Логотип

Սահմանվել է՝ ով է իրականացնելու «Համընդհանուր առողջապահական ծածկույթի ծրագրի իրականացում» վարկային ծրագիրը

Կառավարությունն իր այսօրվա՝ նոյեմբերի 6–ի նիստում Վերակառուցման և զարգացման միջազգային բանկի կողմից ֆինանսավորվող «Համընդհանուր առողջապահական ծածկույթի ծրագրի իրականացում» վարկային ծրագրի իրականացման պատասխանատու պետական մարմին սահմանելու մասին որոշում կայացրեց։

Այս համաձայնագիրն ուժի մեջ է մտել այս տարվա ապրիլի 30–ից, որի նպատակն է աջակցել Հայաստանին Առողջության համապարփակ ապահովագրության ներդրման ընթացքում, բարելավել առաջնային բժշկական օգնության որակը և իրագործումը, բարձրացնել երկրի առողջապահական ծախսերի արդյունավետությունը և նվազեցնել առողջապահական ծառայություններից օգտվելու ֆինանսական խոչընդոտները բնակչության շրջանում:

Ծրագիրը բաղկացած է հետևյալ բաղադրիչներից․

1․ Բժշկական օգնության որակի բարելավում

2․ Վարկառուի առողջապահական ծախսերի արդյունավետության բարձրացում

3․ Առողջապահական ծառայություններից օգտվելու ֆինանսական խոչընդոտների նվազեցում

Համաձայնագրի և կից փաստաթղթերի բովանդակության համաձայն՝ վարկային ծրագրի իրականացնող մարմինը հանդիսանում է Առողջապահության նախարարությունը՝ ի դեմս ԱՆ «Առողջապահական ծրագրերի իրականացման գրասենյակ» պետական հիմնարկի։

1999թ-ից մինչ օրս Պետական հիմնարկի կողմից իրականացվել և դեռևս շարունակվում են Համաշխարհային Բանկի, Եվրասիական Զարգացման Բանկի և այլ միջազգային դոնոր կազմակերպությունների կողմից Հայաստանի Հանրապետությանը տրամադրած վարկային և դրամաշնորհային ծրագրերի իրականացման գործընթացը։

News.am