Գործարար, բարերար Սամվել Կարապետյանի պաշտպանության թիմը ողջունել է Եվրոպական խորհրդարանի իսպանացի պատգամավոր Նաչո Սանչես Ամորի` Եվրանեսթի խորհրդարանական վեհաժողովում արված հայտարարսությունը։ Պաշտպանական թիմի հայտարության մեջ նշված է, որ խոսքի ազատությունը, խաղաղ հավաքների իրավունքը և քաղաքական բազմակարծությունը ժողովրդավարության հիմնասյուներն են և չեն կարող սահմանափակվել քրեական հետապնդումներով։
Ինչպես հայտնել ենք, հոկտեմբերի 28–ին ՀՀ Ազգային ժողովում Եվրանեսթի խորհրդարանական վեհաժողովի քաղաքական, մարդու իրավունքների և ժողովրդավարության հարցերի հանձնաժողովի նիստի ժամանակ Եվրոպական խորհրդարանի իսպանացի պատգամավոր Նաչո Սանչես Ամորը քննադատեց ՀՀ իշխանություններին, որ ՀՀ–ում մարդուն կալանավորում են կարծիք արտահայտելու համար։ Նա նշեց, որ ԵՄ անդամ դառնալու հավակնորդ երկրի կողմից նման գործելաճոն անթույլատրելի է։
«Եվրոպացի գործընկերների ուշադրությանն ենք հրավիրում ազգային բարերար Սամվել Կարապետյանի շարունակական ակնհայտ հակաիրավական կալանքի վրա, որն արդեն ավելի քան 130 օր գտնվում է ապօրինի ազատազրկման մեջ՝ միջին ծանրության հանցագործության աբսուրդային մեղադրանքով, առանց արդար դատավարության և թափանցիկ իրավական երաշխիքների ապահովման։ Նույն մտահոգությունը վերաբերում է նաև «Մեր ձևով» շարժման ներկայացուցիչ, փաստաբան Ռուբեն Մխիթարյանի՝ Գյումրիում իրականացված ապօրինի ձերբակալությանը և դրան հաջորդած կալանքին, որոնք վկայում են ակնհայտ քաղաքական շարժառիթներով պայմանավորված քրեական հետապնդումների վտանգավոր միտման մասին»,–ասված է հայտարությունում։
Սամվել Կարապետյանի պաշտպանական թիմը նշել է, որ ցնցող բնույթ է կրում նաև նախկինում երբևէ չարատավորված երեք հանրային հեղինակություն վայելող սրբազանների տևական և անհիմն կալանքները:
Ըստ նրանց` իշխանության այս գործողությունները հակասում են ՀՀ միջազգային պարտավորություններին՝ խախտելով Արդար դատավարության (ՄԻԵԿ 6), Ազատության և անձնական անձեռնմխելիության (ՄԻԵԿ 5), ինչպես նաև Արտահայտվելու և հավաքների ազատության (ՄԻԵԿ 10 և 11) իրավունքները։ Ընդգծել են, որ իրական եվրոպական ինտեգրումը սկսվում է ոչ թե Բրյուսելում, այլ Հայաստանում, որտեղ պետք է ապահովվի յուրաքանչյուր քաղաքացու խոսքի ազատությունը, արժանապատվությունն ու իրավունքների պաշտպանությունը։
Sputnik Արմենիա
