Հստակ ժամկետ, թե երբ կսկսվեն «Turkish Airlines»-ի` Հայաստանի ուղղությամբ չվերթերը, դեռ չկա։ Այսօր ԱԺ ճեպազրույցների ժամին այս մասին ասաց ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Սարգիս Խանդանյանը։
Ավելի վաղ հայտնել էինք, որ թուրքական «Turkish Airlines» ավիաընկերությունը հայտարարել էր, որ նախատեսում է թռիչքներ իրականացնել դեպի Հայաստանի մայրաքաղաք։
«Չգիտեմ՝ երբ կլինի, քանի որ կան տեխնիկական հարցեր, սակայն մի բան հստակ է, որ տեղի կունենան առաջիկայում։ Կան տեխնիկական հարցեր և իրավական հարցեր, լիցենզիայի հետ կապված հարցեր»,- ասաց նա։
Միևնույն ժամանակ իշխանական պատգամավորը հիշեցրեց, որ թուրքական ավիաուղիների մուտքը հայկական շուկա արդեն տասնյակ տարիներ քննարկվում է։
«Սակայն քաղաքական պատճառներով Հայաստան չի մտել։ Բայց Հայաստանի ու Թուրքիայի հատուկ բանագնացների վերջին հանդիպմանը քննարկվել էր, ու հաղորդագրության մեջ կար նշում, որ օդային ավիափոխադրումների ոլորտում պետք է ակտիվացնել գործակցությունը։ Հետո թուրքական ավիաընկերությունը հայտնեց, որ սկսում է թռիչքներ դեպի Երևան»,- նշեց Խանդանյանը։
Նա վստահեցրեց, որ հայ-թուրքական հարաբերություններն ամբողջ ծավալով կարգավորելու համար որևէ խոչընդոտ չկա. ՀՀ-ն սպասում է թուրքական կողմի գործուն քայլերին։
Sputnik Արմենիա