Логотип

Սամվել Կարապետյանը բացատրեց, թե ինչու է որոշել մտնել քաղաքականություն

«Ինձ հարցնում են՝ այս վիճակում ինչո՞ւ որոշեցի մտնել քաղաքականություն»,- Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում «Ուժեղ Հայաստան» կուսակցության պաշտոնական շնորհանդեսին ներկայացած տեսանյութում ասում է «Ուժեղ Հայաստան» կուսակցության վարչապետի թեկնածու Սամվել Կարապետյանը (տեսանյութը ստեղծված է արհեստական բանականության միջոցով):

Նա պատասխանում է իր իսկ հարցին. «Ես ծնվել եմ Հայաստանում, ես գիտեմ մեր քաղաքում և գյուղում ապրելու դժվարություններն ու քաղցրությունը։ Ես չեմ կարող անտարբեր նստել ու հանգիստ նայել, թե ինչպես են իմ Հայրենիքը տանում աղետի ու կործանման։ Ես ստեղծող մարդ եմ։ Իմ կյանքի ընթացքում տասնյակ երկրներում հազարավոր բարիքներ եմ ստեղծել՝ շենքեր, գործարաններ, աշխատատեղեր, հիվանդանոցներ, դպրոցներ։ Բարի համբավս թույլ է տվել բազմաթիվ գործարար կապեր ստեղծել աշխարհով մեկ:

Ու իմ ստեղծելու այդ ներուժն այսուհետ պետք է ամբողջ ուժով ծառայեցնեմ Հայաստանին ու մեր ժողովրդին»։

Ս. Կարապետյանը իր խոսքում նշում է. «Մնացել է ընդամենը 115 օր` մինչև այն օրը, երբ Հայաստանը կունենա նոր սկիզբ, կբացվի նոր դարաշրջան, և մեր՝ Ուժեղ Հայաստանը, կլինի բոլորիս իրականությունը։ Հայաստան, որտեղ մեր Սփյուռքը, դրսում ապրող մեր քույրերն ու եղբայները կրկին կզգան իրենց Հայաստանում, ինչպես իրենց ամենալավ ու ամենապահով տանը։ Մեզ համար առաջնահերթություն է լինելու ոչ թե Սփյուռքից նվիրատվությունները, այլ Հայաստանի հետ իրական էմոցիոնալ կապը:

Հայաստան, որը կունենա պրոֆեսիոնալ, անկախ ու խելացի դիվանագիտություն։ Պետություն, որը կխոսի բոլոր հարևանների ու կաշխատի բոլոր գերտերությունների հետ, բոլորի հետ։

Մեր դիվանագիտական հարաբերությունների հենքը պետք է լինի մեր երկրի առջև առկա մարտահրավերները խաղաղ ու պրոֆեսիոնալ կերպով լուծելը, այլ ոչ թե աշխարհաքաղաքական խարդավանքների մեջ մտնելը:

Ընդամենը 115 օրից բոլորը կտեսնեն, որ ուժեղ Հայաստանը ոչ միայն կուսակցության անուն է։ Սա խոստում է, որն այսօր տալիս ենք Հայաստանի ողջ ժողովրդին ու ողջ հայությանը, իսկ վաղը դարձնելու ենք իրականություն։

Ընտրությունը բոլորիս առջև հստակ է. թույլ առաջնորդությու՞ն, թե՞ ուժեղ առաջնորդություն, բաժանո՞ւմ, թե՞ համախմբում, ինքնիշխանության շարունակական զիջում, թե ինքնիշխանության ամրապնդում, նվաստացում, թե արժանապատվություն, հուսահատությու՞ն, թե՞ ՀՈՒՅՍ․․․

Ուժեղ Հայաստանի կառուցումը հենց նաև ՀՈՒՅՍԻ մասին է։

Լավ իմացեք՝ Հայաստանի նոր, խաղաղ, ապահով ու բարեկեցիկ կյանքի կառուցումը սկսելու ենք ընտրությունների հենց հաջորդ օրվանից` հունիսի 8-ից։

Մեր վճռական, համառ ու չհանձնվող մեծ թիմի հետ միասին չենք կորցնելու ոչ մի օր ուժեղ Հայաստան կառուցելու ճանապարհին։ Ու վստահ եղեք՝ անպայման հաջողելու ենք։

Մեր ձևով՝ դեպի Ուժեղ Հայաստան»։

Panorama.am