Логотип

ՍԱ ՌԱԶՄԱՎԱՐԱԿԱՆ, ՊԵՏԱԿԱՆ ԶԻՋՈՒՄ Է՝ ԱՆՇՐՋԵԼԻ ՀԵՏԵՎԱՆՔՈՎ․ ՔԱՂԱՔԱԳԵՏԸ՝ ՄԻՆՍԿԻ ԽՄԲԻ ԼՈՒԾԱՐՄԱՆ ՄԱՍԻՆ

ԵԱՀԿ-ի՝ Մինսկի գործընթացը փակելու պաշտոնական հաղորդագրությունն Արցախյան պետականության հերթական հիմքի պաշտոնական փլուզման արձանագրությունն է, որը ստորագրվել է Հայաստանի ներկայիս իշխանությունների քաղաքական և ռազմավարական կամքի հետևանքով․ Facebook-ի իր էջում գրում է քաղաքագետ Վլադիմիր Մարտիրոսյանը։

«Փաշինյանի իշխանությունը պաշտոնապես դադարեցրեց Արցախի հարցի միջազգային իրավական ձևաչափը, որը եղել է Հայաստանի համար այն հիմնական միջազգային հարթակը, որտեղ Արցախի ինքնորոշման իրավունքը, Արցախի ժողովրդի անվտանգության հարցը և հակամարտության քաղաքական կարգավորման միջազգային օրակարգն ուժեղ իրավական ու քաղաքական դիրք և հիմք ուներ։

Այժմ այս որոշմամբ Հայաստանի ձեռքով փակվեց այն մեկ մարմինը, որը գոնե տեսական մակարդակով պահպանում էր Արցախի հարցի իրավաքաղաքական ներկայությունը միջազգային համակարգում և այն այլևս հանվում է միջազգային օրակարգից ամբողջությամբ և վերջնական։ Դա արվում է Հայաստանի ու Ադրբեջանի համատեղ դիմումով։

Փաշինյանն ու Ալիևը հանդես են եկել որպես համատեղ օրակարգ ձևավորող կողմեր՝ «Համատեղ դիմում Հայաստանի և Ադրբեջանի կողմից»։ Սրանով Հայաստանը պաշտոնապես հրաժարվել է Արցախի հարցում սուբյեկտ լինելուց։

Հայաստանը ընդունել է Ադրբեջանի տրված բնորոշումներին։ Հայաստանը միջազգային համակարգին հայտնել է, որ «հակամարտություն այլևս չկա»։

Այսինքն, իշխանությունը, միջազգային իրավունքի լեզվով, ավարտում է Արցախի հարցը որպես քաղաքական ու իրավական խնդիր։ Այսինքն, տեղի է ունեցել պետական իրավական հրաժարում, որով Փաշինյանը ստորագրությամբ դնում է Արցախի ժողովրդի քաղաքական-միջազգային օրակարգի վերջը։

Այն փաստը, որ այս փակման հիմքում դրված է մի փաստաթուղթ՝ ստորագրված Նիկոլ Փաշինյանի և Իլհամ Ալիևի կողմից Վաշինգտոնում, միաժամանակ հաստատում է, որ ՀՀ իշխանությունը ամբողջովին անցել է Բաքվի կողմից գծված «հաշտեցման» ճանապարհին, որը ոչ թե խաղաղություն է, այլ Հայաստանի կողմից պարտության լիակատար ընդունում է և քաղաքական կապիտուլյացիա։

Այսպիսով՝

– Հայաստանը կորցրեց Արցախին վերաբերող բանակցային միջազգային գործիք։

– Հայաստանը ինքնակամ հրաժարվեց միջազգային կառույցների միջոցով արցախահայության իրավունքների պաշտպանության հնարավորությունից։

– Հայաստանը բացեց ճանապարհ Ադրբեջանի տարածքային պահանջատիրությունը խորացնելու, քանի որ զիջեց իրավական բալանսի վերջին լծակը։

– Հայաստանը դարձավ ոչ թե սուբյեկտ, այլ հրաժարումով փաստացի դարձավ Ադրբեջանի բոլոր ապագա հնարավոր նկրտումները լեգիտիմացնող կողմ՝ տալով հրաժարման նախադեպ:

Սա պարզապես արտաքին քաղաքական սխալ չէ։ Սա ռազմավարական պետական զիջում է՝ անշրջելի հետևանքով։ Այս որոշմամբ Փաշինյանի իշխանությունը կատարեց այն, ինչին նույնիսկ պատերազմով չհաջողվեց հասնել Ադրբեջանին: Հայաստանը պաշտոնապես հրաժարվեց Արցախի հարցից, միջազգային իրավունքի ամբողջ կառուցվածքի կիրառումից։

Սա ապացույցն է այն բանի, որ թե՛ նախկինում, թե՛ ապագայում իշխանության ցանկացած արդարանալու փորձ, մեղքը գցել նախկինների, Ռուսաստանի, Արևմուտքի վրա, դառնում է քաղաքական սիմուլյացիա, քանի որ փաստաթուղթը պարզ է՝ Հայաստանը իր կամքով դիմել է Արցախի հարցը փակելու համար։

P.S. Այս քայլը լինելու է ապագա որևէ իշխանության համար ամենաբարդ վերականգնվող քաղաքական ու իրավական կորուստը, քանի որ այն ոչ միայն սահմանափակեց Հայաստանի մանևրելու հնարավորությունները, այլև հեռացրեց միջազգային իրավունքի սեղանից Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքը»,- նշել է քաղաքագետը։

ABC MEDIA