Երբ ՀՀ քննչական կոմիտեն քրեական վարույթ է նախաձեռնում Հայաստանյաց առաքելական եկեղեցու դեմ Մասյացոտնի թեմի առաջնորդին պաշտոնից ազատելու մասին որոշումը չչեղարկելու համար, դա ուղղակի միջամտություն է Հայ առաքելական սուրբ եկեղեցու ներքին գործերին և հարված է ինչպես Սահմանադրության 17-րդ հոդվածին, այնպես էլ ՀՀ Սահմանադրությամբ ամրագրված սահմանադրական կարգի հիմունքներին։ Այս մասին գրել է սահմանադրագետ Գոհար Մելոյանը։
Ավելի վաղ հայտնել էինք, որ ՀՀ քննչական կոմիտեն Հայաստանյաց առաքելական եկեղեցու դեմ քրեական վարույթ է նախաձեռնել Մասյացոտնի թեմի նախկին առաջնորդ, կարգալույծ արված Գևորգ եպիսկոպոս Սարոյանի (Արման Սարոյանի) «գործով»։
Սարոյանը հունվարի 15-ին հայց էր ներկայացրել Հայաստանյայց առաքելական եկեղեցու դեմ` պահանջելով անվավեր ճանաչել Մասյացոտնի թեմի առաջնորդի պաշտոնից իրեն ազատելու մասին որոշումը և վերականգնել այդ պաշտոնում։ Հաջորդ օրը հայտնի դարձավ, որ Արմավիրի մարզի դատարանի որոշման համաձայն` Գևորգ եպիսկոպոս Սարոյանը վերականգնվել է Մասյացոտնի թեմի առաջնորդ պաշտոնում, մինչև վերջնական դատական ակտի հրապարակումը։
Մելոյանը հիշեցրել է, որ Սահմանադրության 17-րդ հոդվածի համաձայն՝ Հայաստանի Հանրապետությունում երաշխավորվում է կրոնական կազմակերպությունների գործունեության ազատությունը։ Բացի այդ 17-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ կրոնական կազմակերպությունները անջատ են պետությունից։
«Երբ պետական իշխանության որևէ մարմին կամ ներկայացուցիչ, լինի՝ օրենսդիր, գործադիր կամ դատական, միջամտում է Հայ առաքելական սուրբ եկեղեցու կամ որևէ այլ կրոնական կազմակերպության ներքին գործերին և հարաբերություններին, խախտվում է Սահմանադրության 17-րդ հոդվածը և, հետևաբար, խախտվում է ՀՀ սահմանադրական կարգը, որի պայմանն ու տարրն է կրոնական կազմակերպությունների՝ պետական մարմիններից անջատ լինելը»,–գրել է սահմանադրագետը։
Նա ընդգծել է, որ դժվար է պատկերացնել, որ իրավաբանական կրթություն ունեցող որևէ անձ կարողանա փաստարկել, թե նշված գործողությունները Սահմանադրության 17-րդ հոդվածի ուղղակի խախտում չեն։
Sputnik Արմենիա
