Логотип

Սաղաթելյան․ Բոլոր ազգային կառույցները, որոնք ազգային խնդիրներով զբաղվում են, բնականաբար հարվածի տակ են

Բոլոր ազգային կառույցները, որոնք ազգային խնդիրներով զբաղվում են, բնականաբար հարվածի տակ են, այդ թվում նաև Հայ առաքելական սուրբ եկեղեցին, որ իբրև ազգային կառույց, համահայկական կառույց, մեր ինքնության պահպանման և հայապահպանության հարցում մեծ դերակատարություն և պատմական դերակատարություն ունեցող կառույց, բնականաբար, դարձել է թիրախ։ Այս մասին, այսօր՝ սեպտեմբերի 19–ին, «Եռաբլուր» պանթեոնում լրագրողների հետ զրույցում նշեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Իշխան Սաղաթելյանը։

«Եկեղեցին ցանկացած հայն է և բնականաբար ամբողջությամբ պետք է կանգնել եկեղեցու, մեր ինքնության պաշտպանման կողքին։ Քաղաքական ուժերը այդտեղ իհարկե առաջնահերթ անելիք ունեն, դրա մասին բազմաթիվ անգամ խոսել ենք»,–ասաց նա։

Անդրադառնալով իշխանության պնդումներին, որ իրենք Հայաստանի միջազգայնորեն ճանաչված տարածքի իշխանությունն են, և օբյեկտիվորեն այս պահին չունեն հնարավորություն իրենց մանդատից դուրս վերցնել պարտավորություններ, այդ թվում նաև Արցախի հարցում, Սաղաթելյանն ասաց. «Սուտ են ասում, 2021 թվականին իրենք մարդկանց խոստացել են Արցախի իրավունքների պաշտպանություն, նույնիսկ հայկական տարածքների դեօկուպացիա, ընտրվել են ամբողջությամբ այլ ծրագրով. ոչ Արցախը Ադրբեջանի կազմում ճանաչելու մանդատ են ունեցել ոչ էլ Հայաստանի տարածքները Ադրբեջանին հանձնելու։ Իրենց ցանկացած հանձնում արդարացնելու համար ինչոր պատճառներ են գտնում աշխարհում միայն նիկոլական իշխանությունը կարող է ասի, որ Արցախը հանձնեցինք, այսքան զոհ ունեցանք, պարտվեցինք, բայց Հայաստանը դարձավ ավելի ինքնիշխան, կամ դարձավ ավելի անկախ։

Ինքը գործիք է դարձել թուրքերի ու ադրբեջանցիների ձեռքերը։ Սեպտեմբերի 19-ի Արցախի հայաթափման անձամբ պատասխանատուն Նիկոլ Փաշինյանն է, Արցախում էթնիկ զտումը, որ տեղի ունեցավ 23 թվականի այս օրը, երբ որ Ադրբեջանը հարձակվեց, Նիկոլ Փաշինյանը մինչև հիմա լեգիտիմացնում է Ալիևի քայլերն ու գործողությունները, փորձում է լվանալ նրա արյունոտ ձեռքերը իր վարած քաղաքականության։ Հիշեք, որ այդ ամեն ինչը տեղի ունեցավ նաև այն ժամանակ, երբ ինքը Արցախը ճանաչեց Ադրբեջանի կազմում։

Միշտ էլ այլընտրանքը կա, բայց քանի որ իրենք դավաճան են, խամաճիկ են, իրենց ամբողջ քաղաքականությունը եղել է Արցախը հանձնելը ու հետո այդ հանձնելը լեգիտիմացնելը, հետևաբար իրենց պարագայում բնականաբար որևէ հնարավորություն չկա և չէր կարող լինել։ Ընդ որում, Նիկոլ Փաշինյանը մի օր պետք է պատմի՝ ի՞նչ է խոսել պատերազմից առաջ, հարձակումից առաջ, ի՞նչ է պայմանավորվել Ալիևի հետ, ի՞նչ է խոսել Էրդողանի հետ, արդյո՞ք ինքը ամբողջությամբ տեղյակ էր այդ հարձակման մասին և արդյո՞ք ինքը նաև երաշխիք էր տվել, որ Հայաստանը որևէ կերպ չի հարձակվելու, որևէ ծպտուն չի անելու և լուռ նստելու է, տեսնի ինչպես են ցեղասպանություն գործում Արցախում։ Ես վստահ եմ, որ ինքը այդ պայմանավորվածությունը ունեցել է ու այդ երաշխիքը տվել է»,– հայտարարեց ՀՅԴ–ական գործիչը։

News.am