«Ուժեղ Հայաստան» կուսակցության առաջնորդ, գործարար, բարերար Սամվել Կարապետյանի Սամվել Կարապետյանի գործով առաջին դատական նիստը ՀՀ հակակոռուպցիոն դատարանում տեղի կունենա ապրիլի 15–ին, ժամը 10։30–ին։ Sputnik Արմենիային այս մասին հայտնեց փաստաբան Լիանա Գասպարյանը։
ՀՀ հակակոռուպցիոն դատարանի մամուլի ծառայությունից Sputnik Արմենիայի հետ զրույցում ասացին, որ գործը, մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել է դատարան։
«Գործը մակագրվել է դատավոր Վահե Դոլմազյանին»,- հայտնեցին դատարանից:
Նշենք, որ Դոլմազյանը հայտնի է մի շարք գործերով, այդ թվում՝ պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանի, ՀՀ նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանի, ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանի, դատավոր Արուսյակ Ալեքսանյանի և փաստաբան Էրիկ Ալեքսանյանի գործերից։
Դոլմազյանն է քննել նաև ԲԴԽ նախկին նախագահ Ռուբեն Վարդազարյանի, ՀՀ նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի դստեր դեմ հարուցված քրգործերը։
Հիշեցնենք` 2024թ․ հայտնի դարձավ, որ արդարադատության այն ժամանակվա նախարար Գրիգոր Մինասյանը միջնորդություն էր ներկայացրել ՀՀ բարձրագույն դատական խորհուրդ՝ Վահե Դոլմազյանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու համար։
Ի դեպ, նախկինում Վահե Դոլմազյանը դատախազ է եղել։ Հենց նա է եղել ԵԿՄ նախկին նախագահ Մանվել Գրիգորյանի «տուշոնկի» գործով մեղադրող դատախազը։
