլխավոր դերերում հանդես են գալիս Սաթի Սպիվակովան և Վլադիմիր Կոշևոյը։ Ցուցադրություններից ստացված ամբողջ հասույթը կուղղվի «Սիթի օֆ Սմայլ» հիմնադրամին։

Սեպտեմբերի 20-ին Ռուսաստանի Դաշնության դեսպանության հովանու ներքո կանցկացվի բարեգործական ընթրիք։ Միջոցառման նպատակն է ևս մեկ անգամ հրավիրել հասարակության ուշադրությունը երեխաների օնկոլոգիական հիվանդությունների խնդրին՝ ընդգծելով «Սիթի օֆ Սմայլ» հիմնդարամի կարևոր առաքելությունը։
Կազմակերպիչները վստահ են. հումանիզմն ու գթասրտությունը մշակույթի անբաժանելի մասն են կազմում։