Логотип

ՍԴ դատավորների վարձատրությունը կավելանա

Սահմանադրական դատարանի դատավորների վարձատրությունն իր կառուցվածքով և չափերով համարժեք չէ վերջիններիս բարձր իրավական կարգավիճակին, սահմանադրական լիազորությունների ծավալին ու գործունեության համար բնորոշ բարձր պատասխանատվության աստիճանին: Այս մասին հայտնել է ՀՀ արդարադատության նախարար Սրբուհի Գալյանն ու հավելել, որ վերոնշյալով պայմանավորված էլ առաջարկվում է վերանայել ՍԴ դատավորների վարձատրության չափը:

Առաջարկվում է ՍԴ նախագահի, փոխնախագահի և ՍԴ դատավորների համար օրենքով սահմանել հավելավճար դատավորի պաշտոնում աշխատանքային ստաժի համար:

ՍԴ դատավորների 12-ամյա պաշտոնավարման ժամկետը հաշվի առնելով՝ աշխատանքային ստաժի հավելավճարը հաշվարկվում է առավելագույնը 11 տարվա համար և սահմանվում է աճողական կարգով՝ սկսած պաշտոնավարման 2-րդ տարվանից, 2-րդ տարում՝ 20 տոկոս, 3-րդ տարում՝ 35 տոկոս, 4-րդ տարվանից՝ յուրաքանչյուր հաջորդ տարում նախորդ տարվա չափից 10 տոկոսով ավելի:

Նախագծի անցումային դրույթների ուժով հավելավճարի հաշվարկման համար հաշվի են առնվելու օրենքն ուժի մեջ մտնելու դրությամբ ՍԴ դատավորի պաշտոնում աշխատած լրիվ տարիները, այսինքն՝ մեկնակետը ՍԴ նախագահի, փոխնախագահի, դատավորի պաշտոնը ստանձնելու պահն է:

2026 թվականի համար ՍԴ նախագահի, փոխնախագահների և 7 դատավորների մասով տվյալ պաշտոններում պաշտոնավարման դիմաց աշխատանքային ստաժի հիման վրա վճարելիք հավելավճարի մասով ենթադրվում է 46 մլն 775 հազար 40 դրամի ծախս, որը լրացուցիչ ծախսային պարտավորություն է:

Հարակից զեկույցում պատգամավոր Ալխաս Ղազարյանը ներկայացրել է Պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի դրական եզրակացությունը:

ԱԺ հերթական նիստում քննարկվել է «Պետական պաշտոններ և պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» օրենքում և «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքում լրացումներ նախատեսող օրենսդրական փաթեթը:

Verelq.am