Կառավարությունն իր այսօրվա՝ փետրվարի 5–ին, սահմանեց 2026–ի ընթացքում Սևանա լճում ձկան և խեցգետնի արդյունագործական որսի չափաքանակները և ժամկետները, արդյունագործական որսի կազմակերպման պայմաններն ու պահանջները։
Հիմնավորման մեջ նշվում է, որ յուրաքանչյուր տարի իրականացվում է Սևանա լճում և դրա ջրահավաք ավազանում ձկան և խեցգետնի պաշարների հաշվառման աշխատանքներ, ինչի արդյունքում առաջարկում է արդյունագործական որսի չափաքանակ:
Համաձայն Հարկային օրենսգրքի փոփոխությունների՝ 2026-ի սիգ ձկնատեսակի համար բնօգտագործման վճարը 1 կգ-ի դիմաց սահմանվել է 200 դրամ նախկին 65 դրամի փոխարեն: Բնօգտագործման վճարները կվճարվեն ոչ թե փաստացի օգտագործված ծավալի, այլ տրամադրված չափաքանակի համար:
Այս որոշման համար հիմք է հանդիսացել գիտական կենտրոնի կողմից 2025 թվականին Սևանա լճում իրականացված հետազոտությունների արդյունքում ներկայացված հաշվետվությունը, որտեղ 2025 թվականի հոկտեմբերի դրությամբ Սևանա լճում սիգի ընդհանուր պաշարը կազմել է 3591.8 տոննա, որից արդյունագործական պաշարը կազմել է 1373.9 տոննա։ Գիտական կենտրոնը 2026 թվականի համար սիգի արդյունագործական որսի համար առաջարկել է 550 տոննա չափաքանակ՝ արդյունագործական պաշարի 40%։
Ուսումնասիրության արդյունքում նախաձվադրման-ձվադրման ժամկետ է սահմանվել 2026 թվականի նոյեմբերի 20-ից 2027 թվականի փետրվարի 1-ը։
Նախագծի ընդունմամբ կկանոնակարգվի Սևանա լճում կենսապաշարի օգտագործման և կայուն կառավարման ոլորտը։
News.am
