Логотип

Սամվել Կարապետյանը կդառնա ստեղծվող քաղաքական ուժի գաղափարական առաջնորդը

Գործարար, «Տաշիր» խմբի ընկերությունների նախագահ Սամվել Կարապետյանը կդառնա նոր ստեղծվող քաղաքական ուժի գաղափարական առաջնորդը։ Լրագրողների հարցին ի պատասխան այս մասին ասաց գործարար Սամվել Կարապետյանի եղբորորդին՝ «Տաշիր գրուպ» հոլդինգի ղեկավարի տեղակալ Նարեկ Կարապետյանը՝ անդրադառնալով այն հարցին, որ Սամվել Կարապետյանը ՌԴ քաղաքացի է և չի կարող զբաղեցնել ՀՀ վարչապետի պաշտոնը։

«Սամվել Կարապետյանը նաև ՀՀ քաղաքացի է, նա մեր գաղափարական առաջնորդն է։ ՀՀ քաղաքացիներն իրավունք ունեն մասնակցել որպես ընտրող և լինել առաջնորդ»,– ասաց Նարեկ Կարապետյանը։

Նարեկ Կարապետյանի խոսքով՝ մինչև տարեվերջ կհիմնադրվի իրենց կուսակցությունը։ Ինչ վերաբերում է հարցին՝ արդյոք Կարապետյանների կուսակցությունը կհամագործակցի նախկին իշխանությունների հետ՝ հաշվի առնելով, որ ՀՀ երկրորդ և երրորդ նախագահների թիմակիցներն աջակցում են Կարապետյաններին, Նարեկ Կարապետյանը պատասխանեց, թե իրենք տարբեր հայացքներ ունեն։

«Եթե մենք քաղաքական դաշտում տեսնեինք ուժ, որը կարտացոլեր մեր գաղափարները, հնարավոր է, որ այդ ժամանակ նայեինք այդ ուղղությամբ, բայց մենք չենք տեսնում։ Ցավոք, տնտեսական խորքային օրակարգով այսօր առաջարկ չկա։ Քաղաքական ուժերն այսօր մեր հասարակությանը «կերակրում են» քաղաքական մոտիվներով, բայց դրանց ազդեցությունը մարդկանց վրա բավականին քիչ է։ Այդ պատճառով մեր շարժումը կոչվում է «Մեր ձևով», այսինքն՝ ուրիշի ձևով չէ»,– մանրամասնեց Նարեկ Կարապետյանը։

Ավելի վաղ հայտնել էինք, որ Նարեկ Կարապետյանն այսօր հայտարարեց «Մեր ձևով» կամավորական շարժման ստեղծման մասին։

Sputnik Արմենիա