Логотип

Սամվել Կարապետյանը կմնա տնային կալանքի տակ. Վերաքննիչ դատարանը մերժել է պաշտպանների բողոքը

Վերաքննիչ հակակոռուպցիոն դատարանի դատավոր Ժենյա Մելիքսեթյանը մերժել է գործարար, բարերար Սամվել Կարապետյանի խափանման միջոց` տնային կալանի փոփոխության հետ կապված փաստաբանների բողոքը։ Այս մասին ֆեյսբուքյան էջում հայտնել է Կարապետյանի փաստաբանական թիմի անդամ Արամ Վարդևանյանը։

«Որոշումը ստանալուն պես անպայման կներկայացնենք իրավունքի նկատմամբ հերթական խայտառակության մանրամասները, բայց սա ակնհայտ ցույց է տալիս, որ օրվա իշխանությունների վախերն անչափելի են, իսկ քաղաքական հետապնդումն անվիճելի: Իրար հերթ չտալով խոսում են Սամվել Կարապետյանի խոսքի ազատության սահմանների մասին, միաժամանակ վախենում են նույնիսկ վերացնել այս աբսուրդային սահմանափակումներն ու խափանման ինտենսիվ միջոցը, երբ չկա ու չկար որևէ հիմք այն պահպանելու համար»,– ասել է նա:

Վարդևանյանը կրկին արձանագրել է, որ Կարապետյանին կալանքի տակ պահելը ժողովրդավարության նկատմամբ ծաղր է։

«Սամվել Կարապետյանի այլևս 260 օր տևող ազատության ինտենսիվ սահմանափակումն առանց որևէ իրավական տվյալի` պարզապես հրապարակայնորեն մեր Մայր Աթոռը պաշտպանող խոսքի համար, չի կարող լինել իրավաչափ, չի կարող լինել օրինական, չի կարող լինել ողջամիտ, չի կարող լինել համաչափ»,– հավելել է Վարդևանյանը։

Sputnik Արմենիա