Логотип

«Սա էլ կանցնի, ոչինչ, «Մեր հավատքը անկոտրում է»․ միասնական աղոթք՝ Կոշի Սուրբ Գևորգ եկեղեցում

Նախօրեին Սուրբ Գևորգ եկեղեցում, Արագածոտնի թեմի Վարչական խորհրդի ատենապետ Հոգեշնորհ Տեր Շնորհք աբեղա Պալոյանի հանդիսապետությամբ, կատարվել է հերթական միասնական ժամերգությունը:

Ներկաներն աղոթք են բարձրացրել անազատության մեջ հանիրավի գտնվող թեմի առաջնորդ Մկրտիչ Սրբազանի, հոգևոր հայրերի, եղբայրների և զավակների, գերեվարված հայորդիների, հայրենիքի ու Սուրբ Եկեղեցու համար:

Ժամերգության ավարտին իր խոսքը ներկաներին ուղղել է Կոշի Սուրբ Գևորգ եկեղեցու հոգևոր հովիվ՝ Արժանապատիվ Տեր Ղևոնդ քահանա Գափոյանը: Տեր Ղևոնդը հույս է հայտնել, որ շուտով արդարություն կլինի ու Սրբազան Հայրերն ազատության մեջ կկարողանան իրենց աղոթքը բարձրացնել առ Աստված։

««Ստախոս շուրթերը պիղծ են Տիրոջ առաջ, իսկ հավատքով շարժվողն ընդունելի է Նրան», Առակաց 12:22: Այս է մեզ պատգամում Ավետարանը:

Կա չարիք, որը ոչ միայն հենց իր համար է չարիք, այլև ուրիշների, և այդ շարքից է սուտ վկայությունը: Նմանատիպ մարդկանց մեջ ոճրագործության չափը կրկնապատկվում է, որովհետև սուտ վկայություն տվողն իրեն կամովին չարքին է մատնում ու ուրիշներին քաշում դրա մեջ։ Սուտ վկայությունը վնասում է դիմացինին՝ ենթարկելով տանջանքի:

Ամեն ինչին ժամանակ կա, սա էլ կանցնի, ոչինչ, մեր հոգևոր հավատքը անկոտրում է։ Ինձ համար շատ կարևոր է հայրենիքիս խաղաղությունը, ինչպես նաև հոգևոր ազատությունը։ Իմ հայրենիքը պետք է շեն լինի, ազատ հավատքով ապրի։ Ուզում եմ իմ Առաջնորդ Սրբազան Հոր, ինչպես նաև մյուս հոգևոր ծնողներին աղոթքով ձեզ գլխավորելիս տեսնենք, ազատության մեջ: Ես վստահ եմ, որ հիմա մեր Առաջնորդը հոգով, մտքով, աղոթքով մեզ հետ է և այս պահին նրա բացակայությունը միայն ֆիզիկապես է…»,- ասել է Տեր Ղևոնդը:

Միասնական ժամերգությունն ավարտվել է Հայր Սուրբի Պահպանիչ աղոթքով:

Արագածոտնի թեմից հայտնում են, որ փետրվարի 12-ին, ժամը 19:00-ին միասնական ժամերգությունը տեղի կունենա Արուճի Սուրբ Աստվածածին եկեղեցում:

News.am