Логотип

Սարգսյան․ Պետք է բացատրեն` Եզրաս սրբազանն ինչ ուղղությամբ է գործակցել ԽՍՀՄ ՊԱԿ-ի հետ

Հայաստանի Հանրապետության 3-րդ նախագահ Սերժ Սարգսյանը ո՛չ ՀՀ նախագահին առընթեր Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար եղած ժամանակ, ո՛չ նախագահության օրոք Ռուսաստանի և Նոր Նախիջևանի հայոց թեմի առաջնորդ Եզրաս արքեպիսկոպոս Ներսիսյանի՝ ԽՍՀՄ Պետական անվտանգության կոմիտեի (ՊԱԿ/КГБ) հետ գործակցության մասին տեղեկություն չի ունեցել։ Նա այսօր լրագրողների հետ զրույցում նշեց, որ ինքը նման հարցերով չի հետաքրքրվել։

Նշենք, որ իշխանական civic.am կայքը հրապարակել է տեղեկություն, ըստ որի՝ ՀՀ Ազգային անվտանգության ծառայությունում առկա տվյալների համաձայն՝ Եզրաս արքեպիսկոպոս Ներսիսյանը 1986-1988 թթ. համագործակցել է ԽՍՀՄ Պետական անվտանգության կոմիտեի հետ։ Նա Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ի եղբայրն է։

«Իմաստ չեմ տեսել հետաքրքրվելու՝ ով է գործակցել ԽՍՀՄ ազգային անվտանգության հետ։ Ենթադրենք, որ որևէ մեկը գործակցել է ԽՍՀՄ հատուկ ծառայությունների հետ, իսկ ԽՍՀՄ կազմում էր նաև Հայաստանը։ Նրանք, ովքեր հատուկ բացասական երանգ են տալիս, պետք է բացատրեն՝ ինչ ուղղությամբ է համագործակցել։ Միգուցե գործակցել է հետախուզության ուղղությամբ և օգո՞ւտ է բերել ԽՍՀՄ-ին ու Հայաստանին։ Կարծում եմ՝ նման տվյալներ հրապարակելուց առաջ անհրաժեշտ է հանրությանը որոշ նրբություններ բացատրել, հակառակ դեպքում այդ հրապարակումը ոչ այնքան լեգիտիմ նպատակ է հետապնդում»,– ասաց Սերժ Սարգսյանը։

Միևնույն ժամանակ ՀՀ 3–րդ նախագահը շեշտեց, որ վեհափառը պատասխանատու չէ իր եղբոր արարքների համար։ Անդրադառնալով երեկ Մայր աթոռում տիրող իրավիճակին՝ Սերժ Սարգսյանը նշեց, թե փաստվեց, որ հանրությունն ի վիճակի է պաշտպանելու եկեղեցին։

Հիշեցնենք` ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հոկտեմբերի 22–ին ԱԺ ամբիոնից Ռուսաստանի և Նոր Նախիջևանի հայոց թեմի առաջնորդ, Եզրաս արքեպիսկոպոս Ներսիսյանին մեղադրեց օտարերկրյա գործակալ լինելու մեջ։

Sputnik Արմենիա