Логотип

Սամվել Ալեքսանյանին ստիպել են Ղազախստանից ցորեն ներկրել

ՀՀ իշխանությունները սեփական PR-ի համար գործարար Սամվել Ալեքսանյանին ստիպել են Ղազախստանից ներկրում իրականացնել։ Այս մասին գրում է «Հրապարակ» օրաթերթը։

Ինչպես հայտնել ենք, շուրջ 35 տարվա դադարից հետո առաջին անգամ նոյեմբերի 6-ին Ադրբեջանի տարածքով 1000 տոննա ռուսական ցորեն հասավ Հայաստան։ Նոյեմբերի 7-ի լույս 8-ի գիշերը Ադրբեջանի տարանցիկ ճանապարհով Հայաստան հասավ նաև ղազախական ցորենը։

«Ներկրող ընկերության պատասխանատուներից մեկից պարզեցինք, որ կառավարությունն ուղղակի պարտադրել է իր PR-ի համար Ղազախստանից ներկրում իրականացնել: Վստահեցրել են՝ ներկրված 15 տոննա ցորենն ալյուր չի դարձել»,- գրում է թերթը։

Պարբերականը նաև հետաքրքրվել է՝ ինչ է արվել այդ ցորենով, ինչին ի պատասխան ընդգծել են՝ մի մասն օղու արտադրության մեջ են կիրառել, մյուս մասը՝ որպես անասնակեր։

Ըստ թերթի տվյալների՝ Ադրբեջանի տարածքով ցորեն ներկրելու պատճառով Ռուսաստանը բարձրացրել է իր ցորենի գինը, որի հետևանքները քաղաքացիները գուցե շուտով զգան իրենց մաշկի վրա։

Նշենք, որ ղազախական ցորենի ներմուծումից հետո Հայաստանում մեծ աղմուկ բարձրացավ, որ այն բարձրակարգ չէ, այլ 4-րդ կարգի է։ ՀՀ էկոնոմիկայի փոխնախարար Էդգար Զաքարյանը հայտարարել էր, որ այն անասնակեր է ու Հայաստանը հենց դրա կարիքն ունի, իսկ հացի խնդիր չունի։ ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանն էլ ընդգծել էր՝ 4-րդ կարգի ցորեն միշտ էլ ներմուծվել է ՀՀ։ Այնուհետև «Ֆեյսբուքի» օգտատերերից մեկին պատասխանելով գրել էր՝ ինքն առաջինը կուտի այդ ցորենի հացը։ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն էլ ԱԺ ամբիոնից հայտարարել էր, թե այդ գնումը կառավարությունը չի արել, այլ մասնավոր ընկերությունը՝ իր կարիքների համար։ Շեշտել էր՝ կառավարությունը միայն բանակցությունների արդյունքում ապահովել է ճանապարհի բացումը։

Հավելենք, որ Sputnik Արմենիան մի քանի անգամ զանգել է «Բաղրամյան ալրաղաց» ՍՊԸ-ի տնօրեն Վլադիմիր Գասպարյանին, բայց զանգերը մնացել են անպատասխան։ Միայն մեկ անգամ Գասպարյանը պատասխանեց զանգին, սակայն իմանալուց հետո, որ լրագրող է իրեն զանգել՝ անջատեց։