Логотип

Սահակյան․ ՀՀ-ում պետք է ստեղծվի անհետ կորածների իրավական կարգավիճակն ամրագրող օրենք

Օր առաջ հրամայական է, որ ՀՀ–ում ստեղծվի և ուժի մեջ մտնի անհետ կորած անձանց իրավական կարգավիճակն ամրագրող օրենքը, որին այնուհետև կհաջորդի պետության միասնական ու որոշակիացված քաղաքականությունը։ Այդ մասին այսօր «Անհետ կորածների հարցը` որպես մարդու իրավունքների չլուծված հրատապ խնդիր» թեմայով մամուլի ասուլիսի ժամանակ ասաց Միջազգային և համեմատական իրավունքի կենտրոնի նախագահ, իրավապաշտպան Սիրանուշ Սահակյանը։

Նա հիշեցրեց, որ նման օրենք ունենալու փորձեր եղել են դեռևս 2000–ական թվականների սկզբին, սակայն անարդյունք։

«ՀՀ օրենսդրությունն այսօր ունի տարբեր դրույթներ, որոնք ցրված են տարբեր օրենքներում, իրավունքի ճյուղերում, կան բազմաթիվ պատասխանատուներ, սակայն ձևավորված չէ կենտրոնական մարմին, ում պատասխանատվության ներքո այս խնդիրները պետք է լուծում ստանան»,– ընդգծեց Սահակյանը։

Ըստ նրա` առանց այս կարգավիճակի հստակեցման, համակարգված չէ նաև պետության քաղաքականությունը սոցիալական ոլորտում, հոգեբանական աջակցության և, ինչու ոչ, քննության առումներով։

«Ի դեմս անհետ կորածների ընտանիքների մենք գործ ունենք մի խմբի հետ, որը պարբերաբար հոգեբանական խոշտանգման է ենթարկվում, և այս խնդիրները հրատապ լուծման կարիք ունեն»,– նշեց իրավապաշտպանը։

Նշենք, որ այս ասուլիսն այսօր` Մարդու իրավունքների միջազգային օրվա առթիվ նախաձեռնել է անհետ կորածների ծնողների խումբը։

Հիշեցնենք, որ պաշտոնական տվյալներով՝ 1988-ից 2005 թվականներին հայկական կողմից անհետ կորել է 437 մարդ, որոնցից 224-ը զինծառայող են, 213-ը՝ խաղաղ բնակիչ։ 2020 թվականի 44-օրյա պատերազմի ընթացքում 191 մարդ համարվում է անհետ կորած։ Իսկ 2023 թվականի սեպտեմբերին` Արցախի դեմ ադրբեջանական ագրեսիայից անմիջապես հետո, Ստեփանակերտի նավթամթերքի պահեստում տեղի ունեցած պայթյունից հետո անհետ կորած է համարվում 22 մարդ։

Sputnik Արմենիա