Այսօր Սննդամթերքի տեսչական մարմինը, արձագանքելով լրագրող Նաիրի Հոխիկյանի՝ ալյուրի մասին գրառմանը, մի ուշագրավ հայտարարություն ու բացահայտում է արել։
«Որակի ցուցանիշների փորձարկումների շրջանակում՝ ըստ սպիտակուցի զանգվածային մաս, սոսնձանյութի քանակություն, խոնավություն և զգայաբանական (գույն, հոտ) ցուցանիշների, Ռուսաստանի Դաշնության նմուշը համապատասխանել է 2-րդ, իսկ Ղազախստանի Հանրապետության նմուշը՝ 3-րդ կարգի ցորենին»,-հայտնել է տեսչական մարմինը։
Հիշեցնենք, որ ղազախական ԶԼՄ-ներնը գրել էին, 15 վագոնով Հայաստան արտահանած 1000 տոննա ցորենը 4-րդ կարգի է, «որը կարող է օգտագործվել ինչպես ընդհանուր նշանակության ալյուրի, այնպես էլ համակցված կերերի արտադրության համար»։ Ցածրորակ ալյուրի ներկրման շուրջ բավականին թեժ քննարկումներ ծավալվեցին Հայաստանում, մարդիկ քննադատեցին կառավարությանը՝ նման որակի նման ծավալի հացահատիկը շուրջ բարձրացրած աղմուկի, գերագնահատման համար։
Պարզվում է, այդ ցածր սորտի ցորենը, ՍԱՏՄ ձեռքի տակով անցնելուց հետո բարձր հատկանիշներ է ձեռք բերել ու «բարելավվել» իր դիրքերն ու որակները։ Սա բազմաթիվ հարցեր է առաջացրել «Իրազեկ և պաշտպանված սպառող» ՀԿ նախագահ Բաբկեն Պիպոյանի մոտ։
«ՍԱՏՄ տարածած այս հաղորդագրությունը գիտելիքի պակասի ու ինքանվստահության մասին է։ Նման արդյունքներ ստացած իրեն հարգող լուրջ կառույցն առնվազն պետք է ընկներ մտածմունքների մեջ։ Եթե ղազախական կողմը պաշտոնապես հայտարարում է, որ արտահանել է 4-րդ կարգի ցորեն, դա նշանակում է, մենք պետք է հասկանանք, այդ հացահատիկը համապատասխանո՞ւմ է չորրորդ կարգի հատկանիշներին։ Լավագույն դեպքում ներկրված հացահատիկը կարող է լինել 4-րդ կարգի, վատագույն դեպքում՝ 5-րդ կարգի։ Բայց չգիտես ինչպես հրաշք է տեղի ունենում, 4-րդ կարգի ցորենը, երբ հասնում է Հայաստան, դառնում է 3-րդ կարգի»,-Panorama.am-ի հետ զրույցում ասաց փորձագետը։
Նա վստահ է, եթե ղազախներն իմանան իրենց 4-րդ կարգի ցորենը Հայաստանում դառնում է 3-րդ կարգի, բոլոր արտահանումները կկազմակերպեն Հայաստանի միջոցով, քանի որ 3-րդ կարգի ցորենն անհամեմատ ավելի թանկ է։
ՀԿ նախագահը վստահ է, պրոֆեսիոնալ մոտեցման դեպքում փորձաքննության արդյունքները հրապարակած կառույցը պետք է հասկանար, թե ինչն են սխալ արել՝ նմուշառո՞ւմն են սխալ արել, փորձարկման ցուցանիշնե՞րն են թերի ընտրել, թե՞ մեկ այլ պատճառ կա։ Թե ինչի հետևանքով է այդ ցորենը դարձել որակյալ Հայաստանում, Պիպոյանն ասել չի կարող, բայց շատ ավելի տարօրինակ մի բան է նկատել։
«Ներմուծվող ապրանքների լաբարոտար փորձաքննությունը չի իրականացնում պետական լաբորատորիան, դա իրականացնում են մասնավոր լաբորատորիաները։ Սակայն կցված փաստաթղթերից երևում է, որ փորձաքննությունն արվել է պետական լաբորատրիայում։ Հետևաբար, կարելի է պնդել, որ ղազախական ցորենի փորձաքննությունն իրականացվել է ոչ թե սահմանային վերահսկողության շրջանակում, այլ ուրիշ ընթացակարգով, գուցե հանրային բողոքներն ու դժգոհությունները հաշվի առնելով են փորձաքննություն իրականացրել։ Բայց ստուգումն ուղիղ ապացույցն է այն բանի, որ սահմանային հսկողություն չի իրականացվել»,-մանրամասնեց նա։
Բ. Պիպոյանը պնդում է՝ ՍԱՏՄ-ն պետք է պարզաբանի, թե ինչու է այդ փորձաքննությունն իրականացրել պետական լաբորատորիան և ինչ ընթացակարգով,
«Սա ընթացակարգի շեղում է, որը հարցեր է առաջացնում։ Օրինակ, ներկրված ցորենի նմուշառումն իրականացվել է սահմանի՞ն, թե՞ ներկրելուց հետո։ Ի վերջո հարց է ծագում, Ադրբեջանի տարածք մտնելով ու դուրս գալով ապրանքն իր ռիսկայնությունը փոխո՞ւմ է, թե՞ ոչ։ Եթե այն ռիսկայանությունը փոխում է, մենք պետք է սահմանին հսկենք, իրականացնենք սահմանային հսկողություն, այդ պարագայում ՍԱՏՄ-ն հրապարակած կլիներ մասնավոր լաբորատորիայի կողմից իրականացրած փորձաքննության արդյունքները, ոչ թե պետական լաբորատորիայի»։
ՀԿ նախագահը նաև ուշադրություն է հրավիրում փաստին, որ պետական, տեսչական մարմինները շատ հաճախ արձագանքում են ոչ թե պրոֆեսիոնալ, ճիշտ, այլ խոցելի հարցադրումներին՝ ուրախանալով, որ ասելու բան գտան։
«Մենք չպետք է թույլ տանք, որ մոլորեցնեն հասարակությանը։ Նորից կրկնում եմ հարցերը՝ ինչպե՞ս է ստացվում, որ 4-րդ կարգի ցորենը գալիս է Հայաստան ու դառնում 3-րդ կարգի։ Կներեք, ղազախներն ապո՞ւշ էին, չէի՞ն հասկանում, որ էժան ապրանքի անվան տակ թանկ ապրանք են առաքել։ Ինչո՞ւ է այդ ցուցանիշները ստուգել պետական լաբորատորիան, արդյո՞ք բոլոր ցուցանիշներով է ցորենը ենթարկվել փորձաքննության, որոնք սահմանված են կանոնակարգերով՝ և որակական, և անվտանգության։ Ինչպե՞ս են ընտրվել փորձաքննվող ցուցանիշները։ Եթե բոլորը չեն ընտրել, ինչո՞ւ չեն ընտրել։ Այս հարցադրումներին թող պատասխանի լիազոր մարմինը, որպեսզի կարողանանք անել ոչ թե ենթադրություններ, այլ փաստահեն պնդումներ»,-ընդգծեց Բաբկեն Պիպոյանը։
Panorama.am
